Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղությու՜ն թող ըլլա․․․

Ոչ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին

Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`

Օրհներգությու՜ն թող ըլլա:
Читать далее

Մխիթար Սեբաստացի

Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին 
Մխիթարյան միաբանության հիմնադիրն է: 
Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ: 
 
Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 

Читать далее

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել
Սեբաստացու մահվանից հետո: 
 
Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: 
Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: 

Читать далее

ԱՆՏԱՌՈՒՄ

 Համո Սահյան    

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Читать далее