Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին,

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ,

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխըս ծնկիդ է թեքվում,

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ…

Թողի երկիրն իմ հայրենի.

Թողի երկիրն իմ հայրենի,

Անահ անցա Արաբ ու Հինդ,

Տեսա մարդիկ չորսգլխանի,

Տեսա հազար աղետ ու խինդ։

Հասա մինչեւ Չինումաչին,

Հասա մինչեւ ծովը Ճերմակ,

Տեսա երկրի ծայրը վերջին

Եվ դրախտի դուռը կրակ։

Հազար անգամ ծագեց Արև

Եվ մայր մտավ հազար անգամ,

Տեսա ծառեր հըրատերև,

Տեսա ակունքն արեգական

Եվ փերիներ քնքուշ ու սև,

Աչքերը բոց, իրենք խավար,

Եվ փերիներ տեսա թեթև

Փրփուրի պես ճերմակ ու վառ…

Բոլորը ծուխ, բոլորն ավազ,

Բոլորն ավար ջուր ու քամուն.

Չըկա քեզնից գերիչ երազ,

Քո անունից անուշ անուն…