Աղբյուրը՝ life.panorama.am
Ռուս հայտնի գրող Անտոն Չեխովը ավելի քան 100 տարի առաջ իր հարազատ եղբորը գրված նամակում բնորոշել է այն 8 հիմնական հատկանիշները, որոնք պետք է ունենա դաստիարակված մարդը:
1.Դաստիարակված մարդիկ հարգում են այլոց անհատականությունը, ուստի նրանք միշտ մեծահոգի են, մեղմ, զիջող և քաղաքավարի: Ինչ-որ մեկի հետ ապրելիս նրանք դա չեն ներկայացնում որպես մեծ շնորհ և հեռանալիս չեն ասում` քեզ հետ անհնար է ապրել: Նրանք ուշադրություն չեն դարձնում մանրուքների վրա և կարող են հեշտությամբ ներել դրանք:
2.Նրանք ցավակցում են ոչ միայն աղքատներին ու փողոցային կատուներին, նրանք ցավում են նաև այն երևույթների համար, որոնք հնարավոր չէ տեսնել աչքով:
3.Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, ուստի միշտ վճարում են իրենց պարտքերը:
4.Նրանք մաքուր սիրտ ունեն և կեղծիքից վախենում են ինչպես կրակից: Կեղծիքը վիրավորական է այն լսողի համար և անարգում է այդ կեղծիքն ասողին: Դաստիարակված մարդիկ ցուցադրական բաներ չեն անում, պահում են իրենց անմիջական և հասարակ: Նրանք շատախոս չեն և չեն անհագստացնում իրենց անկեղծություններով, քանի դեռ նրանց չեն հարցրել: Հարգելով այլոց ականջները` նրանք հաճախակի լռում են:
5.Նրանք չեն զբաղվում ինքնաոչնչացմամբ դիմացինի մեջ կարեկցանք և խղճահարություն առաջացնելու համար: Նրանք չեն խաղում այլոց զգացմունքների հետ մարդկանց կառավարելու նպատակով:
6.Նրանք փառասեր չեն և, առավելևս, չեն ցանկանում վայելել ուրիշի փառքի մնացորդները:
7.Եթե դաստիարակված մարդը տաղանդավոր է, նա ամեն ինչ զոհաբերում է հանուն այդ տաղանդի` հրաժարվելով կանանցից, գինուց և զվարճանքներից:
8.Նրանք զարգացնում են իրենց մեջ էսթետիկան: Նրանք չեն կարող հարբել, սնվել խոզերի պես և ապրել կեղտոտ ու անբարեկարգ պայմաններում: Կնոջից նրանք պահանջում են ոչ թե անկողին, այլ մաքրություն, մարդկայնություն, կոկիկություն և նազանք: