Սուրբ Հարություն կամ Զատիկ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:

«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց, փորձության ջրից, օձերի խայթոցներից, Կորխի ապստամբությունից և զանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև մանանայի պակասելը, քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանացհաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների:

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:
Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:
Զատիկները չորսն են, և բոլորն էլ Աստված է սահմանել: Առաջինը կոչվում է Արարչական զատիկ, երկրորդը՝ Օրինադրական, երրորդը՝ Փրկական, իսկ չորրորդը՝ Նորոգման:
Արարչական զատիկն այն է, որ Աստված գարնանային գիշերահավասարից երկու օր անց՝ ուրբաթ օրը, արարեց Ադամին և նրան, որպես եռակի պարգև, տվեց զատկական հանդերձները. քահանայությունը, մարգարեությունը և թագավորությունը: Եվ որպեսզի զատկական ուրախությունը կատարյալ լինի, տվեց նաև երկինքը՝ իր լուսատուներով, Դրախտը՝ իմանալի տնկիներով, օդը՝ քաղցրանվագ թռչուններով, երկիրը՝ զանազան կենդանիներով, և ծովի ջրերը՝ իրենց բնակիչներով:
Աստված այդ մշտնջենավոր Զատիկը տվեց Ադամին, որպեսզի նրա ուրախությունը վախճան չունենա, ինչպես հրեշտակներիուրախությունն է անվախճան: Սակայն Ադամն այն իսկույն կորցրեց, այդ պատճառով էլ Աստված չուրախացավ առաջին Զատկով:
Երկրորդը Օրինադրական զատիկն է: Սա եղավ այն ժամանակ, երբ Աստված Իսրայելի որդիներին, Մովսեսի առաջնորդությամբ, մարմնավոր ու ժամանակավոր գերությունից ազատեց և առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր:
Օրինադրական զատիկն ուներ Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ կատարվեց գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, նիսան ամսին, լիալուսնի օրը: Այս զատկով Աստված Իսրայելի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ՝ փարավոնի գերությունից, երկրորդ՝ ծովից, քանզի նրանք չխորտակվեցին ծովում, իսկ փարավոնը իր զորքերով խորտակվեց, երրորդ՝ անապատի ահագնությունից, ուր օձերն ու կարիճները խայթում ու կծոտում էին նրանց, և չորրորդ՝ յոթ հզոր ազգերից, որոնց հրեաները հաղթեցին և տիրացան նրանց ժառանգությանը:
Եգիպտական գերությունից Իսրայելի մարմնավոր ազատությունը խորհրդանշում է ամբողջ մարդկության հոգևոր ազատությունը, ինչը կատարվեց Քրիստոսով՝ Փրկական զատկին: Այստեղ Մովսեսը խորհրդանշում է Քրիստոսին, նրա գավազանը՝ Քրիստոսի խաչը, Կարմիր ծովը՝ դժոխքը, ծովի ճեղքվելը՝ դժոխքի ավերվելը, ծովից Իսրայելի որդիների դուրս ելնելը՝ մարդկանց հոգիների դժոխքից դուրս ելնելը, փարավոնի՝ ծովում ընկղմվելը՝ սատանայի կործանումը, իսկ Իսրայելի որդիների գնալը դեպի Քորեբ լեռը՝ հոգիների երկինք բարձրանալը:
Երրորդը մեր Փրկչի Փրկական զատիկն է, երբ Տերը կամովին մատնեց Իր Անձը չարչարանքների, բևեռվեց խաչին և Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ ազատեց մեզ: Փրկական զատիկը ևս ունի Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ Տիրոջ չարչարանքները եղան գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, ամիսը նիսան էր, և լուսինը հասել էր իր լրմանը:
Այս զատկով Քրիստոս Ադամի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ՝մեղքերի մահից, ինչը թագավորել էր մեր բնության վրա Ադամից մինչև Մովսես (տե՜ս Հռոմ. Ե 14): Երկրորդ՝ հոգիներին ազատեց դժոխքից ու սատանայի իշխանությունից, իսկ արժանավորներին բարձրացրեց դեպի արքայության լույսը: Երրորդ՝ մեզ ազատեց Օրենքի անեծքից և տվեց Շնորհի օրենքը: Չորրորդ՝ ազատեց անգիտության խավարից ու անհուսությունից և տվեց աստվածպաշտության լույսը:
Քանի որ Քրիստոսի Վերջին ընթրիքը, մատնությունը, խաչելությունը, թաղումը և հարությունը տեղի ունեցան հրեական, այսինքն՝ Օրինադրական զատկի տոնին, այդ պատճառով էլ Քրիստոնեական, այսինքն՝ Փրկական զատիկը փոխարինեց նախորդին:
Չորրորդը Նորոգության զատիկն է, որը լինելու է աշխարհի վախճանին: Նորոգության զատկին, ըստ առաքյալի խոսքի, Տերը նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի Իր փառավոր Մարմնին (տե՜ս Փիլիպ. Գ 21): Ապա մեր հոգին ազատվելու է տգիտությունից ու ատելությունից և անխզելիորեն կապվելու է Իր սիրույն. ինչպես մարմնի անդամներն են սիրով միացած մարմնին, այդպես էլ մենք սիրով միանալու ենք Քրիստոսին: Ազատելու է մեզ մարմնի բազմաթիվ կրքերից և հանգչեցնելու է անհոգս հանգստում՝ ըստ այս խոսքի. «Եկե՜ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28):

Աղբյուրը՝ http://ter-hambardzum.net/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s