Աշխատանք ռոդարիական հնարներով`Դ. Սոկոլովի «Ծույլ գետ» հեքիաթի շուրջ

 

Մեր դասի թեման՝,, Մրջնանոց,,-ն էր: Միասին ընթերցում էինք նյութը, վերլուծություններ և համեմատություններ անում: Նոր թեմային անցում կատարելու համար` երեխաներին առաջարկեցի դասից դուրս բերել այն բառերը, որոնց բարեկամ և հակառակորդ բառերը ծանոթ են իրենց: Ի վերջո հասանք ,,աշխատասեր,, բառին, որի հակառակորդ բառը ծուլությունն էր: Մենք  գրատախտակի վրա մեծ տառերով գրեցինք  «աշխատասեր» և «ծույլ» բառերը, հետո երեխաներին առաջարկեցի ,, աշխատասեր,, և ,,ծույլ,, բառեր կազմել: Երեխաները անհատական նոթբուքերում մուտքագրեցին  բառերը, հետո կարդացինք դրանք,  վերլուծինք, քննարկեցինք:

Բարեկամ և հակառակորդ բառեր /հոմանիշ և հականիշ բառեր /

Օրինակ՝

Աշխատասեր բառեր                                                                             Ծույլ բառեր

Մայրիկ                                                                                                 Քամի

տատիկ                                                                                                 գայլ

մեղու                                                                                                     բարձ

մրջյուն                                                                                                  քար

ծառ                                                                                                       ատամ

հավիկ                                                                                                   չգրող գրիչ

բերան                                                                                                    երեխա

աչքեր                                                                                                    գիշեր

ձեռքեր                                                                                                  պոչատ աղվես

ոտքեր                                                                                                   Անբան հուռի

գնդակ                                                                                                   հալած ծամոն

Դրանից հետո դեմ դիմաց գրված բառերն իրար միացնելով, հետքրքիր, անսովոր բառակապակցություններ կազմեցինք, որոնք միշտ էլ  նոր պատմությունների համար կարող են հետաքրքիր վերնագիր հանդիսանալ: Այսպիսով` կիրառեցինք նաև ռոդարիական  «Երևակայական երկանդամներ» հնարը:

Քանի որ քննարկման թեման,, ծուլություն,,-ն էր, առանձնացրիք այս բառը և սկսեցինք խաղալ «Լճակի մեջ նետված քարը»  հնարով: Երեխաներին ասում են իրենց մտքին եկած առաջին բառը կամ արտահայտությունը: Այս աշխատանքը արդյունավետ խթան է ցանկացած թեմայի շուրջ զրույց ծավալելու կամ աշխատանք սկսելու համար:

Օրինակ`                             անձրև        անկողին            քուն

արև                                                                                հանգիստ

Ծուլություն

արձակուրդ                                                                        ճանճ

փափուկ          կատու               Հուռի

 

Հաջորդ աշխատանքը ,,ծուլության քննարկումն էր:  Քննարկումների արդյունքում երեխաները ոչ միայն հնարավորություն են ունենում արտահայտել իրենց մտքերն ու զգացողությունները, ալյև սովորում են լսել իրար: Սովորույթ, որն անշուշտ կարևոր է դաստիարակել հենց կրտսեր տարիքից:

Ծուլությո´ւն, դու մեզ չե´ս խանգարի զրուցել  քո մասին

Ես կարծում եմ, որ ծուլությունն ապրում է ամպերի մեջ, որովհետև երբ ծուլանում եմ, նստում եմ պատուհանի մոտ և նայում նրանց: Մի պահ թվում է, որ ամպերը դանդաղ շարժվում են, բայց երբ ծուլությունս անցում է և իջնում եմ բակ, տեսնում եմ, որ անշարժ կախված են երկնքից:

Եվգենյա Մարտիրոսյան

Իմ կարծիքով ծուլությունն ապրում է քարերի մեջ, որովհետև քարերը միշտ անշարժ կանգնած են: Ծուլությունն էլ քարի պես ծանր է և ալարկոտ: Այն սիրում է անշարժ պառկել արևի կամ անձրևի տակ ու ոչինչ չանել:

Մարիա Պախուցկայա

Ծուլությունն ապրում է մարդկանց մեջ, որովհետև մարդիկ ամենածույլն են: Ծուլությունն էլ ամենաշատը սիրում է մարդկանց մեջ մտնել ու նրանց ծույլ դարձնել: նա մեկ-մեկ իմ մեջ էլ է մտնում ու ես ալարում եմ իրեն քշել: Իմ ծուլությունը արևն է տանում: Նա իր շողերը գցում է վրաս ու ծուլությունս արևի մեջ է մտնում: Արևը ծուլանում է ու հեռանում է քնելու:

Սյուզի Մարտիրոսյան

Իմ կարծիքով ծուլությունն արևն է բերում, որովհետև երբ արթնանում եմ ու տանից դուրս գալիս, արևը ծուլացնում է ինձ ու չի թողնում, որ գործ անեմ: Երբ ուսուցչուհիս մեզ բակ է տանում, որ այնտեղ աշխատենք, մենք ծուլանում ենք ու խելքներս քամուն ենք տալիս:

Հարություն Չրաղյան

Ծուլությունը լավ բան է, որովհետև մարդկանց թույլ է տալիս երազել ու հանգստանալ: Վատն այն է, որ ավարտվել չի սիրում: Հենց գալիս է, չի գնում: Պետք է զոռով քշես: Երբ ես ծուլանում եմ, մի փոքրիկ քամի է գալիս ու քշում է նրան: Գիտե՞ք արևի ծուլությունն էլ է քամին քշում:

Մնացականյան Ալեքսանդր

Ծուլությունը հողի մեջ է ապրում, որովհետև շատ է սիրում քարերի տակ պառկել: Երբ ես ծուլանում եմ, պապիկս իմ ծուլությունը ճանճասպանով է քշում: Այն փախչում է ինձնից ու թաքնվում խոտերի մեջ: Ես ազատվում եմ նրանից ու չեմ ուզում, որ նորից վերադառնա:

Վարսանյան Անահիտ

Ծուլությունը քամու մեջ է ապրում: Հենց քամին բերանը բացում է ու փչում, ես ծուլությունը խլում եմ նրա ձեռքից ու փախչում եմ քնելու: Գիշերը ծուլությունս լուսին է դառնում ու առավոտյան հեռանում է:

Էդուարդ Ջահանգիրյան

Ծուլությունը հա´մ բարիք է, հա´մ չարիք: Երբ բարիանում է, մարդկանց չի խանգարում, երբ չարանում է՝ գալիս է ու ծուլացնում:

Դոնա Թովմասյան

Ծուլությունը երկնքում է ապրում, որ իրեն ոչ ոք չտեսնի: Նա թաքնվում է ամպերի հետևում, ու միայն արևն է նրան տեսնում: Նա քամու գույն ունի` մուգ կապույտ: Երբ առավոտյան գնում եմ դպրոց, նա գալիս է ու կպչում ինձնից: Ես արագ քշում եմ նրան ու շուտ դպրոց մտնում:

Գրիշա Հովհաննիսյան

Ծուլությունը սիրում է մարդկանց: Նա բարի է, որովհետև չի թողնում, որ մարդիկ հոգնեն: Նա իմ վատ ընկերն է: Միշտ փորձում է խանգարել ու չի թողում ոչինչ անել:

Մանուկյան Ալեքս

Ծուլությունն այն է, երբ խոսում ես ու ոչինչ չես անում: Ուղղակի ուզում ես ուտել, սուրճ խմել, զբոսնել, խաղալ: Նա հաճելի է: Ես նրան սիրում եմ: Ծուլությունը կարմիր է ու թմբլիկ:

Կառլեն Գասպարյան

Ես կարծում եմ, որ ծուլությունը երեխաներին հե՜չ չի սիրում: Երբ նրանք ծուլանում են,  ուսուցչուհիները ջղայնանում են նրանց վրա: Ես իմ ուսուցչուհուն շատ եմ սիրում, դրա համար էլ ծուլությանը չեմ սիրում:

Եվա Աբգարյան

Ծուլությունը բարի է: Նա ապրում է դրսում: Ամեն օր դրսում մարդ է փնտրում, որ ծուլացնի: Հենց մեկին տեսնում է, կամաց-կամաց մոտենում է ու սկսում իր գործը: Հետո հոգնում է: Գնում է տուն ու մարդը ազատվում է նրանից: Ծուլությունն այդպես ամբողջ գիշեր չի քնում: Շրջում է ու բոլորին ծուլացնում:

Յուրի Դանիելյան

Ծուլությունն ապրում է մարդու մեջ: Ծուլանալ` նշանակում է`չարություն անել       , իսկ չարություն անելը լավ բան չէ: Պետք է լսել դասատուներին ու ծնողներին: Ծուլությունը գույն չունի, որովհետև գույները վախեցել են նրա չարությունից ու հեռացել են:

Վառլամով Արտյոմ

Ծուլությունը կանաչ գույն ունի: Նա ապրում է խոտերի մեջ ու խոտերին էլ է ծուլացնում:

Մարգարիտա Խաչատրյան

Ծուլությունը սև է: Երբ գալիս է մեր տուն, մայրիկիս ասում եմ, որ դասերս հետո կսովորեմ: Մինչև ինքը գնում է, գիշերն է գալիս ու ես ուզում եմ քնել:

Շուշանիկ Թովմասյան

Ծուլությունն ինձ համար հանգիստ է: Նա ձանրույթի ընկերն է: Ես հենց ծուլանում եմ, ուզում եմ տանը մնալ, բայց երբ տանն եմ մնում, ձանձրանում եմ և ուզում եմ գալ դպրոց:

Արմեն Բաբայան

Ծուլությունն ապրում է դատարկ տուփերի ու դարակների մեջ: Նա այնտեղ իրեն ապահով է զգում: Հենց մարդիկ ուզում են տուփի մեջ նվեր դնել, նա չի թողնում ու այնտեղ մենակ է ապրում:

Ասքանազ Բաբայան

Ծուլությունն ապրում է փոշու մեջ` բոլոր անկյուններում: Երբ իրեն ցանկանում են մաքրել, նա փռշտացնում է բոլորին ու փախչում  թաքնվում է: Ծուլությունը փնթիություն է սիրում:

Աթաբեկյան Դավիթ

Ծուլությունն ապրում է երկնքում: Նա կարմիր գույն ունի:

Շաբոյան Դավիթ

Ծուլության մասին երկար-բարակ զրուցելուց ու բոլորի կարծիքները լսելուց հետո, «Ծուլություն» նկարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչպիսի՞ տեսք ունի այն: Բոլոր երեխաները սիրով նկարում էին, միայն Դավիթն էր հրաժարվում: Երևի ծուլությունն այցելել էր նրան: Սակայն տեսնելով, որ ընկերները հետաքրքիր կերպարներ էին նկարում, ինքն էլ ոգևորվեց ու նկարեց: Մենք միասին նայեցինք բոլորի աշխատանքները և պատրաստվեցինք հաջորդ աշխատանքին՝ հեքիաթը ներկայացնելուն:  Կարդացինք միայն հեքիաթի վերնագիրը` «Ծույլ գետ» և սկսեցինք դատողություններ անել վերնագրի շուրջ: Պարզել, թե ինչի՞ մասին է լինելու հեքիաթը: Երեխաները փորձեցին գուշակել.

-Հեքիաթը ծույլ գետի մասին է, որի մեջ լողալուց հետո, բոլորը ծուլանում են:

Միքայել, Դավիթ, Յուրի

— Ծուլությունն այս գետի մեջ է ապրում:

Գրիշա

-Ծուլության անձրև է գալիս ու գետ է դառնում կամ էլ անձրևը չի ուզում այդ գետի մեջ թափվել, որովհետև շատ ծույլ է:

Հարություն

-Հեքիաթը մի ծույլ գետի մասին է, որը չի ուզում որևէ բան անել:

Մարիա

Երբ հնչեցին բոլոր պատասխանները, ես առաջարկեցի լսել հեքիաթը և որոշել, թե ո՞ւմ դատողությունն էր ավելի մոտ հեքիաթի սյուժեին:

Խմբային աշխատանք `հեքիաթի ընթերցում  «Մի կտոր ես, մի կտոր դու» հնարի կիրառումով:

Երեխաները բաժանվում են հինգ կամ վեց հոգանոց խմբերի (կրտսեր դասարաններում ցանկալի է ստեղծել մեծաքանակ խմբեր, որպեսզի նյութի ընթերցումն ավելի հեշտ և արագ լինի): Ուսուցիչը յուրաքնչյուր խմբի հանձնում է համապատասխան մասերի բաժանված տեքստը և խնդրում, որ յուրաքնաչյուրը իր համար ընթերցի: Երբ բոլորը ավարտում են ընթերցումը, փորձում են հատվածները ճիշտ դասավորելու արդյունքում կառուցել հեքիաթ ամբողջական սյուժեն : Հետաքրքիրն այն է, որ հատվածները սխալ դասավորելու դեպքում էլ հետաքրքիր, անհեթեթ պատմություններ են ստացվում, իսկ արդյունքում՝ զվարճալի ու անսպասելի բովանդակությամբ նյութեր ստեղծվում:

Երբ բոլորըն ավարտում են աշխատանքը, խմբերը գալիս են կենտրոն և հաջորդաբար ներկայացնում իրենց հեքիաթը: Մյուսները լսում ու գնահատում են խմբի աշխատանքը:

Ստեղծագործական աշխատանք` «Ձնագնդի» մեթոդի կիրառումով: Կրտսեր դպրոցում առավել հետաքրքիր ու գրավիչ է խմբային պատմությունների ստեղծումը: Այս աշխատանքն օգնում է ներգրավել բոլոր երեխաներին և նույնիսկ մեկ բառ կամ մեկ արտահայտություն ասելու արդյունքում երեխան պատմության ստեղծման  մասնակից է դառնում և իրեն : Եվ որքան բազմազան են մտքերը, այնքան գրավիչ է ստեղծագուրծելու ընթացքը:

Առածը որպես պատմության վերնագիր

Ես ծույլ, դու ծույլ  բա մեր հախից ո՞վ կգա

Մի օր մի ծույլ մկնիկը գնաց կատվի մոտ ու ասաց.

-Կատո´ւ, կե´ր ինձ, որ էս ծուլությունից ազատվեմ: (Հարություն)

— Ախր ես ալարում եմ բերանս բաց անեմ: Ես էլ եմ քո նման ծույլ: Եթե շատ ես ուզում որ քեզ ուտեմ, արի բերանս մի կերպ բաց անեմ, մտիր մեջը ու գլորվիր, որ կուլ գնաս: Թե չէ սովից մեռա: Ամբողջ օրը ուզում եմ մի մուկ բռնել, բայց ալարում եմ, ալարում եմ, ալարում: (Յուրի)

— Ո՜ւֆ, հավես չունեմ, ալարում եմ գլորվեմ: (Հարություն)

Երկու ծույլեր այսպես զրուցում էին, մեկ էլ հայտնվեց մի աշխույժ կատու ու ասաց. (Դոնա)

Մկնիկին ի´նձ տուր, թե չէ, քե´զ կուտեմ: (Մարիա)

Ծույլ կատուն հորանջելով ասաց. (Հարություն)

-Ալարո´ւմ եմ, արի´, ի´նքդ վերցրու: (Յուրի)

Աշխույժ կատուն լսեց թե չէ`վրա հասավ, կերավ ծույլ մկնիկին ու դարձավ շշմած կատու: (Գրիշա և Մարիա)

-Երկու ծույլ կատուներ իրար հետ ընկերացան ու մռփեցին: (Յուրի)

Անհատական պատմություններ

Երեխաները հորինում, մուտքագրում են իրենց պատումները, ծանոթ համակարգչային ծրագրով նկարում, ձևավորում են այն:  Արդյունքում ստեղծում են նկարազարդ ընթերցարաններ: Հաջորդ աշխատանքը արդեն ստեղծված, մշակված նյութի ձայնագրությունն է: Այս աշխատանքն էլ իր հերթին նպաստում է արտահայտիչ, ներկայանալի ընթերցելու կարողությունների ձևավորմանը: Ձայնագրիչի միջոցով երեխան հնարավորություն է ունենում լսելու իր խոսքը կամ պատումը և ինքնուրույն սովորում շտկել սեփական սխալներն ու թերությունները: Այսպիսով՝ ընթերցանությունը դառնում է նպատակային ու գրավիչ աշխատանք և ծուլությունն այս դեպքում հաստատ անելիք չունի: Ձայնագրիչի ամենօրյա գործածությունը նպաստում է բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը և սովորողների մոտ խոսքի ինքնավերահսկման, ինքնաշտկման կարևոր սովորույթ ձևավորում:

Ծույլ արևը

Լինում է, չի լինում, մի արև է լինում: Այս արևը շա՜տ-շա՜տ ծույլ է լինում: Այնքան ծույլ, որ չի ուզում իր հերթն ընդունել: Ամբողջ օրը գլորվում, քնում է: Մի օր հանկարծ չծույլ անձրև է գալիս ու արևին թրջում: Թրջում է ու նրա ծուլությունը լվանում, տանում: Այդ օրվանից արևն էլ ծուլություն չի անում: Նա ամենից շուտ է արթնանում ու բոլորին արթնացնում:

Ալեքս Մանուկյան

Ծույլ ամպիկը

Մի անգամ ձյունը գնում է ամպի մոտ: Դու մի ասա, ամպն այնքան ծույլիկ է լինում, որ չի ուզում ձյուն բերել ու հրաժարվում է ձյունից: Ձյունն այդպես մնում է երկնքից կախված: Այնքան է մնում, որ քամին գալիս է, քշում, տանում:

Գևորգ Հովհաննիսյան

Ծույլ փուչիկը

Մի երեխա փուչիկ ուներ: Այդ փուչիկն այնքան ծույլ էր, որ չէր ուզում թռչել: Երեխան էլ չհամբերեց: բարկացավ փուչիկի վրա ու ասաց.

-Թռչի´ր, թե չէ կծակեմ քեզ:

Փուչիկը վախեցավ: Ծուլությունը փախավ նրա միջից ու նա թեթև-թեթև երկինք բարձրացավ: Ծուլությունը փախավ ու թաքնվեց աղջկա մեջ: Այս անգամ էլ աղջիկը ծուլացավ: Փուչիկն ամբողջ օրը ուզում էր բակ իջնել աղջկա հետ ու թռչել, բայց աղջիկը ուզում էր տանը մնալ: Գիշերը եկավ: Բոլորը քնեցին: Փուչիկն էլ քնեց: Ծուլությունը գողեգող գնաց ու կանչեց իր բոլոր ընկերներին: Նրա ընկերները եկան ու բոլորին ծուլացրին:

Մարիա Պախուցկայա

Ծույլ ոզնին

Լինում է չի լինում, մի ոզնի է լինում: Այդ ոզնին ալարում է կեր բերի ու իր ձագուկներին կերակրի: Նա ալարում է ու ձագուկները մնում են սոված: Սովածությունից լացում են, լացում, լղարում են լղարում ու դառնում են փշի գնդիկներ:  Այդ օրվանից մայր ոզնին հասկանում է, որ պետք է նորից ձագուկներ ունենա ու կերակրի:

 Ծույլ պայուսակը

Մի օր աղջիկն արթնացավ որ գնա դպրոց:  Մեկ էլ տեսավ, որ պայուսակը կորել է: Պայուսակը չէր ուզում գնալ դպրոց: Նա ալարում էր, դրա համար էլ թաքնվել էր պահարանի մեջ:

Շուշանիկ Թովմասյան

Ալարկոտ հավիկը

Մի օր հավիկը ալարում էր ձու ածել: Նա ձու չէր ածում ու ճուտիկներ չէր ունենում: Հետո որոշեց չալարել ու ձվեր ածեց: Ձվերից աշխատասեր ճուտիկներ դուրս եկան ու նա հասակացավ, որ եթե ալարի, մենակ կմնա ու ճուտիկներ չի ունենա:

Անահիտ Վարսանյան

 

Ծույլ գնդակը

Մի օր գնդակն ուզում էր գլորվել, բայց ալարում էր: Մեկ էլ շորորոլով մի կատու մոտեցավ նրան ու ասաց.

-Գլորվի´ր, թե չէ` ե´ս քեզ կգլորեմ:

Բաբայան Ասքանազ

Ծույլ ծառը

Մի առավոտ տղան գնաց ծույլ ծառի մոտ ու ասաց.

-Ինձ խնձոր տուր:

-Ծո´ւյլ եմ, դեռ խնձոր չեմ աճեցրել,- պատասխանեց ծառը:

Տղան իջավ աստիճանից ու գնաց տուն: Նա երկար սպասեց, բայց այդպես էլ խնձոր չկերավ:

Մնացականյան Ալեքսանդր

Հեքիաթ ծույլ ծովի մասին

Մի օր տղան գնաց ծովի մոտ, որ տեսնի, թե արևը գոլորշին ինչպե՞ս է բարձրացնում նրա վրայից:

Նա ոչինչ չտեսավ ու հարցրեց ծովին.

-Ինչպե՞ս է քո վրայից գոլորշի դորս գալիս:

Ծովը ոչինչ չպատասխանեց: Տղան սպասեց, սպասեց ու պատասխան չլսեց: Նա հասկացավ, որ ծովը ծույլ է ու ալարում է խոսել:

Մարգարիտա Խաչատչրյան

 

                                       Ծույլ բադիկը

Լինում է, չի լինում, մի ծույլ բադ է լինում: Նա մի օր գնում է ծույլ գետակի մոտ և ասում.

-Գետա´կ, ինձ այն ափի մոտ տար:

-Ախր ալարում եմ,- պատասխանում է գետակը,- եթե ուզում ես անցնել, արի´, լողալով անցի:

-Բայց ես հավես չունեմ: Ավելի լավ է էսպես մնամ:

Հանկարծ խոտերի միջից մի ճարպիկ բադիկ դուրս եկավ  ու ասաց գետակին.

-Գետա´կ, թույլ տուր անցնեմ քո մյուս ափը:

-Անցիր, ես այնքան եմ ալարում, որ քեզ չեմ խանգարի:

-Շա´տ լավ, որ այդես է, ես հիմա կլողամ,- ասաց բադիկն ու թռավ ջրի մեջ:

Թռավ ջրի մեջ ու միանգամից ծույլ դարձավ: Այդ օրվանից նա ընկերացավ ծույլ բադիկի հետ և միասին ապրեցին ծույլ գետի ափին:

Յուրի Դանիելյան

Գեղարվեստի դպրոց

2-րդ դասարան

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s