Ուսումնահետազոտական ճամբարները` որպես հանրակրթության զարգացման լաբորատորիաներ

Հեղինակներ`

Արմինե Աբրահամյան
Անահիտ Հարությունյան
Նելլի Թովմասյան

Կրթահամալիրի ուսումնական պլաններով սահմանված է, որ ուսումնական տարվա մեջ երկու անգամ՝ դեկտեմբերին և հունիսին, ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ուսումնահետազոտական ճամբարների ձևով:

Ուսումնահետազոտական ճամբարների  կազմակերպման նպատակն է` ակտիվ գործունեության միջոցով ամբողջացնել ուսումնական տարվա  ընթացքում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները՝ դպրոցի համար սովորական տարիքային խմբերի՝ դասարանների փոխարեն կազմելով հետաքրքրություններով միավորված սովորողների տարատարիք խմբեր, գործունեությանը մասնակից դարձնելով նաև ծնողներին, քաղաքի հանրապետության մարզերի այլ դպրոցների սովորողների և ուսուցիչների:

Ուսումնահետազոտական ճամբարների գործունեության արդյունքում կարող են լուծվել հետևյալ խնդիրները`

  1. Ամփոփել կիսամյակային գործունեության արդյունքները  և սովորողներին ձեռք բերած գիտելիքները, կարողությունները և հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություն տալ
  2. Նման նախասիրություններով սովորողներին իրար հետ աշխատելու հնարավորություն տալ
  3. Աշխատանքների մեջ ներգրավել ընտանիքի մյուս անդամներին
  4. Ներգրավել քաղաքի այլ դպրոցներում և Հայաստանի տարբեր մարզերում սովորող երեխաներին
  5. Համագործակցել այլ դպրոցներում աշխատող ուսուցիչների հետ
  6. Ճամբարի միջոցով մշակելու և ամբողջացնելու հանրակրթական ծրագիրը, ավելի կենդանի և գործնական դարձնել ուսուցումը

Դասավանողներին և սովորողներին հնարավորություն է ընձեռում լուծելու ուսումնական  խնդիրներ.

  1. Լրացնել բացթողումները
  2. Ավարտին հասցնել ուսումնական նախագծերը
  3. Կազմակերպել կիսամյակային հաշվետու ցուցադրություններ
  4. Ուսումնահասարակական նախագծեր իրականացնել (միջավայրի բարեկարգում, հանրօգուտ աշխատանքների կազմակերպում)
  5. Նախապատրաստվել ներկայացումների կամ ծեսերի
  6. Կազմակերպել միջդպրոցական ստուգատեսներ
  7. Կազմակերպել ուսումնական ճամփորդություններ
  8. Սովորողների հետ ամբողջացնել ուսումնական փաթեթները
  9. Դասարանական ֆիլմաշարեր, ֆոտոալբոմներ ստեղծել
  10. Լրացնել սովորողի զարգացման աճի բնութագրերը
  11. Անցկացնել ուսումնական կարողությունների և հմտությունների կիսամյակային ստուգումները:

Կազմակերպումը
Ճամբարները կազմակերպվում են ըստ համապատասխան կարգի, կրթահամալիրի բոլոր դպրոցներում: Դրանց պարտադիր մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողներն (հունիսյան ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցների շրջանավարտները) ու դասավանդողները, ծնողներ: Ուսումնահետազոտական ճամբարների կազմակերպումը թույլատրում է ներգրավել նաև այլ դպրոցների կամ Հայաստանի տարբեր մարզերից հյուրընկալվող սովորողներին ու դասավանդողներին: Ճամբարները գործում են այն օրակարգով, որը մշակում է ճամբարի պետը կամ ծրագրի ղեկավարը, համագործակցելով մյուս դասավանդողների և սովորողների հետ: Օրակարգը հաստատվում է կրթահամալիրի տնօրենի կողմից: Ճամբարականները բաժանվում են տարատարիք խմբերի` ջոկատների, որոնց գործունեությունը ղեկավարում է ջոկատավարը (դասավանդողը): Ծնողները հանդես են գալիս որպես ջոկատավարի և խոհարարի օգնականներ, ցանկության դեպքում՝ նաև որպես ջոկատավարներ: Ճամբարները գործում են երկարացված օրվա ռեժիմով: Ուսումնական կիսամյակի և տարվա արդյունքներն ամփոփվում  են երկշաբաթյա ուսումնահետազոտական ճամբարից և սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներից հետո՝ հաշվի առնելով սովորողների մասնակցությունը դրանց:

Գործունեության կազմակերպումը ուսումնահետազոտական ճամբարների ընթացքում
Ամառային և ձմեռային ճամբարները տարբերվում են տարվա եղանակի, մոտալուտ  տոների պատճառով: Գործունեության ձևերը չեն փոփոխվում, այլ հարմարեցվում են ժամանակի պահանջներին` դրանք դիտելով որպես առավելություն: Ճամբարի բոլոր մասնակիցները օրվա մի քանի անգամ հավաքվում են:
Յուրաքանչյուր ջոկատ ուսումնահետազոտական աշխատանքի թեմա է ընտրում, ծրագրում է այն որպես տասնօրյա գործունեության նախագիծ և իրականացնում է ճամբարի ընթացքում: Նախագծի թեմաները կարող են համաձայնեցվել, որի արդյունքում դպրոց-ճամբարը կներկայացնի մեկ ամբողջական նախագիծ: Ջոկատներն իրավունք ունեն հանդես գալու որպես անկախ միավորներ, ներակայացնելով ցանկացած հետազոտական նախագիծ: Նախագիծն իրականացնելիս զբաղվում են հետաքրքիր և զարգացնող աշխատանքով՝ իրականացնելով ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Երաժշտական գործունեություն (
երգ, պար, ծես).

  1. Ճամբարային օրը սկսվում է միասնական երգ ու պարով (առավոտյան ժամերգություն): Բոլոր մասնակիցները երգում են ծանոթ երգերը, միմյանց ողջունում ու պար բռնում:
  2. Սովորում են հայերեն, ռուսերեն, անգլերեն նոր երգեր:
  3. Օրվա ընթացքում կազմակերպվում են ուրախ մանկական դիսկոտեկներ, սովորում են նոր պարեր:
  4. Բեմականացնում են պար-մնջախաղ, կազմակերպում են նոր ոճի ցուցադրություններ:
  5. Ծիսական երգեր ու պարեր են սովորում:
  6. Ունկնդում են դասական երաժշտություն:

Մարմնակրթություն

  1. Երգ ու պարին հաջորդում է առավոտյան ուրախ նախավարժանքը: Ճամբարի մասնակիցները շարային քայլքով շարժվում են դեպի մարզադահլիճ, ամառային ճամբարի դեպքում բակ են դուրս գալիս և զբաղվում պարային, ռիթմիկ մարմնամարզությամբ:
  2. Ճամբարի ընթացքում կազմակերպվում են շարժական խաղեր:
  3. Կազմակերպվում են սպորտլանդիաներ:
  4. Միջջոկատային և միջդպրոցական մրցույթ-սպորտլանդիաներ, շախմատային, տրամաբանական և շարժական խաղերի ստուգատեսներ:
  5. Կազմակերպվում են լողուսուցման պարապմունքներ:

Ինքնասպասարկում

  1. Գնումներ են կատարում:
  2. Մասնակցում են սննդի կազմակերպմանը:
  3. Հերթապահում են խոհանոցում և ջոկատում:
  4. Բարեկարգում են դպրոցի միջավայրը, դասարանները (ջրում են տնկիները, խնամում են կենդանիներին, մաքրում են բակը, փխրեցնում հողը):
  5. Հանրօգուտ աշխատանք են կատարում (հավաքում են դպրոցի շրջակայքում թափված աղբը):

Լեզվագործունեություն

  1. Զբաղվում են թարգմանական գործունեությամբ:
  2. Բառարաններ ու գրքույկներ են կազմում:
  3. Կրթահամալիրի կայքին ճամբարային առօրյայի մասին պատմող նյութեր են տրամադրում:
  4. Ստեղծագործում են, սցենարներ մշակում:

Բնագիտություն

  1. Խնամում են ծառերն ու ծաղիկները:
  2. Բնագիտական փորձեր են կատարում:
  3. Շրջապատող ծառերի, բույսերի, կենդանիների ու թռչունների մասին ուսումնահետազոտական նախագծեր են կազմում:

Մաթեմատիկական, տրամաբանական գործունեություն

  1. Գնումների աղյուսակ են կազմում:
  2. Կշռում ու չափում են:
  3. Տրամաբանական խնդիրներ են լուծում:
  4. Փոքրիկ հատակագծեր ու սխեմաներ են նախագծում (բակի հատակագիծ, դպրոցի կամ փողոցի քարտեզ և այլն):

Արվեստ-տեխնոլոգիա

  1. Զբաղվում են քանդակագործությամբ:
  2. Թռչող օձեր, օդապարուկներ են պատրաստում:
  3. Նկարում են:
  4. Ցուցադրությունների և ներկայացումների համար հագուստներ ու դիմակներ են պատրաստում:
  5. Տիկնիկներ, շրխկաններ ու այլ խաղալիքներ են պատրաստում:

ՏՀՏ հմտություններ

  1. Ֆոտոխցիկով նկարում են իրենց առօրյան:
  2. Դասարանական էլեկտրոնային ֆոտոալբոմներ են ստեղծում:
  3. Ճամբարային առօրյայի մասին պատմող նկարաշար, ֆիլմաշար են ստեղծում:
  4. Հետազոտական աշխատանքին վերաբերող նյութեր են փնտրում ինտերնետային կայքերում:
  5. Կայքի համար նյութեր են պատրաստում և հաղորդում:
  6. Էլեկտրոնային թղթապանակներն են հավաքում:
  7. Ճամբարային հետազոտական աշխատանքը ներկայացնող ուսումնական նյութեր են պատրաստում:

Հայրենագիտություն

  1. Ուսումնական ճամփորդություններ են կազմակերպվում քաղաքում և քաղաքից դուրս` զբոսանքներ, այցեր  գրադարան, թատրոն, թանգարաններ և այլն:

Ուսումնահետազոտական ճամբարների առանձնահատկությունները

Ճամբարների գործունեության գլխավոր առանձնահատկությունը հասարակությանը՝ ծնողներին, ընտանիքի այլ անդամներին, այլ դպրոցներում սովորող երեխաներին ընդհանուր գործունեության մեջ ինտեգրելն է: Ոչինչ չի կարող փոխարինել իրական շփմանն ու միասին գործելով`իրար ճանաչելու, գնահատելու, սովորեցնելու  և իրարից սովորելու հնարավորությանը: Կարծում ենք, որ ուսումնա-հետազոտական ճամբարը դպրոցական կյանքի լավագույն մոդելն է: Ճամբարում կայացած մոդելները (օրինակ՝ առավոտյան ժամերգությունը) տեղափոխվում են հանրակրթություն: Ճամբարի ընթացքում սովորողներն ու դասավանդողներն օգտվում են տարվա ընթացքում կուտակված աշխատանքային փորձից և դրանք ի մի բերելու հնարավորություն են ստանում: Երկարացված օրը, ծնողների ու ավագ ընկերների աջակցությունը հնարավոր են դարձնում իրականացնելու պլանավորված աշխատանքները: Տարատարիք և փոքրաքանակ` 15 հոգիանոց ջոկատների գործունեության կազմակերպումն ավելի արդյունավետ և գրավիչ է դարձնում ճամբարային առօրյան, ապահովելով սովորողների համագործակցությունը: Ընդհանուր ապրումակցումը (միասնական պարը, միասին սեղանի շուրջ խմբվելը, խաղալիս և աշխատելիս իրար օգնելը), մեկ նպատակի շուրջ համախմբվելը, հարազատության ու մտերմության մթնոլորտ են ստեղծում: Հյուրատան առկայությունը հնարավոր է դարձնում մարզերից ժամանած հյուրերին ներգրավելու ճամբարային կյանքին և կրթահամալիրում  իրականացվող մանկավարժությունը ներկայացնել իրական, ամենօրյա գործունեության մեջ:

Եզրակացություն

Ուսումնահետազոտական ճամբարը օգնում է զարգացնելու և արտադրողական դարձնելու հանրակրթությունը:

Ճամբարային առօրյան ճիշտ և արդյունավետ կազմակերպելու դեպքում կարող ենք ոչ միայն մանկավարժական, այլև սոցիալական խնդիրներ լուծել:

Ճամբարները միշտ եղել և մնում են երեխաների սիրած ժամանցի ձևերից մեկը: Այսօր մեր երեխաների համար այնքան քիչ են օգտակար, զարգացնող ու միևնույն ժամանակ հաճելի ժամանցները: Եկեք չձանձրացնենք նրանց մեր կամայականություններով, չվնասենք մեր` հաճախ անիրական ձգտումներով: Փորձենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխան չմոլորվի  բազմազան ու անպետք գիտելիքների  հորձանուտում, այլ վերագտնի իր կապը մանկության ու իրեն ստեղծած աշխարհի հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s