Հղում

IMG_0161Ասում են, շա~տ ու շա~տ տարիներ առաջ, ամպերը ծովի ալիքներ են եղել, սակայն այնքան ժամանակ է անցել, որ ամպերը ոչինչ չէն հիշում այդ մասին:  Հենց այդ է պատճառը, որ մինչ օրս  շարունակվում է քամու ու ամպերի  ընկերությունը: Հիմա կպատմեմ ձեզ մի հետաքրքիր պատմություն, նրանց ընկերության մասին:

         Կար- չկար մի ամպիկ կար: Քամին ամեն օր խաղում էր նրա հետ այնպես, ինչպես տարիներ առաջ ծովի փրփուր ալիքների հետ էր խաղացել: Նա մեղմորեն փչում էր ամպիկի վրա և  նրա շնչից ամպիկը տարբեր ձևեր էր ստանում: Մեկ կախարդական ամրոցի էր նմանվում, մեկ թռչունների երամի,  մեկ սարերի ու ծառերի կերպարանք էր առնում ու միշտ անկրկնելի էր…

         Նրանք շարունակ, ինքնամոռաց խաղում էին և այդ խաղը երկուսին էլ դուր էր գալիս: Խաղն անշուշտ հետաքրքիր էր , սակայն ամենահետաքրքիր խաղն անգամ ժամանակի ընթացքում ձանձրացնում է: Գուցե դա էր պատճառը, որ անփույթ քամին հաճախ էր հեռանում ամպիկից և հեռո~ւ- հեռո~ւներում իրեն բնորոշ խաղերով էր տարվում:

         Մինչ քամին հասցնում էր աշխարհով մեկ շրջել, ամպիկը շարունակ կախված էր մնում նույն տեղում, որտեղ քամին անփութորեն թողել էր իրեն: Երբ միայնակ էր լինում, տխրությունը ցրելու նպատակով՝ փորձում էր ինչ- որ բանով զբաղվել: Սակայն երբ քամին երկար ժամանակով էր բացակայում, ամպիկը հուսահատությունից տխրում էր:

-Դե իհարկե’, քամին անկասկած լավ է զգում իրեն,- մտածում էր  նա,- չէ՞ որ ինքն ամեն ինչ գիտի ու շատ բաներ է կարողանում : Ասենք՝ օրինակ փողոցները, պտտել հողմաղացները, փչել առագաստները, թռչող օձերը երկինք բարձրացնել…: Իսկ ես` հիմարս, շարունակ սպասում եմ, թե նա երբ  կվերադառնա:

          Օրերից մի օր ամպիկն այլևս չկարողացավ թաքցնել իր տխրությունը և խոստովանեց ընկերոջը, թե որքան միայնակ է  առանց նրա: Քամին ուշադիր լսեց հուսահատ ընկերոջն ու զարմանքով հարցրեց.

—        Իսկ  դու ինչո՞ւ քեզ համար նոր ընկերներ չես փնտրում: Եթե կամենաս, ես քեզ կօգնեմ ու կտանեմ այտեղ, որտեղ նոր ընկերներ փնտրելու հնարավորություն կունենաս: Երբ ընկերներ ունենաս, այլևս չէս տխրի:

—        Ես շատ եմ ցանկանում ընկերներ ունենալ,- ուրախացած պատասխանեց ամպիկը:

Քամին երկար չսպասեց, նա անմիջապես առավ ամպիկին իր թևերի վրա ու տարավ այնտեղ, որտեղ միշտ երեխաներ էին խաղում:

-Ա~յ քեզ ուրախություն,- երեխաներին տեսնելով բացականչեց ամպիկը,- ինչ լավ է, ես կընկերանամ նրանց հետ ու այլևս չեմ տխրի:

Ամպիկը երկնքից կախված, անհամբեր սպասում էր թե երեխաները երբ իր վրա ուշադրություն կդարձնեն: Ժամանակն անցնում էր իսկ նրան կարծես ոչ ոք չէր էլ նկատում: Շուտով ամպիկը ձանձրույթից ու սպասումից սկսեց տխրել: Հանկարծ հողաթմբի մոտ կանգնած երեխաներից մեկը նկատեց նրան, որովհետև երեկ ծաղկի սերմ էր ցանել ու անհամբեր անձրևի էր սպասում:

— Գոնե մի քիչ անձրև տեղար ու թրջրեր հողը: Առանց ջրի իմ ցանած սերմը չի աճի իսկ ես չեմ կարող ջրհորից միայնակ ջուր վերցնել: Բոլորն իրենց խաղերով են տարված ու իմ ծաղիկն իրենց չի էլ հետաքրքրում,- հուսահատ մտածեց աղջնակը ու նայեց իր գլխավերևում կախված ամպիկին:

Վերջապես նկատեց ինձ,- մտածեց ամպիկն ու ուրախությունից փքվեց:

Չէ՛, այսօր էլ անձրև չի գա, երկնքում ընդամենը մի փոքրիկ ամպիկ կա,- հուսահատ ասաց աղջիկն ու սկսեց լաց լինել:

 Ամպիկը նկատեց աղջկա տխրությունն ու այնքան վիրավորվեց, որ նույնպես  արտասվեց:

_ Ու~խ, ո~ւխ, անձրև եկավ,- ուրախ բացականչեց աղջիկն ու ձեռքերը թափահարելով ողջունեց ամպիկին:

Անձրևն ուրախացրեց նաև բակում խաղացող երեխաներին, որովհետև նրանք ստիպված չէին լինի դույլերով ջրել փոքրիկ բանջարանոցը:

-Տե՛ս է, ինչ ուժեղ ամպիկ է: Ինչպես է կարողանում այսպիսի առատ անձրև բերել,- զարմացած ասում էին երեխաները` նայելով իրենց գլխավերևում կախված փոքրիկ ամպիկին:

Ամպիկի ուրախությանը չափ չկար:Կարծես թե նրան հաջողվել էր նոր ընկերներ ձեռք բերել:

Երբ արևն սկսեց մայր մտնել, երեխաներն աստիճանաբար ցրվեցին, իսկ ամպիկը կրկին մնաց միայնակ: Գիշերը, երբ բոլորը քնած էին, նա այնքան խոնավություն կուտակեց, որ մեծացավ ու ավելի փքվեց: Լույսը բացվելուն պես, փքված ամպիկն այպիսի անձրև տեղաց, որ հեղեղեց շուրջբոլորը: Բայց արի ու տես, որ երեխաներին դա բոլորովին էլ դուր չեկավ և նույնիսկ մեծ դժգոհություն առաջացրեց: Բոլորը սկսեցին փնթփնթալ ու դժգոհել նրանից: Ամպիկը նկատելով այդ` զարմանքից լռեց: Երբ հեղեղը դադարեց, աղջնակն անմիջապես դուրս վազեց տանից ու մոտեցավ հողաթմբին: Տեսնելով կոտրված ծիլերը, նա տխրեց ու սկսեց մեղադրել ամպիկին:

-Այս ի՞նչ արեցիր, ա՛յ անպետք, դու կոտրեցիր իմ նորածիլ  ծաղիկը: Քո պատճառով այն էլ երբեք չի ծաղկի:

Աղջնակը փորձում էր վեր բարձրացնել ծիլերը, բայց ապարդյուն. դրանք այլևս չէին կարող նախկինի պես վեր ձգվել:

Ամպիկն այնքան էր շփոթվել, որ չէր հավատում իր ականջներին: Նա այնքան էր ցանկանում օգտակար լինել, բայց ճիշտ հակառակը ստացվեց:

-Ես էլ երբեք չեմ կարողանա ընկերանալ նրանց հետ,- լացակումաց փնթփնթաց նա և այնքան հուզվեց, որ չկարողացավ զսպել արցունքները: Անձրևը հեղեղի պես թափվեց երկնքից: Բոլորը շտապեցին իրենց տները և ամպիկը կրկին մենակ մնաց: Նա արտասվեց մինչև արցունքի վերջին կաթիլը  և ցրվեց երկնքում: Կրկին եկավ գիշերը: Բոլորը քնեցին, սակայն նա ոչ մի կերպ չէր կարողանում փակել աչքերը:

-Տեսնես որտե՞ղ եմ սխալվել, ո՞րն է իմ մեղքը: Չէ՞ որ երեկ տեղացած անձրևը երջանկացրեց բոլորին , իսկ այսօր չեմ հասկանում, թե ինչ կատարվեց,- մտածում էր նա, երբ հանկարծ խենթ քամու շունչը զգաց: Նա այնքան ուրախացավ, որ նույնիսկ մի պահ մոռացավ կատարվածը:

-Քամի՛, իմ սիրելի՛ ընկեր, ինչ լավ է, որ կրին վերադարձար: Ես հիմա ամենից շատ քո կարիքն ունեմ: Դու իմ միակ ընկերն ես, առանց քեզ ես միայնակ եմ: Խնդրո՛ւմ եմ, չլքե՛ս ինձ, լա՞վ:

Քամին լսեց ամպիկի հուսահատ խոսքերը ու զարմանքով հարցրեց.

—        Մի՞թե քեզ չհաջողվեց որևէ մեկի հետ ընկերություն հաստատել:

Հենց այդ ժամանակ ամպիկը պատմեց գլխին եկածն ու տխուր ավելացրեց.

-Ես ոչ ոքի պետք չեմ, ես անպիտանի մեկն եմ: Ինձ ոչ ոք չի սիրում:

-Ի՞նչ ես ասում, այդպես չէ՛: Դու պարզապես չե՛ս կարող միաժամանակ բոլորի համար օգտակար լինել: Չէ՞ որ դու ընդամենը մի փոքրիկ ամպիկ ես, իսկ մարդիկ  տարօրինակ արարածներ են: Նրանք միշտ ինչ –որ բանից դժգոհ են: Երջանիկ լինելու համար նրանց միշտ ինչ-որ բան պակասում է: Ա՛յ օրինակ քո կարծիքով ես ինչպիսի՞ն եմ: Լա՞վն եմ, թե` վատը:

-Իհարկե՛ լավն ես,- համոզված պնդեց ամպիկը:

-Տեսնո՞ւմ ես, դու այդպես ես կարծում, սակայն հաճախ ես նեղանում ինձնից ու վիճում հետս, երբ երկար ժամանակով հեռանում եմ քեզնից:  Իսկ երբ ընդհանրապես կորչեմ ու հեռուներ սլանամ, դու էլի կշարունակե՞ս կարծել, որ ես լավն եմ:

-Այդ խոսքերը լսելով՝ ամպիկը մռայլվեց ու կիտեց հոնքերը:

-Ա’յ տեսնո՞ւմ ես, հենց սրա մասին էի պատմում քեզ: Դու դեռ փոքրիկ ես ու չգիտես, որ այս աշխարհում ամեն ինչ տարօրինակ է: Այն, ինչ տխրեցնում է շատերին, կարող է երջանկացնել մի քանիսին և՝ հակառակը: Հիշո՞ւմ ես, երբ մենք երջանիկ ճախրում էինք երկնքում, չէինք էլ նկատում, որ նավագնացները ստիպված են  լինում պայքարել ահեղ փոթորկի դեմ:

Ահա՛, այսպիսին եմ ես: Երբ ուժգին փչում եմ, ամեն ինչ խառնում ու քանդում եմ, երբ կանգ եմ առնում, բոլորը տոթից շնչահեղձ են

լինում: Այնպես որ, չես կարող միաժամանակ բոլորին ուրախություն պատճառել: Պարզապես պետք է զգաս, թե ում համար ես ամենից կարևոր և այնպես անես, որ քո արաքները նաև քեզ հաճույք պատճառեն: Ամենագլխավորն էլ հենց դա է, որովհետև միշտ չէ, որ բոլորիս ցանկությունները համընկնում են: Ավելի խորաթափանց լինելու դեպքում, նույնիսկ կարող ես զգալ, թե մյուսները քեզնից ինչ են ակնկալում: Դե՛, ձախողվելու դեպքում էլ, կարծում եմ չարժե հիասթափվել: Գուցե քո անձրևը երեկ երջանկացրել է բոլորին, իսկ այսօր այն ոչ ոքի հարկավոր չէ: Սխալներից չարժե՛ հիասթափվել: Անգամ սխալնե’րն են օգտակար, որովհետև դրանք ուղղելու ճանապարհին կարող ես նոր ձեռքբերումներ ունենալ, ով գիտե, գուցե նոր ընկերներ գտնես: Պարզապես ամեն ինչ ունի իր ժամանակը և եթե ցանկանում ես վերափոխվել, հարկ է ճիշտ կողմնորոշվես, թե՝ումից ինչ կաչող ես սովորել:

—        Քամի՛, ի՜նչ իմաստուն ես , որտեղի՞ց ես սովորել այս ամենը:

—        Բավակա՛ն է հարցեր տաս, քնի՛ր, առավոտը գիշերվանից իմաստուն է:

Վաղ առավոտյան արևը կրկին արթնացավ ու  շողերը պատուհաններից ներս տարածելով՝ սկսեց խուտուտ տալ  քնկոտներին: Բոլորն արթնացան քնից և քիչ անց բակը կրկին լցվեց երեխաների ուրախ աղմուկով:

-Ի՜նչ լավ, արևոտ օր է,- բացականչեցին մի քանիսը: Այսօր անձրև չի գա ու բակում ավելի երկար կխաղանք:

-Չե՛ս կարող ասել,- կասկածանքով ասաց տղաներից մեկը՝ հայացքն ուղղելով դեպի երկինք: Ա՜յ քեզ զարմանք, երեկվա ամպիկը դեռ կախված էր երկնքում: Երբ բոլորը հայացքներն ուղղեցին դեպի վեր, մի զարմանալի կերպարանափոխություն սկսվեց:

-Տեսե՜ք, տեսե՜ք, սա ամպիկ չէ՛, այլ՝ ձիուկ,- հիացած բացականչեց երեխաներից մեկը:

-Ո՛չ, սա ձիուկ չէ’, այլ՝ հեծյալ, ապա նայե՛ք ինչպիսի նիզակ ունի,- համոզված ուղղեց տղաներից մեկը:   

-Դուք ոչինչ էլ չեք հասկանում, սա հեքիաթային դղյակ է, ահա երևաց նաև չքնաղ արքայադուստրը,- հայացքը դեպի երկինք ուղղած՝ հիացմունքով ասաց փոքրիկ աղջնակը:

Երեխաները նայում էին ամպիկին, իսկ նա շարունակ կերպարանափոխվում էր ու հիացնում նրանց՝ անթիվ- անհամար անկրկնելի պատկերներ ցուցադրելով: Ամեն ինչ այնքան հիասքանչ էր, որ դրանց նայելով կարելի էր բազմաթիվ հրաշալի պատմություներ հորինել:

      Ասում են, որ այդ օրվանից սկսած, բոլոր երեխաները և այն մեծահասակները, որոնք դեռ հրաշքների են հավատում, սիրեցին ամպերի խաղը: Եվ ո՞վ գիտե, գուցե այդ խաղի շնորհիվ են ստեղծվել աշխարհի ամենագեղեցիկ և զարմանալի հեքիաթները:

Ահա թե ինչպես մեր ամպիկը շատ ու շատ ընկերներ ձեռք բերեց և երբ քամին հեռուներ էր սլանում, նա չէր հուսահատվում, որովհետև շատերի հայացքներն էին իրեն ուղղված: Բոլորը հրաշքների էին սպասում, և ամպիկը ոչ ոքի չէր հիասթափեցնում: Իսկ ամենից կարևորն այն էր, որ նա դադարեց իրեն ամենից վատը համարել, քանի որ երբեք չեր մոռանում քամու խոսքերը:

Ամպիկը չէր մոռանում, իսկ՝ դո՞ւ:

Ռուսերենից թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s