Հեղինակ` Նունե Մովսիսյան
Որպեսզի չորրորդ դասարանի սովորողները ավելի լավ պատկերացնեն քերականության այս կամ այն բաժինը կամ կանոնը, ուսումնական նյութը էլ ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար շատ հաճախ կարիք է լինում դասապրոցեսը վերածելու խաղի, երբեմն էլ… նկարչության դասի: Այդպիսի մի դասի մասին էլ ուզում եմ պատմել:
Դասի սկզբում, իմ խնդրանքով, երեխաները նկարեցին այն ամենը, ինչ տեսան դասարանում: Հետո գրեցին, թե ինչ առարկա են նկարել:
Երկրորդ փուլում երեխաներին հանձնարարվեց գունավորել նկարները և մեկ բառով գրել, թե ինչպիսին է այն` ձևը, չափը, գույնը և այլն:
Երրորդ փուլում երեխաները պիտի կարողանային իրենց նկարած առարկաները գործողությունների մեջ դնել` բացել, փակել, կոտրել, գցել և այլն:
Ի դեպ, այս փուլում երեխաները առավել ակտիվ էին ու աշխույժ, որովհետև «ծնվում» էին շատ հետաքրքիր ու անսպասելի բառակապակցություններ` վազող ժամացույցը, քայլող գրիչը, թռչկոտող գիրքը և այլն: Հետո դրանք դարձան սուտասելուկների, բանաստեղծությունների, շարադրությունների վերնագրեր:
Վերջին փուլում երեխաները սկսեցին հաշվել, թե քանի առարկա են նկարել:
Դասի ավարտին, ամփոփման արդյունքում, պարզ դարձավ, որ երեխաները առանց որևէ էական դժվարության կարողանում են տարբերել առարկա, հատկանիշ, գործողություն և թիվ ցույց տվող բառերը:
Վերջում ավելացնեմ, որ օրերս անցկացրած ստուգման արդյունքները սպասվածից ավելին էին. տասնութ սովորողից տասնյոթը հավաքել էր առավելագույն միավոր:
Աղբյուրը` ,,Դպիր,, էլ ամսագիր, 12-րդ համար