Մանկան բանականությունը

 Երեխաները վերափոխում են աշխարհը

Գոյություն ունի մի առանձնահատուկ հոգեկան էություն, որի մասին մենք մինչ այժմ գլխի չէինք ընկնում, մի սոցիալական միասնություն, որի հետ հաշվի նստելը պարտադիր է: Մեր՝ մեծահասակներիս օգնությունն ու փրկության հույսը երեխաներն են, քանզի  նրանք են, որ մեծանալով կերտում են  մարդկային հասարակությունը:

Երեխան մեծագույն հնարավորություններով է օժտված և եթե մենք իրապես ձգտում ենք վերափոխել հասարակությունը, ապա ուսուցման գլխավոր նպատակը, մարդկային կարողությունների զարգացումը պիտի դարձնենք:

 

Չպահանջված հարստություն

 

Երեխայի կյանքի առաջին տարիների ուսումնասիրությունը մեր առջև նոր հարիզոններ բացեց: Հենց ինքը՝ երեխան պարգևեց մեզ այդ հնարավորությունը, մեր առջև բացելով իր ներաշխարհը, որը էապես տարբերվում է մեծահասակներիս  ներաշխարհից:

Ահա այն, նոր կյանքը, որը չի բացահայտվում հոգեբանական հատուկ մեթոդների կիրառության արդյունքում, այլ ներկայանում է անմիջական ու ինքնաբուխ, հենց այնպիսին, ինչպիսին իրենք՝ երեխաներն են:

Այս դատողությունները կարող են անհիմն թվալ, սակայն երբ կոնկրետ օրինակներով հիմնավորումներ անենք, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Նույնիսկ մասնագետների մակերեսային դիտարկումներն են ապացուցում, որ մանկական բանականությունն ընդունակ է զարմանալի արագությամբ գիտելիքներ «կլանել»: Այստեղից էլ բխում է նրանց ինքնուսուցման ընդունակությունը:

Ամենակարևոր տարիները

Վստահաբար կարելի ասել, որ ամեն երեխայի մեջ մի ներքին՝ «հոգատար դաստիարակ» է ապրում, որն ընդունակ է ցանկացած երեխայի հասցնել զարգացման միևնույն արդյունքին, անկախ նրանից, թե նա աշխարհի ո՞ր ծայրում է ապրում:

Մարդը կատարյալ տիրապետում է միայն  այն լեզվին, որը մանկության առաջին տարիներին է յուրացրել, երբ դասավանդումը, որպես այդպիսին՝ անհնար էր: Երբ հասունանալով, երեխան սկսում է այլ լեզուներ սովորել, ապա ոչ մի ուսուցչի չի հաջողվի հասնել այն արդյունքին, որ իր աշակերտն օտար լեզուն նույնքան հեշտությամբ գործածի, որքան դեռևս մանկուց յուրացրած մայրենի լեզուն: Սա վկայում է ներքին հոգեկան ուժի մասին, որը խթանում է երեխայի զարգացմանը: Եվ դա միայն լեզվական հմտություններին չի վերաբերում: Երկու տարեկանում երեխաները կարողանում են տարբերել մարդկանց ու իրենց շրջապատող առարկաները: Եթե  մտորենք այս իրողության մասին, ապա ակնհայտ կդառնա այն զարմանալի  կառուցողական, ստեղծական գործունեության ողջ ծավալը, որի արդյունքում ձևավորվում է  հասուն ու գիտակից մարդը: Չէ՞ որ մենք բոլորս էլ աշխարհը հայտնագործել ենք կյանքի առաջին տարիներին՝ մանկական ստեղծագործ հետաքրքրասիրության մղումով:

Խոսքն այն մասին չէ, որ երեխաներն ունակ են ճանաչելու միայն իրենց շրջապատող առարկաներն ու երևույթները՝ հասկանալով ու հարմարվելով  միջավայրին: Հավասարապես կարևոր է նաև այն փաստը, որ երեխան ինքնուրույն է ձևավորում իր բանականության հիմքը՝ իր համար ստեղծելով հավատալիքների, ազգային ու սոցիալական գիտակցության որոշակի կերպար: Բնությունը կարծես յուրաքանչյուր երեխայի պահպանում է պատրաստի գիտելիքի ազդեցությունից, նախապատվությունը տալով այն ներքին «դաստիարակին», որով ղեկավարվում է նա:

Բնությունը երեխային հնարավորություն է տալիս իր հոգեկան աշխարհի կառուցումն ավարտել ավելի վաղ, քան նա կհասցնի շփվել գիտելիքի հետ ու կզգա դրա ազդեցությունը: Մինչև երեք տարեկան հասակը, երեխաներն իրենց մեջ հիմնադրում են մարդկային անհատականության հիմքերը և ուսուցողական դաստիարակության կարիք են զգում: Նրա նվաճումներն արդեն այնքան մեծ են, որ երեք տարեկան երեխային կարելի է ձևավորված մարդ համարել: Համեմատելով մեծահասակների ու երեխաների ընդունակությունները, հոգեբանները հանգել են այն եզրակացությանը, որ մեծահասակներից վաթսուն տարվա լարված մտավոր աշխատանք կպահանջվեր՝ հասնելու զարգացման այն մակարդակին, ինչին հասել է երեխան, երեք տարեկանում: Հոգեբանների եզրակացությունները բառացիորեն համընկնում են իմ պնդումների հետ. «Երեք տարեկանում երեխան ձևավորվում է որպես անհատ», չնայած նրան, որ նրա, շրջապատող աշխարհը կլանելու ընդունակությունը, դեռևս սպառված չէ:

Մեր մանկական հաստատություններ երեխաները մուտք էին գործում երեք տարեկանում: Ոչ ոք չէր փորձում նրանց ինչ-որ բան սովորեցնել, քանի որ նրանք դեռևս պտրաստ չէին դասավանդման, բայց այնուամենայնիվ, նրանք մարդկային հասուն բանականության զարմանալի ունակություններ էին դրսևորում:

Մեր հաստատությունը դպրոց չէ: Այն կարելի է անվանել «Երեխայի տուն», մի վայր, որը հատուկ հարմարեցված միջավայր է, որտեղ երեխաները հատուկ ուսուցման չենթարկվելով, կարող են կլանել շրջապատող միջավայրի մշակույթը:

Մեր հիմնադրած առաջին դպրոցների երեխաները սոցիալապես անապահով խավերից էին: Նրանց ծնողները անգրագետ էին: Չնայած այդ հանգամանքին, հինգ տարեկանում նրանք արդեն ինքնուրույն ջանքերով գրաճանաչ էին դարձել: Երբ դպրոցի այցելուները հարցնում էին. «Ո՞վ է քեզ գրել սովորեցրել»,- երեխան զարմացած պատասխանում էր. «Սովորեցրե՞լ: Ինձ ոչ ոք չի սովորեցրել»:

Թվում էր հրաշք է կատավել, որ չորս ու կես տարեկան երեխաները կարողանում են գրել և այդուհանդերձ չեն զգում, որ գրաճանաչ են դարձել:

Միայն բազմաթիվ հետազոտությունների արդյունքում մենք եկանք այն համոզման, որ բոլոր երեխաներն առանց բացառության, միջավայրի մշակույթը կլանելու զարմանալի շնորհով են օժտված:

«Իսկ եթե ամեն ինչ հենց այդպես է»,-ասացինք ինքներս մեզ,-«եթե մշակույթը կարող է ընկալվել առանց ջանքերի, ուրեմն երեխային հնարավորություն տանք «կլանելու» նաև դրա մնացած տարրերը»:

Հենց այդ ժամանակ մենք տեսանք, թե որքան թեթևությամբ ու ինքնաբուխ կերպով երեխաները յուրացրին ոչ միայն ընթերցանությունն ու գիրը, այլև բուսաբանությունը, մաթեմատիկան ու մի շարք բնական գիտություններ:

Հետազոտությունների արդյունքում մենք հասկացանք, որ ուսուցումը դա այն չէ, ինչն աշակերտին տալիս է ուսուցիչը, այլ բնական գործընթաց է, որը տարերայնորեն զարգանում է մարդու մեջ: Ուսուցումն իրագործվում է ոչ թե այն ժամանակ, երբ երեխան բացատրություններ է լսում, այլ՝ երբ նա որոշակի միջավայրում սեփական փորձ է ձեռք բերում: Հետևաբար, ուսուցչի խնդիրը  ուսումնասիրվող նյութի բացատրությունը տալը չէ, այլ՝ երեխայի մոտ հատուկ նախապատրաստված հանգամանքներում, կենսական գործունեության շարժառիթների ձևավորումը:

Նոր մարդ է ծնվում

          Մեր աչքի առջև բացարձակ նոր պատկեր բացվեց: Մենք տեսանք ոչ թե ուսուցման կամ դաստիարակության նոր համակարգ, այլ նոր մարդ , ով բացահայտում ու ազատորեն զարգացնում է իր իրական բնույթը: Նա դրսևորում է իր ես-ը, երբ ոչինչ չի զսպում իր ինքնուրույն աշխատանքին ու չի ճնշում հոգին:

Այդ պատճառով ես կարծում եմ, որ ուսուցման ոլորտի բոլոր բարեփոխումները պետք  է ուղղվեն դեպի անձի զարգացումը: Ուսուցման կենտրոնում պետք է հայտնվի անհատը:

Ընդ որում, անհարժեշտ է հիշել, որ մտավոր զարգացումը սկսվում է ոչ թե համալսարանի պատերի ներսում, այլ ծնված պահից, և առավել ինտենսիվ ընթանում է կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Հենց այդ ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, երեխաներին անհրաժեշտ է շրջապատել անխոնջ հոգատարությամբ: Եթե մենք այս պահանջի համաձայն գործենք, ապա երեխան ծանր աշխատանքի օբյեկտից կվերածվի զարմանալի ու անփոխարինելի սփոփանքի, բնության հրաշքի: Նա կդադարի մեզ համար «անզոր էակ» կամ «դատարկ տարա» լինելուց, որը մենք պետք է մեր իմաստնությամբ լցնենք: Նրա արժանապատվությունը կավելանա մեր աչքում, ելնելով այն բանից, թե ինչպես ենք մենք ընկալում երեխային՝ իբրև մեր բանականության նախագծողի: Մենք կհասկանանք, որ այդ զարմանալի էակը, ինքնուրույն ջանքերով ու առանց հոգնելու, որոշակի ճանապարհ է անցնում՝ կերտելու բնության մեծագույն հրաշքը, որը հանդիսանում  է Մարդը:

Մենք՝ ուսուցիչներս, միայն կարող ենք օգնել երեխային այդ ճանապարհն ինքնուրույն անցնել՝ ինչպես ծառայողներ: Միայն այդ ժամանակ մենք մասնակից կլինենք մարդկային ոգու կերտմանը, Նոր Մարդու ծնունդին: Նա այլևս կդադարի հանգամանքների սովորական զոհը լինելուց, ու հաշիվ չի տա իր շուրջը ծավալվող իրադարձություների համար, այլ ինքնուրույն ու ազատ մարդ կդառնա, ով ունակ է կառավարել հանգամանքները և ազդել մարդկային հասարակության ապագայի վրա:

Ռուսերենից փոխադրեց՝ Արմինե Աբրահամյանը

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s