Ձայնագրիչը լեզվագործունեության գրավիչ «խաղալիք»

Մայրենի լեզվի դասավանդումը կրտսեր դպրոցում, այլ կերպ ասած՝ խոսքի մշակույթ առարկան, տասնյակ տարուց ավել, իմ աշխատանքային ուսումնասիրության առարկան է դարձել: Իմ այս մեթոդական-պատումի դրդապատճառը, մի խումբ ծնողների հարցադրմանն է ուղղված: Մենք՝ կրթահամալիրի դասավանդողներս, հաճախ ենք հանդիպում ծնողների համառ դիմադրությանը, ովքեր կարծում են, թե մայրենի լեզուն յուրացնելու համար ուղղագրական ու քերականական կանոն-սահմանումների ուսուցումը խիստ պարտադիր է: Իմ աշխատանքային փորձի, տարբեր հետաքրքրություններ և ունակություններ ունեցող սովորողների դիտարկման արդյունքում համոզվել եմ, որ մայրենի լեզուն յուրացնելու, այն ճանաչելու և կատարելագործելու ամենակարճ ճանապարհը խոսքի մշակումն է՝ այն անընդհատ հղկելու կարողության ձևավորումը: Սա անավարտ մի գործընթաց է, որը ուղեկցում է մեզ  ողջ կյանքի ընթացքում: Ահա՝ ինչու մեր կրթական ծրագրի հիմքը հենց լեզվագործունեության արդյունքում, մտքի՝ բանավոր ու գրավոր խոսքի կատարելագործումն է: Մտքի ծնունդը ստեղծագործական աշխատանք է, խոսքը՝ միտքը արտահայտելու գործնական կարողություն: Ոչ մի պարտադրանք կամ սահմանում չի կարող գործնական հմտություն փոխանցել մարդուն, առավել ևս՝ երեխային: Ուստի լեզուն յուրացնելու ամենաարդյունավետ միջոցը, այն ինչպես խաղալիք՝ շարունակ գործածելով, խաղալով, քանդելով ու հավաքելով ուսումնասիրելն է: Մայրենի լեզվի դասերին ձայնագրիչի գործածությունը ինձ  հենց այսպիսի մի գրավիչ խաղ է հիշեցնում: Խաղ, որի արդյունքում բազմաթիվ խնդիրներ են հաղթահարվում և ուսումնական ամենատարբեր նյութեր ստեղծվում:

Իմ փորձից

Այս տարի Դպրոց-պարտեզում ղեկավարում եմ լրագրողական ակումբը: Մեր լրագրողական խումբը պետք է ապահովի Դպրոց-պարտեզում տարիներ շարունակ գործող «Գույն» ռադիոյի թողարկումները: Ընդամենը մեկ շաբաթ առաջ, մեր խմբում ընդգրկված էր չորս սովորող: Իմ ոգևորված ու ակտիվ սովորողների աշխատանքի շնորհիվ, այժմ ակումբի անդամների թիվը քառապատկվել է: Մեր ոգևորված ու բուռն քննարկումները, ձայնագրիչի օգնությամբ հարցազրույցների վարումը համալրեցին ակումբը նոր սովորողներով: Համոզված եմ, որ նրանց համախմբող հիմնական գործոնը, ակտիվ աշխատանքն է՝ ինքնուրույն գործելու ու ինքնադրսևորվելու նոր հնարավորությունը:

Գործնական մայրենի լեզու

Աշխատանքային փուլեր

Ռադիոնյութը պատրաստելուց առաջ, վերլուծում ենք մեր առօրյան, խոսում մեզ հուզող կամ չհուզող հարցերի, իրադարձությունների ու երևույթների մասին: Հետո ընտրում ենք այն թեմաները՝ նախագծերը, որոնց շուրջ կցանկանայինք քննարկում-զրույց ծավալել, լուծումներ առաջարկել: Օրինակ՝ մեր առաջին ռադիոնյութի թեման՝ կրթահամալիրային, միասնական պարապմունքների ժամի փոփոխությանն է նվիրված: Քննարկման մասնակիցները դասավանդողներն ու սովորողներն են:

Աշխատանք, արդեն ընտրված թեմայի շուրջ: Անհատական կամ խմբային աշխատանքի արդյունքում պատրատում ենք նախաբանը, անհրաժեշտության դեպքում գրի առնում, ապա ընթերցում մեր բոլոր գրառումները, որից հետո ընդհանրական, ամբողջական տեքստ ենք պատրաստում: Պարտադիր չէ, որ խմբի բոլոր անդամները նույն թեմայի շուրջ աշխատանք ծավալեն: Սովորողը կարող է իր անհատական թողարկումը պատրաստել, որևէ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալ: Կարելի է միաժամանակ մի քանի թեմայի շուրջ աշխատել կամ նույն թեման տարբեր տեսանկյուններից վերլուծել: Ամեն պարապմունքի արդյունքում, մենք նոր իրավիճակների ենք հանդիպում և նոր լուծումներ գտնում: Ամենակարևորը համագործակցությունն է ու ոգևորությամբ առաջնորդվելը:

Երբ թեման առաջադրված, ներկայացված է, սկսում ենք գրի առնել հարցազրույց ծավալելու համար նախատեսված հարցադրումները: Իրար լսելուց հետո, ընտրում ենք ամենահետաքրքիր, անսպասելի ու դիպուկ հարցերը: Ճիշտ հարցադրումներ անելու հմտությունների մշակումը շատ կարևոր է ու դրանից շատ բան է կախված: Աշխատանքի այս փուլում մենք մի շարք հմտություններ ենք ձեռք բերում՝ զրուցակցին դիմելու ձևից սկսած, մինչև պահի թելադրանքով ծնված, դիպուկ հարցադրումներ անելու կարողության ձևավորումը:

Արդեն մշակված նյութի ձայնագրույթյունը մեր աշխատանքի ամենազվարճալի հատվածն է: Սովորողներն իրենց ընտրությամբ բաժանում են ասելիքը, ձայնագրում, բազում անգամներ շտկում, հղկում լեզվական կամ արտասանական թերությունները: Ծիծաղում սեփական ու ինչու չէ, ընկերների սխալների վրա, հետո շտկում, ջնջում, նորից ձայնագրում… ու այս ամենը տասնյակ անգամներ, առանց ավելորդ նեղացկոտության ու լարվածության: Ինձ ինչ է մնում անել, քան դիտորդի դերում հիանալ իմ սաների համառությամբ ու ինձ համար մինչ այդ անծանոթ ջանասիրությամբ: Դժվար թե առանց ձայնագրիչի հնարավոր լիներ այսպիսի աշխատանք կատարել:

Դե իսկ հարցազրույցի կազմակերպումը կատարվում է ձայնագրիչով կամ թվային խցիկով զինված լրագրողների միջոցով, որոնք շրջում են անհրաժեշտ տարածքում՝դպրոցում, բակում, փողոցում և ձայնագրում, ֆոտոնկարում են պատահած «զոհին» և աշխատանքը ավարտած համարելուն պես, նշված ժամանակատվածում վերադառնում: Այս աշխատանքը կարող ենք և հաճախ կազմակերպում ենք ակումբային գործունեության ժամանակահատվածից դուրս: Սա տնային առաջադրանքի մի տարբերակ է:

Արդեն ձայնագրված նյութի ունկնդրումն ու մոնտաժումը մեր աշխատանքի ամենասպասված պահն է: Չգիտես ինչու, այն տղաներին ավելի շատ է հետաքրքրում: Առաջին հայացքից տեխնիկական թվացող այս գործընթացը նույնպես լեզվական, կենտրոնացած աշխատանք է պահանջում. պետք է ուշադիր լսել, հնարավոր բոլոր խոտաններից ազատվելու համար:

Ի դեպ, այս գործընթացի տիրապետումը մեզ մղում է նոր ու առավել հագեցած մոնտաժային ծրագրերի ուսումնասիրմանը, երաժշտական ձևավորումը՝ համապատասխան ու հետաքրքիր երաժշտություն ընտրելու, իսկ նյութի հրապարակումը մի շարք տեխնիկական հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությանը: Մի խոսքով, գործնական ընթացքն է պայմանավորում  գործունեության արդյունքը: Առջևում շատ նախագծեր ու անելիքներ ունենք: Աշխատանքի ընթացքը մշտապես մղում է մեզ նոր բացահայտումների ու ինքնակատարելագործման:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s