Ասե՛ք տեսնեմ՝ ո՞վ եմ ես

Իրերի կերպավորում- հնար

Մեր օրը սկսեցինք պարային մարմնամարզությամբ: Տրամադրությունն այնքան պարային էր, որ պարասրահը լքել չէինք ցանկանում: Որոշեցինք մեր հաջորդ աշխատանքը համապատասխանեցնել  մեր պարային տրամադրությանը: Սկսեցինք պարային մնջախաղ խաղալ: Օրվա «հերոսները» խոհանոցային իրերն էին: Երեխաներից յուրաքանչյուրը մի առարկա էր մտապահում ու  պարի միջոցով ներկայացնում այն: Մեկը՝ պարում էր, մյուսները՝ փորձում էին գուշակել:  Ամեն անգամ պատահական երաժշտություն էր հնչում: Մասնակիցներից մեկն առաջ էր գալիս ու ներկայացնում իր տարօրինակ պարը: Շա՜տ հետաքրքիր էր, ո՞ւմ մտքով կանցներ, որ «եռացող թեյնիկը, դատարկ կաթսան, սուրճի բաժակը, կռվարար պատառաքաղը» կարող են այսքան ծիծաղ ու բարձր տրամադրություն առաջացնել: Պարերը ներկայացնելուց հետո, հորինեցինք ու մուտքագրեցինք մեր մենախոսություն-պատումները, հետո նկարեցինք ու կերպավորեցինք:

տՆերկայացնենք դրանցից առավել հաջողվածները.

Ես թեյնիկ եմ: Եռացող, ջղային թեյնիկ: ճիշտ է, ես այդքան էլ նոր չեմ, բայց այդքան հին չեմ, որ ինձ դեն նետեն: Ես հաճախ եմ բարկանում տիրոջս վրա ու զայրույթից թափում եմ իմ մեջ լցրած թեյը: Հատկապես՝ ձմռանը, շա՜տ հաճելի է, երբ տաք գազօջախի վրա ես նստում ու քիթդ վեր պահած նայում, թե բոլորն ինչպես են սպասում քո մեջ եռացող ջրին: Նայում եմ, նայում ու ծիծաղից քլթքլթում եմ: Երբ ինձ մի կողմ են հրում ու կլոր, հաստլիկ կաթսային են իմ տեղում նստացնում, նեղանում եմ ու կնճիթս ոլորում: Դրա՜ն տեսեք, շատակեր հիմար: Կարծում է, թե ինքը բոլորիցս կարևոր է:

Երբ լավ տրամադրություն եմ ունենում, կատակում եմ բաժակների հետ ու թեյ լցնելիս՝ նրանց խուտուտ եմ տալիս: Այնպես է պատահում, որ նրանցից մեկը ծիծաղից ուշաթափվում, կամ պայթում է:

Մի խոսքով, այսպես ապրում եմ խոհանոցում, գազօջախի ձախ աչքի վրա: Ո՞ւմ եմ խանգարում, որ…:

Քեֆիլյան Անի

Ես թիթիզ ափսե եմ: Ունեմ տարբեր գույնի ընկերներ և նրանց հետ ապրում եմ խոհանոցի չորրորդ դարակում: Երբ մեկ տարին լրանում է, մեր հագուստների գույնը խամրում է ու մեզ հյուրերի առաջ չեն ներկայացնում: Մենք դարակում թաքնվում ենք ու պարահանդես կազմակերպում: Երբ մեզանից մեկին տանում են, որ մեջն ուտելիք դնեն, ուրախանում ենք: Մի անգամ իմ մեջ մի տաք, համեղ սպաս լցրին: Քիչ էր մնում շունչս կտրվեր: Արագ դես ու դեն նայեցի ու մի կուշտ խմեցի սպասից: Հա´մ՝ ես թեթևացա, հա´մ՝ փորս կշտացավ: Ուխա՜յ: Տանել չեմ կարողանում, երբ վրաս կրեմոտ տորթ են շուռ տալիս: Սիրտս խառնում է: Բա որ կծու պղպեղ են քսում: Թաքուն իջնում եմ սեղանից, գնում ու լվացվում եմ: Շատ եմ սիրում, երբ ինձ մտցնում են օճառաջրի մեջ: Այդ ժամանակ ես բարձրանում եմ ջրի երեսին, զնգզնգում եմ ու օճառի պղպջակների հետ խաղում:

Թադևոսյան Սիլվի

Թանկարժեք սուրճի բաժակն եմ: Իմ պարանոցին գեղեցիկ ծաղիկներից շղթա եմ կրում: Ես հինգ ընկերներիս հետ ապրում եմ հյուրասենյակում, պահարանի առաջին հարկում: Երբ բոլորը քնում են, մենք թաքուն քչփչում ենք ու շուռումուռ գալիս:

Ես ամենից շատ սիրում եմ հյուրեր ընդունել: Համոզված եմ, որ սպասելի հյուր եմ նրանց սեղանին: Տանել չեմ կարողանում, երբ իմ մեջ դառը սուրճ են լցնում: Այդ ժամանակ մի տեսակ փշաքաղվում եմ ու երազում եմ դատարկվել: Ա՜յ՝ իսկ քաղցր սուրճ, ինչքա՜ն ուզեք: Հիմա՝ պատմեմ իմ կյանքի ամենահետաքրքիր պահերի մասին:

Անհամբեր սպասում եմ, թե երբ են հարևանները հավաքվելու իմ շուրջ, որ նրանց տեսակ-տեսակ բամբասանքները լսեմ: Շատ եմ սիրում ականջս սրել: Երբ նրանք քթիցս բռնած ինձ շուռ են տալիս, ես ինձ շոյված եմ զգում և սիրով ցույց եմ տալիս իմ հորինած գուշակությունները: Մարդիկ հավատում են իմ գուշակություններին, իսկ ես մտքում ծիծաղում եմ նրանց վրա: Շը՜խկ, շը՜խկ, շը՜խկ:

   Սահակյան Էլեն

Ես ճաշի ափսեն եմ: Սիրում եմ տաք ճաշիկ ուտել, իսկ երբ յուղոտ խորոված են դնում իմ մեջ` լոզերս գնում են, բայց չեմ կարողանում ուտել: Ատամ չունեմ: Տարա՜ն, տարա՜ն, օխա՜յ, էլի տաք ճաշ են լցնելու… Կներե՜ք, հետո կշարունակեմ: Հա՞:

Հա՜, որտե՞ղ էի հասել, տնաշենները… վառվեցի, լավ է՝ չճաքեցի:

Հարությունյան Էլեն

Ես կռվարար պատառաքաղն եմ: Չորս սուր պոզեր ունեմ: Դրանք իմ կոտոշներն են: Շատ եմ սիրում կոտոշներս ամեն ինչի մեջ խրել, իսկ քիթս, քիթս` համեղ խորտիկների մեջ խոթել: Մի օր հյուրերից մեկն ինձ ցած գցեց: Ի՞նչ եք կարծում ի՞նչ արեցի: Իհարկե լեզուն ծակեցի: Տեսնես մռմռա՞ց: Թող մռմռա, որ իմանա թե ինչ վատ է ուրիշների հետ անփույթ վարվելը::Ո՜ւֆ, էլի ես դանակն եկավ: Իրան սրամիտի տեղ է դնում: Ուր գնում եմ հետևիցս գալիս է: Երևի առանց ինձ կյանք չունի:  Սպասի ընկեմ, թող նոր հյուրեր գան:

Ազիզբեկյան Դավիթ

Ես նորահայտ դանակների հավաքածուն եմ: Ես թանկ արժեք ունեմ և մինչև գովազդի հայտնվելը ինձ ոչ ոք չէր գնում: Երկար ժամանակ մնում էի խանութի դարակներում: Գնորդներն ինձնով հիանում էին ու… այդքանը: Բայց երբ ինձ հեռուստացույցով գովազդեցին, պահանջարկս շատացավ ու հիմա ես ուրախ եմ, որ տարբեր երկրներում երկրպագուներ ունեմ: Ապրում եմ խոհանոցում` իմ ընկեր հարիչի, հյութաքամիչի և կոմբայնի կողքին: Հյութաքամիչն իմ քեռու եղբայրն է այսինքն` քեռիս է: Մենք սիրում ենք մարդկանց գործը հեշտացնել : Բոլոր տանտիրուհիները մեր մասին են երազում: Ինչ լա՜վ է:

Վարդանյան Արտյոմ

Ես քերիչն եմ: Ունեմ սուր ատամներ ու մեծ, կարմիր քիթ: Քիթս կարմրել է բոլորի հետ քերքրվելուց ու կռվելուց: Ինձ դուր է գալիս բոլորի կյանքը կրծել  ու քերել: Ապրում եմ բանջարեղենների հարևանությամբ: Երեխաներն ինձնով գազար են քերում, որ ուտեն և բոյովանան: Ես նրանց միշտ խանգարում եմ, որովհետև չեմ ուզում, որ բոյովանան ու իրենց գլուխը գովեն: Ես երազում եմ բոլորից բոյով լինել: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Այն ժամանակ աշխարհի ամենամեծ գազարին կքերեմ ու հյութը ինքս կխմեմ:

Ղահրամանյան Լիլիթ

Դիտարկում — Հորինվածքները բոլորիս դուր եկան: Հետաքրքիր էր նաև դրանք՝ թատերական խաղի միջոցով ներկայացնելը: Նշեմ, որ նմանատիպ աշխատանքները խթանում են նաև ընթերցանության կարողությունների զարգացմանը, կարդացած նյութը ընկալելու, այն ուրիշներին ներկայացնելու և լսելու ունակությունների ձևավորմանը: Մեխանիկական ընթերցանությունը ձանձրալի աշխատանք է, որից խուսափում են բոլորը` հատկապես կրտսեր դպրոցականները:

Պար- մնաջախաղը, հնարավորություն տվեց ռիթմի, շարժումների միջոցով զգալ կերպարը, նրա բնորոշ առանձնահատկությունները, իսկ թատերախաղ- ընթերցանությունը հետաքրքիր դարձրեց նյութի ընթերցումը: Սովորողների հետաքրքրությունների, ակտիվության ու ստեղծագործական մտածողության համադրության արդյունքում, մենք օգտակար ու միևնույն ժամանակ գրավիչ աշխատանք կատարեցինք:

One comment on “Ասե՛ք տեսնեմ՝ ո՞վ եմ ես

  1. Ծանուցում՝ Բանավոր խոսքի զարգացման մեթոդներ | Մայրենի լեզու դասավանդողի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s