Դասամիջոցների մանկավարժությունը և մանկական չարաճճությունը

buchՄեր առաջին դասամիջոցը տասը րոպե է տևելու: Հետո էլ կլինեն երկու դասամիջոցներ 30 և 10 րոպե  տևողությամբ: Ընդամենը` 50 րոպե: Գոյություն ունի՞ արդյոք դասամիջոցների պրոբլեմ մանկավարժության մեջ: Ո՛չ, գոյություն չունի: Այն գոյություն չունի նաև դպրոցի պրակտիկայում: Ես երբեք չեմ լսել, որ ուսուցիչները լրջորեն մտածեն դասաժամերի միջև ընկած այդ փոքրիկ ժամանակահատվածները կազմակերպելու մասին: Գուցե այն պատճառով, որ այստեղ ոչ մի պրոբլեմ չկա՞: Իբր հարկավոր է միայն հետևել, որ երեխաները չվազե՞ն, որևէ բան չփչացնե՞ն, չկռվե՞ն, ոտք չգցե՞ն միմյանց, և որ տղաները չվիրավորե՞ն աղջիկներին:

Միջանցքում աջ թևին կարմիր ժապավենով դպրոցական հսկիչն է կանգնած և կարգ ու կանոնին է հետևում: Երեխաները չեն համարձակվում մեծերի զայրույթը հարուցել իրենց նկատմամբ և խուսափում են աղմկալից խաղերից:

Եվ մեծերը պետք է ասեն, որ իրենց դպրոցում օրինակելի կարգ ու կանոն է հաստատված, խստորեն հետևում են կարգապահությանը: Միայն չեն ասի, որ այդ բոլորը ձևականություն է դաստիարակության գործում, որ կարմիր թևակապերով մարկանց բացակայության դեպքում երեխաները իսկույն ստեղծագործական կիրառում կգտնեն իրենց եռանդի համար: Չէ՞ որ երեխաները պետք է որևէ բանով զբաղվեն դասամիջոցին և ոչ թե պարզապես քայլեն միջանցքներով: Բայց եթե շուրջբոլորը ոչինչ չկա, որ երեխային օգնի իր ֆիզիկական եռանդը ավելի հետաքրքիր ծախսելու և ճանաչողական ձգտումը բավարարելու համա՞ր: Այդ դեպքում չվիրավորվեք, խնդրեմ, եթե երեխաները սկսեն վարպետորեն քողարկել իրենց չարաճճիությունները՝ առերևույթ լիակատար կարգ ու կանոն պահպանելով:

Մենք սիրում ենք ասել` «գիտակցական կարգապահություն»… Ի՞նչ է դա նշանակում: Այն, որ երեխաները հասարակական պահանջների լրիվ ըմբռնումո՞վ են սանձահարում իրենց եռանդը: Եվ ընդսմին նրանք այդ ըմբռնումը մեր ինչն է լավ, ինչն է վատ խրատների միջոցո՞վ են յուրացնում: Գուցե հարկավոր է, որ երեխաները լա՞վ պատկերացնեն, թե ինչպես պետք է պատժվեն չարաճճիությունները և երկյուղե՞ն դրանից: Գիտակցականության այդ «կամրջակները» իրոք երեխեներին փրկում են պարտությունից:

Եվ, հասկանալի է, կան այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում խիստ արգելքներն ուղղակի անհրաժեշտ են: Բայց ի՞նչ  անել, եթե պահանջը ուժեղ է գիտակցականությունից, եթե երեխան չի կարող և չի ուզում խաղաղ, հանգիստ լինել, չի կարող չարաճճիություն չանել:

Եթե մանկական չարաճճիությունները չլինեին, չարաճճիներ չլինեին, իսկական մանկավարժություն չէր լինի: Դրանք սնունդ են տալիս, որպեսզի մանկավարժական միտքն առաջ շարժվի և որպեսզի դաստիարակները մշտապես մտահոգված լինեն ստեղծագործաբար մտածելու, նորարարություն, մանկավարժական խիզախում հանդես բերելու անհրաժեշտությամբ: Որքան տաղտկալի է մանկավարժի համար պարապել մեծերի կենսափորձով իմաստնացած գիտակցություն և վարք ունեցող երեխաների հետ: Ես այդպիսի երեխաներին նախ չարաճճիությունների, շարժունության կմղեի, իսկ այնուհետև ձեռնամուխ կլինեի անհատի մանկավարժության որոնումներին:

Ի վերջո, ինչո՞ւ ենք մանկական չարաճճիությունների դեմ այդպես ընդվզում: Ինչո՞ւ են մեծերը հակված դրանց մեջ ինչ-որ հանցագործության պես բան տեսնելու, դրանք որպես գիտակցական կարգապահության խախտում ընդունելու: Ինձ թվում է՝ այն բանի համար, որ մենք դեռ չգիտենք, թե ինչ է չարաճճիությունը, և ովքեր են այդ չարաճճիները: Ինչպիսի հետաքրքրությամբ կկարդայի գրքեր չարաճճիների հոգեբանության և չարաճճիությունների մասին, բայց ո՞ւր են դրանք:

Երեխաների չարաճճիությունը խախտում է մեր անդորրը, դաստիարակության այնպիսի պրոբլեմներ առաջադրում, որոնց լուծումը մանկավարժական ուղիներով երբեմն վեր է մեր ուժերից:

Չարաճճիները հնարագետ, սրամիտ երեխաներ են, որոնք ցանկացած անսպասելի պայմաններում կարող են իրենց ընդունակությունները գործադրել և մեծերի մոտ իրավիճակների ու հարաբերությունների վերագնահատման անհրաժեշտության զգացում առաջացնել…

Չարաճճիները կենսուրախ երեխաներ են` նրանք օգնում են մյուսներին արագաշարժ, կայտառ լինել, պաշտպանվել կարողանալ…

Չարաճճիները ինքնազարգացման, ինքնաշարժման ուժեղ միտումներով օժտված երեխաներ են, նրանք լրացնում են իրենց անհատական ընդունակությունների զարգացման գործում մանկավարժի թույլ տված վրիպումները:

Չարաճճիները զավեշտասեր երեխաներ են, ամենալուրջ բանում անգամ ծիծաղելին են տեսնում, կարողանում են խստորեն նախատել թափթփվածներին, փնթիներին նրանց համար անսովոր իրադրություններում և սիրում են ծաղրել նրանց: Նրանք լավ տրամադրություն և ծիծաղ են պարգևում ոչ միայն իրենց, այլև մյուսներին, ովքեր զգում են հումորը…

Չարաճճիները մարդամոտ երեխաներ են, քանի որ իրենց յուրաքանչյուր չարաճճիությունը կատարում են նրանց հետ, ովքեր կարող են իրենց չարաճճիություններին մասնակցել…
Չարաճճիները իրականության ինքնուրույն ճանաչման և վերափոխման ձգտող գործուն երազողներ են…

Չարաճճիները մանկավարժի միտքն են, մանկավարժության օբյեկտը:

Չարաճճիներին կարելի է պատժել, սակայն հարկավոր է խրախուսել:

Ի՞նչ անեն այդ չարաճճիները, այդ գործուն երազողները դասամիջոցներին միջանցքներում կամ դասարաններում: Պատի թեթե՞րը կարդան, որոնք ահա մեկ ամիս (գուցե և ավելի) է, որ ոչ ոք չի փոխել: Նրանց ինչի՞ն են պետք այդ տխուր թերթերը: Գուցե քայլեն միջանցքներով և հարյուրերորդ անգամ դիտե՞ն լոզունգները, պլակատներն ու ցուցափեղկերը, անվերջ նայեն նշանավոր գրողների և գիտնականների դիմանկարներին և երազեն նմանվե՞լ նրանց:

Հավանաբար մենք ավելի հեշտ կհասկանանք, որ երեխան պլակատային մանկավարժությանը չի ենթարկվում, քան ինքը` երեխան կհասկանա գիտակցաբար կարգապահ լինելու անհրաժեշտությունը:

Չարաճճիությունը երեխայի գնահատելի հատկանիշն է, միայն թե պետք է այն կառավարել: Ես վաղուց եմ ինձ համար սահմանել, որմանկական կարգապահության էությունը ոչ թե չարաճճիությունները ճնշելու, այլ դրանք վերափոխելու մեջ է կայանում: Չպետք է երեխաներից պահանջել այն, ինչը չենք կարողացել նրանց ներշնչել մեր մանկավարժության օգնությամբ:

Ինչպե՞ս անել, որ մանկական չարաճճիությունները վերափոխվեն և ոչ թե ճնշվեն: Ինչպե՞ս դա անել դասամիջոցներին: Չէ՞ որ հենց դասամիջոցներին են սկսում բորբոքվել ներքին ուժերը, և երեխան դրանք անարգել ժայթքելու մղումներ է զգում: Այսպես է ինձ մոտ առաջ գալիս դպրոցական դասամիջոցների և դպրոցական կարգապահության մանկավարժական բարդ խնդիրը: Թեև ես դա չեմ լուծել և ամենայն հավանականությամբ չեմ լուծի, այնուամենայնիվ կարող եմ այս անգամ իմ մի քանի գործընկերներից ավելի հանգիստ լինել, որովհետև գիտեմ, թե ինչով են անպայմանորեն զբաղվելու իմ մանկիկները:

Շալվա Ամոնաշվիլի, «Բարև, երեխաներ», Երևան, 1990

Աղբյուրը՝  ,,Դպիր,,  ամսագիր

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s