Եվ մի իրիկուն…

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո:
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես… Խաղա՜ղ երեկո:

Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ —
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ…

Անցար — լուսավո՜ր, հեռավո՜ր, թեթև՜,
Ճառագայթի պես իրիկնամուտի:
Իսկ սիրտս՝ տխուր, հոգնաբեկ, անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի…

Աղբյուրը՝ Վիքիդարան

Հեռացումի խոսքեր

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքա՜ն աստղեր եմ մարել։
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ։ Читать далее

Ի՜նչ տրտում են զանգերը…

Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի..

Մարիոնետկա

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին։

Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։

Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․․․

Читать далее

Ինչ որ լավ է

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Հնչում են օրերը

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… Читать далее

Կապույտը

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց: Читать далее