Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Բացուել է գարունը, ջրերը պղտորուել,
Սար ու ձոր կանաչել, ծաղկով զարդարուել.
Ծիծեռը գտել է իր բույնը հեռուան,
Շինում է, կարկատում, դնում նոր ձվան.
Պաղ օձը տաքցել է, թողել է իր բույն,
Սոխակը մնում է վարդի բացուելուն.
Գուգարաց աշխարհը նոր կեանք է առել,
Լոքի ու լալվարի ձիւները հալուել.
Գետակը Բողնիքի վաղ արշալոյսին
Հորդացած վշշում է փրփուրն երեսին.
Անտառում Ուփրեթը ամրոցն Արամեան,
Զուգուել է զարդարուել նոր հարսի նման.
Բուրգերից խնդութեան արցունք է հոսում,
Կարծես թէ սիրարժան հիւրի է սպասում:
Ամրոցի տիրուհին չքնաղ ՀԱՅԿԱՆՈՒՇ,
Դեռ փափուկ անկողնում քնած է մուշ- մուշ.
Տեսնում է երազում մի մարդ աժդահայ,
Մի գերան ուսին դրած գալիս է ահա.
Գալիս է աժդահան ընկնում ոտքերը,
Ասում է «Հայկանուշ, դու ես իմ սէրը.
Կամ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,
Եւ կամ իմ խնդիրքըս լսի՛ր , ընդունի՛ր»:
Վեր կացավ տիրուհին փափուկ անկողնից.
Ինչպէս մի նոր արեւ ծովի խորքերից,
Ոսկեմազ ծամերը ճաճանչի նման
Ծածկեցին մինչեւ ոտք հասակն աննման.
Երեք չորս նաժիշտներ մոտեցան կուսին,
Տօն օրուայ հագուստով նրան զուգեցին:
Նոր տեսած երազը գրաւել է նրան,
Մտքիցը չի ընկնում ահռելի հսկան.
«Մենք շուտով, ասում է, մէկ հիւր կունենանք.
Պէտք է նրա յառջեւ դուռը չբանանք.
Ես տեսայ երազում մի մարդ ահարկու,
Եկել է և ոտքս ընկել իբրեւ փեսացու»…
Այդ հսկան, թէ կուզես իմանալ ճիշտը,
Ասում է ժպտալով նըրա նաժիշտը,
Երեկուայ գուսանի երգի հերոսն է,
Պասքամեան աժդահա Անգեղեան Տորքն է:
Պարխարեան լեռներում երգչի ասելով
Կենում է մի հովիւ քաջ Տորք անունով.
Նա մի շատ յաղթանդամ հսկայ է զորեղ,
Բայց սիրտը բարի է, թեւ սէմքն ահեղ.
(Թող մարդ կոշտ լինի անհարթ սարի պէս,
Բայց սիրտը չըլինի անշունչ քարի պէս),
Նրան շատ սիրում են թէ՛ մարդ, թէ՛ գազան,
Առիւծ եւ վագրեր են հօտին պահապան,
Նա խոմ քո ցեղիցդ է, քեզ մոտ ազգակից,
Մի պապի թոռներ եք եւ մէկ արիւնից.
Գուսանի ներբողը ազդել է վըրադ,
Երազում տեսել ես ազգակից հսկադ:
_Դուք պատրաստ մնացեք, ինչ էլ որ լինի,
Թող վրաս ունենամ իմ թուրն հավլունի.
Ամրոցի դռները ամուր փակեցեք,
Լուացեք գլխներըդ, մաքուր հագուեցեք.
Ես գիտեմ , երազս պիտի կատարուի,
Մենք հյուրին կընդունենք, եթէ ներս մտնի,
Թէ փակած դռնովը ներս գալ կարենայ,
Այդ նշան կըլինի, որ Քաջ Տորքն է նա»:
Իրաւ որ Քաջ Տորքն էր երազի հսկան,
Եկ գնանք, ընթերցող, եւ բերենք նրան: Читать далее