Սելեստեն Ֆրենե. Նոր ֆրանսիական դպրոց

Ռուսերենից թարգմանեցին` Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը

Մտավոր գործունեություն

Իր բազմազան գործունեության ընթացքում օգտագործելով մեր նոր սարքավորումները՝ երեխան աստիճանաբար յուրացնում է աշխատանքի տարբեր մեխանիկական գործիքներ, որոնք, նրա հնարավորությունների սահմաններն ընդարձակելով, նրան թույլ են տալիս նյութն իր կամքին և իր կարիքներին ենթարկելու:

Սակայն գոյություն ունեն այլ՝ անշոշափելի, ոչ նյութական «գործիքներ», որոնց նշանակությունը չի կարելի թերագնահատել: Դրանք երեխային հնարավորություն են տալիս իր նմանների հետ հաղորդակցվելու, իր պահանջները ձևակերպելու և արտահայտելու, շրջապատող աշխարհի, նրա առանձին բաղադրիչների և դրանց կապերի  մասին գիտելիքները զարգացնելու և խորացնելու, աստիճանաբար նվաճելու բնությունը: Նկատի ունենք խոսքը, որը ձեռքերից հետո գլխավոր և ամենահրաշալի գործիքն է. նկարը, գիրը, տպագրությունն ու ընթերցանությունը նույնպես շատ կարևոր են:

Այս «գործիքներից» յուրաքանչյուրի կիրառման համար իրենց մեթոդներն ու եղանակները կան, որոնք, երեխաների տարիքին, կենսակերպին և փորձին համապատասխան, անթերի մշակված պիտի լինեն: Ինչպես մեխանիկական գործիքների դեպքում, այստեղ նույնպես հնարավոր բոլոր վտանգները պետք է վերացնել և նախապատրաստել նյութը, որից երեխան հաջողությամբ կօգտվի ոչ սխոլաստիկ,այլ կենդանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ստանալու համար:

ա) Խոսք: Երբ երեխան մանկապարտեզ է գալիս, նա արդեն շատ թե քիչ ճիշտ խոսել կարողանում է: Սակայն նրա լեզուն (մանավանդ եթե հասարակ ընտանիքից է) շատ աղքատիկ է, քանի որ հետախուզման և ընտելացման փուլերն է արտահայտում: Դաստիարակության այժմյան մեթոդները երեխաներին պահում են այս փուլում` լեզվի ողջ հարստությունն արտահայտելուց հեռու որոշակի բառերի և անվանումների գործածությունը միայն ամրապնդելով: Իսկ մենք երեխային կողմնորոշում ենք դեպի կենդանի լեզուն՝ որպես մարդկանց հաղորդակցման միջոց: Հենց այն աշխատանքը, որն առաջարկում ենք երեխաներին, դեպի կենդանի խոսք է առաջնորդում. դաշտում աշխատելով, կենդանիներ խնամելով՝ նրանք սովորում են ամեն ինչին իրենց հակազդումների ողջ բազմազանությունն արտահայտել՝ դրա համար ըստ իրենց հնարավորությունների բառեր ու բառակապակցություններ ընտրելով: Երբ երեխան հող է փորում կամ բույս տնկում, կենդանի պահում, տնակ կառուցում, սայլակ կամ տիկնիկ սարքում, դա նրա համար մի նոր, հուզական աշխարհ է, որը նրա կենդանի և անմիջական խոսքում անպայման իր բնական արտահայտությունն է ունենում:

Բոլորովին չձգտելով մեթոդական սահմանափակումների, որոնք խոսքի ճշգրտման հավակնություն ունենալով՝ իրականում միայն ճնշում են երեխայի ինքնարտահայտման բնական պահանջմունքը, խթանում ենք նրա կենդանի լեզվի զարգացումն ու հարստացումը:

Դաստիարակչուհին ստեղծագործական աշխատանքով է հետաքրքրում երեխաներին: Նա ականջ է դնում նրանց պատմություններին՝ դնելով այն հունի մեջ, որն ինքն ավելի արդյունավետ է համարում, հետո գրի կառնի նրանց ասածների հիմնական բովանդակությունը և տեքստ կկազմի, որը կարծես կյանքի որևէ հատվածի համադրությունը, խտացումն ու արձանագրումն կդառնա: Երեխաներն այդպիսի բաների նկատմամբ չափազանց զգայուն են, տեքստի նկատմաբ նրանց վերաբերմունքն էլ մտքի իսկական աշխատանքի առաջին արդյունքը կլինի:

Դաստիարակչուհին այդ տեքստը կգրի գրատախտակին՝ ինչքան հնարավոր է արտահայտիչ նկարազարդումներով, հետո խմբի օրագրում կարտագրի, որտեղ նաև երեխաների լավագույն նկարները կսոսնձվեն: Այդ օրագիրն իր պատվավոր տեղն ունի դարակաշարում, որտեղ  երեխաների հաջողված գործերն են ցուցադրվում:

Առաջին փուլում երեխաների մտավոր աշխատանքն արհեստականորեն չենք բարդացնի: Բոլորովին չի կարելի չոր և սխոլաստիկ տեքստեր անել: Երեխաներին տեքստը կարդալ սովորեցնելու փորձ անգամ դեռևս չի կարելի անել. բավական է, որ նրանք դա սև գրատախտակին սպիտակ կավիճով, իսկ հետո իրենց տետրերում` առեղծվածային բարակ խճճագրերով գրված տեսնեն: Գիրը մի հրաշալի գործիք է, որի կախարդական հստակությամբ երեխան հիանում է մինչև դա ճանաչելն ու գործածել սովորելը: Կգա օրը, երբ նա ինքը կցանկանա այդ միջոցին տիրապետել և իր հայեցողությամբ գործածել:

Իսկ ինչպե՞ս կլինի այդ տիրապետումը: «Լեզվի ուսուցման բնական մեթոդը» (1) գրքում դա հանգամանալից պարզաբանել ենք, գրին և ընթերցանությանը բնական մեթոդով առնչվելու առավելությունը ցույց տվել, ընդ որում ընդգծել, որ ներկայումս այդ մեթոդիկայի նյութերն ու տեխնիկական միջոցները ոչ բոլորին են մատչելի: Այստեղ լոկ մեր հետազոտության գործնական հետևություններն ենք շարադրել:

բ) Նկար: Կարծում ենք, որ ընթերցանության և գրավոր խոսքի ուսուցման առաջին փուլի հիմքում ոչ թե բառերն ու նախադասությունները իրենց նշանակությունից կտրված ճանաչելն ու մեխանիկորեն ընդօրինակելն է, այլ նկարը՝ սկզբում պարզապես որպես ձեռքի համար զբաղմունք, իսկ հետո` որպես ինքնարտահայտման միջոց:

Սակայն այդ գործընթացն ավելի հետաքրքիր կարող եք դարձնել, հետևյալ տեխնիկայի հաշվին հարստացնել:

Պատճենման սարք կամ, ավելի լավ է, լիմոգրաֆ ձեռք բերեք: Պատճենման սարքի առավելությունն այն է, որ նկարն իր գույնով կարելի է արտատպել, սակայն գույները վառ չեն լինում և ստացվող պատճենների քանակը՝ սահմանափակ: Լիմոգրաֆը սև-սպիտակ պատկեր է տալիս, սակայն նրա հետ աշխատելը հեշտ է, և անսահմանափակ քանակով նմուշներ ստանալու հնարավորություն է տալիս:

Ամեն օր այդ սարքերից մեկով կարող եք մանկական նկար տպել, որը որ ավելի տպավորիչ համարեք: Ընդ որում բոլորովին էլ պարտադիր չէ, որ դա անթերի լինի: Անհրաժեշտ է, որ բոլոր երեխաները հերթով նկար վերարտադրելու իրավունք ստանան: Կտեսնեք, թե ինչ խանդավառություն կառաջացնի նկարի արագ, ավտոմատ ընդօրինակումը, ի՛նչ ուրախություն կլինի նրա համար, ով նկարել է, և ինչպիսի ջանասիրությամբ երեխաները կյուրացնեն նման հրաշագործ սարքի հետ աշխատանքը:

Ստացված նկարները երեխաներին բաժանեք, որպեսզի գունավորեն, և հատուկ կազմի մեջ սոսնձեն. դա նրանց կյանքի առաջին կենդանի և հետաքրքիր գիրքը կդառնա: Երբեմն դաստիարակը կա´մ նկարի հետ միասին, կա´մ առանձին նաև ոչ մեծ տեքստ կարող է տպել. հաջորդ փուլում դա պարտադիր կդառնա:

Երեխաների համար ևս մի հրաշք գործեք, որը նույնպես ձեզ համար շատ մատչելի է: Փորագրման գործիքների հավաքածու, լինոլեում և արտատպման նյութ գնեցեք: Սկզբում լինոլեումի վրա ինքներդ որևէ պատկեր փորագրեք, իսկ հետո դա ուշիմ երեխաներից որևէ մեկին սովորեցրեք: Հետո արտատպող նյութի օգնությամբ դրոշմ ստացեք: Ճերմակ թղթի վրա սև ու սպիտակ ուրվագծերի հայտնվելը ոչ միայն կհիացնի երեխաներին, այլև նրանց մեջ ինքնարտահայտվելու համար նկարելու պահանջ կարթնացնի, միաժամանակ գեղագիտական ճաշակը կզարգացնի: Այդ լինոլիումի փորագրությունները ևս երեխան կարող է գունավորել և սոսնձել իր անձնական գրքում: Առանձին նմուշներ դասասենյակի պատերին կարելի է կախել կամ ծնողներին փոխանցել:

Թվարկված տեխնիկական միջոցների նշանակությունը դժվար է գերագնահատել, մանավանդ որ դրանք օրգանական և բնական կերպով մտնում են երեխայի կյանքի և աշխատանքի մեջ:

Սկզբում երեխան պարզապես սովորում է մատիտին տիրապետել, և նրա նկարներն ինքնարտահայտման միջոց են դառնում միայն այն ժամանակ, երբ նկարելու տեխնիկան ամբողջությամբ յուրացնում է:

Երեխաների պատմությունների հիման վրա որևէ դեպք եք նկարագրում, հետո յուրաքանչյուր երեխա փորձում է յուրովի արտահայտել, նորից վերապրել, իր գիտակցության միջով անցկացնել և իր նկարով հարստացնել: Ընդ որում նա բացարձակ ազատ պիտի լինի: Երեխային թուղթ ու մատիտ տվեք և թողեք՝ նկարի, ինչպես կարող է: Սկզբում ինչ-որ խառնաշփոթ բան կստացվի, բայց հետո նա աստիճանաբար կկատարելագործվի և կհարստացնի իր նկարները:

Ո՛չ խորհուրդներ են պետք, ո՛չ գնահատականներ: Բավական է միայն հետաքրքրություն ցւոցաբերել պատրաստի նկարի հանդեպ, որի մեջ անպայման ինքնատիպ մի բան կա, և դրանից օգտվել  երեխային «խոսեցնելու» համար, սեփական մտքերն արտահայտելու և հաղորդակցվելու կարողությունը զարգացնել:

գ) Գրավոր խոսք: Նկարելու տեխնիկայի յուրացման մի որոշակի փուլում ուսուցման ճանապարհը երկատվում է: Երեխան իր մտքերն ու զգացմունքները շարունակում է նկարներով արտահայտել, սակայն միևնույն ժամանակ նրան սկսում են հետաքրքրել «խճճագրերը», որոնց օգնությամբ դաստիարակչուհին գրի է առնում նրա խոսքը: Սկզբում գրի առնված տեքստն ուղղակի արտանկարում է, հետո հետաքրքրվում է բառերով, տառերով և գրի նշանակությունը ենթագիտակցորեն կապում է նրա հնչողության հետ: Եվ հենց այդ կապից ելնելով` երեխան ինքը սովորում գրել` այդ ձևով իր սեփական մտքերն արտահայտելով:

Այս փուլում մեթոդապես մշակված պարբերական վարժություններ բոլորովին չենք նախատեսում:

դ
) Արտատպում և շարվածք: Նկարը, ինչպես բոլոր գեղարվեստական ստեղծագործությունները, ինքնին արժեք է, երեխայի գեղագիտական զգացմունքներն է արթնացնում: Գիրը նույնքան շահեկան վիճակում չէ: Միայն որոշակի նպատակների և հստակ դրդապատճառների առկայության դեպքում է նա կատարելագործվում, իսկ հակառակ դեպքում հեծանիվ-տրենաժորի է նմանվում, որի ոտնակները, իրական շարժում չառաջացնելով, դատարկ են պտտվում…

Մեր նոր տեխմիջոցներն օժանդակում են մանկավարժորեն անհրաժեշտ այդ դրդապատճառներին:
Երեխան արդեն գիտակցում է գրավոր խոսքի կարևորությունը` որպես իր մտքերն արտահայտելու և փոխանցելու միջոց: Սակայն անհրաժեշտ է, որ այդ փոխանցման անհրաժեշտությունն զգա: Չէ՞ որ դասընկերների և դաստիարակի հետ հաղորդակցվելու համար բանավոր խոսքն ու դիմախաղն էլ բավարար են, իսկ դա երկարատև ուսուցման կարիք չունի: Իսկ եթե գործիքը գործի ժամանակ չի կիրառվում, ապա պե՞տք է որ… Ինչքան ուզում եք, կարող եք երեխային ստիպել հեծանիվ-տրենաժորի ոտնակները դատարկ պտտել, կարող եք նրան նույնիսկ վարժեցնել, ինչպես սկյուռիկի, որին ստիպում են պտտել անիվը… Սակայն դա բոլորովին այլ դաստիարակություն է:

Գիրը երեխաների համար միայն այն դեպքում է իմաստ ունենում, երբ բանավոր խոսքով հաղորդակցվելու հնարավորություն չի լինում, երբ պետք է լինում հաղորդակցվել նրանց հետ, ովքեր մանկապարտեզի սահմաններից դուրս են:

Մեր տեխնիկական միջոցների օգնությամբ այդ դրդապատճառը գործնականում առկա է հետևյալ սխեմայով` մտքի ազատ արտահայտում — պատճենող սարքով բազմացում կամ շարվածք – նկարազարդում — սեփական թերթի թողարկում: Թերթերը փոխանցում են ծնողներին, մանկապարտեզները նաև իրար հետ են թերթեր փոխանակում. այս ձևով տարբեր քաղաքների երեխաներ են միմյանց հետ ծանոթանում, որը մանկավարժական տեսանկյունից շատ կարևոր է:

Ահա շարվածքի տեխնիկայով աշխատանքի մոտավոր պլանը. ընթերցողը մեր ուրիշ գրքերում և գրքույկներում ավելի մանրամասն մշակում կարող է գտնել:

Ամեն օր դաստիարակը երեխաների հետ կազմում և գրատախտակին գրում է տեքստ այն մասին, թե տվյալ պահին ինչն է իրենց հետաքրքրում և անհանգստացնում: Այդ տեքստը նաև պատճենահանող սարքով կարելի է վերարտադրել: Սակայն խոշոր տառատեսակով շարող հաստոցի առավելությունն ակնհայտ է: Շարվածքի տառարկղից օգտվելով՝ դաստիարակի հետ կամ բարձրդասարանցիների օգնությամբ երեխաները վերարտադրում են տեքստը, իսկ հետո իրենք էլ տպագրում են դա: 5-6 տարեկան երեխաներին դա լիովին մատչելի է:

Տեքստը փորագրանկարով կարելի է նկարազարդել կամ լիմոգրաֆի թե պատճենող սարքի միջոցով վերարտադրած նկարներով: Իրենց պատմվածքի համար երեխաներն իրենք էլ կարող են նկարել, ընդ որում մինչև տեքստը իրենց գրքի մեջ տեղադրելը կամ պատին փակցնելը նորից «կվերապրեն» դա, էլի կմտածեն, «իրենց միջով կանցկացնեն»

Շատ կարևոր է, որ ամեն օր մի քանի տպագրած թերթիկ առանձնացվի. ամսվա վերջին նրանք կկազմեն թերթը, որի օրինակները կբաժանվեն սաների ծնողներին և նրանց ընկերներին, ինչպես նաև Ֆրանսիայով մեկ տարածված այլ մանկապարտեզներ՝ այնտեղ տպված կամ պատճենող սարքով բազմացված թերթերի հետ փոխանակելու:

Շաբաթը երկու անգամ մենք փոստով թերթեր ենք ուղարկում մեզ հետ մշտական նամակագրական կապ ունեցող այլ մանկապարտեզ: Այդ պարտեզի առօրյայի կազմակերպման մասին ամեն ինչ գիտենք, բոլոր սաների անունները, նրանց սովորությունները, խաղերը, ուրախություններն ու տխրությունները գիտենք: Թերթերից բացի` երեխաներն իրար նաև ձեռագիր նամակներ են ուղարկում, նկարներ, խաղալիքներ, ձեռքի աշխատանք: Տարածության մեջ այսպիսի հաղորդակցությունը, որի անհրաժեշտությունն ակնհայտ է, հատկապես արդյունավետ է դառնում: Երեխայի համար մի ամբողջ համակարգ բնական հետաքրքրություններ են հայտնվում, որոնք լավագույնս կարելի է գործադրել դաստիարակչական նպատակներով:

Սակայն հատուկ կուզեի ընդգծել, որ լեզվին տիրապետելու բնական ընթացքին ամբողջությամբ համապատասխանող այդ գործընթացը վստահորեն (շոշափելով ճանաչելու միջոցով) բանավոր խոսքից գրավորին, իսկ հետո` ընթերցանությանը անցնելու հնարավորություն է տալիս:

Կարևոր չէ, որ երեխաները տեքստը «նկարում են» գրատախտակին` դա դեռ կարդալ չկարողանալով, սակայն հիանալի հասկանալով. կարևոր չէ, որ նրանք տեքստ են կազմում տառերով, որոնք դեռ չգիտեն, այլ դաստիարակի օգնությամբ միայն սովորում են տարբերել: Մի´ մտածեք, թե իրար գրել չի կարելի՝ առանց երկար նամակներն առանց սխալների գրել սովորելու: Գլխավորն այն է, որ որպես արտահայտչամիջոց՝ գրավոր խոսքի իմաստը, արժեքը, անհրաժեշտությունը, անհատական և հասարակական դերը երեխան զգացած լինի: Մեր տեխնիկական միջոցներն այդ նպատակին են համապատասխանում: Մնացածը վստահում ենք երեխային: Նրան միայն մի քիչ պիտի օգնենք, և նա այդ տեխնիկային կտիրապետի այնպես, ինչպես լեզվին:

«Գիտական» մեթոդիկային վարժված մանկավարժներին այսպիսի հայացքները կարող են տարօրինակ թվալ, սակայն վճռականորեն պնդում ենք, որ միայն մեր այդ մեթոդն է բանավորից գրավորին, իսկ հետո ընթերցանությանը բնական անցում անելու հնարավորություն տալիս:

Գլխավորը՝ սխոլաստիկ միտումներից աշխատե´ք խուսափել: Որպես դոգմա կիրառվող՝ ընթերցանության մեթոդական ուսուցումը շոշափելով ճանաչումն է կրճատում, որը կարծես թե ժամանակի տնտեսում է: Այդ մեթոդիկայով երեխան իսկապես կարող է ավելի արագ սովորել գրելն ու կարդալը, սակայն դա իմացության մի շարք միջանկյալ փուլերի հաշվին կլինի, որոնք թյուրիմացաբար ոչ պիտանի են համարում: Եթե երեխային ցույց տաք, թե ինչպես են ավտոմեքենայի բանալին պտտում, և որ ոտնակները պետք է սեղմել, որ շարիչն աշխատի, նա կարող է քշել: Սակայն մեխանիկական այս հնարքները յուրացնելով և որոշելով, որ դա բավական է` երեխան փոքրագույն անսարքության և խոչընդոտի դեպքում անզոր կլինի: Այդ դեպքում նա կզղջա այդպես հապճեպ սովորելու համար և ստիպված կդառնա ավտոմեքենան ինքնուրույն յուրացնելուն: Այս օրինակը ուսուցման ավանդական համակարգն արմատապես վերանայելու անհրաժեշտության մասին է վկայում:

ե) Ընթերցանություն: Այսպիսով, երեխան խոսում է. նա տեսնում է, թե ինչպես իր համար նոր և անծանոթ ձևով իր խոսքը, իր մտքերն ու գործողություններն արձանագրվում են գրատախտակին. նա այդ ձեռագիր տեքստը ինքնուրույն կարողանում է տպագիր էջ դարձնել. կարողանում է իր հեռավոր ընկերներին նամակ ուղարկել և ի պատասխան նրանցից նմանատիպ էջեր ստանալ: Այս անընդհատ գործընթացի արդյունքում երեխայի տեսողական հիշողությունը լսողական հիշողության օգնությամբ արձանագրում է տառերը, բառերը, նախադասությունները՝ իրենց նշանակած հասկացությունների հետ օրգանական կապերով: Երեխան մշտապես գրված բառն արտաբերած բառի հետ է համեմատում, իր գրած բառը՝ գրատախտակի օրինակի կամ տպագիր էջի բառի հետ. նա ընկերներից ստացած թերթերում ճանաչում է բառերը, համեմատում է նրանց հետ, որ իրենց թերթերից արդեն գիտեր: Շոշափելով ճանաչելը մտքի լարված աշխատանք է ծնում, և այդ ձևով, առանց ինչ-որ հատուկ վարժությունների, երեխան ավելի ու ավելի շատ բառեր է մտապահում. նա ոչ միայն ճանաչում է դրանց գրությունը, այլ արդեն որոշակի հասկացությունների հետ է կապում: Ճանաչումը և ըմբռնումը զուգահեռաբար են լինում՝ որպես միևնույն գործընթացի երկու բաղկացուցիչներ:

Այդպես երեխան սկզբում, առանց կարդալու, ճանաչում է ծանոթ տեքստերը, հետո՝ տեքստերից կամ իր ընկերների նամակներից առանձին արտահայտություններ: Ծանոթ բառերի հիմնվելով՝ երբեմն նոր բառեր և նախադասություններ հասկանալու է հանգում: Հետո մանկական գրքերում ամբողջական պարբերություններ է սկսում ճանաչել, որից հետո ընդհուպ կմոտենա ամենադժվար խնդիրներին:

Երեխան առանց վարժությունների կարողանում է կարդալ: Նա ի սկզբանե կարողանում է կարդալ, որովհետև ձեռագիր կամ տպագիր տեքստի ուրվագծերով իմանում էր նրա մեջ ամփոփված իմաստ՝ կարծես հեռվից լսելով նրանց ձայները, ովքեր մոտ չեն: Կարևոր չէ, որ երեխան դեռ չի կարողանում բարձրաձայն սահուն կարդալ: Չէ՞ որ դա ըստ էության ընդամենը ձանձրալի և միանգամայն անօգուտ վարժություն է, որն ուսուցիչները վաղուց անհրաժեշտ են համարում միայն այն պատճառով, որ չեն կարողանում մտքում կարդացած ստուգելու տեքստի յուրացումն ստուգել: Հիշեցնենք սակայն, որ վերջինս մնում է ընթերցանության հիմնական տեսակը, և դա միայն բարձրացնում է դաստիարակչական այդքան նշանակալից արդյունք ունեցող մեր մեթոդների արժեքը:

Մեր ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք մեր «Լեզվի ուսուցման բնական մեթոդը» գրքույկին: Այնտեղ նա խոսքից ընթերցանություն գործընթացի մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ նյութերի, եղանակների և տեխնիկական միջոցների ցանկն ու բնութագիրը կգտնի: Մենք չենք պնդում, թե երեխան ռեկորդային կարճ ժամկետում կարդալ կսովորի, սակայն մեր մեթոդը հաջողություն է երաշխավորում և բարենպաստ ազդեցություն ունի դաստիարակչական ողջ գործընթացում:

Գեղարվեստական ստեղծագործություն

Նախորդ բաժնում խոսեցինք երեխայի մտավոր զարգացման մասին, որը տեղի է ունենում արտահայտման այնպիսի միջոցների տիրապետման շնորհիվ, ինչպիսիք են բանավոր խոսքը, գրավորը և ընթերցանությունը:

Բայց գոյություն ունեն նաև զուտ բնազդային, սակայն անձի ձևավորման համար հսկայական նշանակություն ունեցող, շրջապատող աշխարհը ճանաչելու համար ոչ պակաս արժեքավոր այլ արտահայտչամիջոցներ:

Այդ միջոցների գործածությունը չի կարելի համեմատել առանձնահատուկ ինտելեկտուալ գործունեության հետ, սակայն դա թերություն չէ, ինչպես կարծում են ոմանք, այլ ավելի շուտ արժանիք: Բանն այն է, որ այստեղ գործի է դրվում մարդկային հոգու առանձնահատուկ ոլորտը` ենթագիտակցականը: Եվ հաճախ է պատահում, որ պաշտոնական ուսուցմանը հակադրվող և ճշգրիտ գիտությունները դժվարությամբ ընկալող մարդիկ արվեստի բնագավառում հախուռն հասնում են կատարելության:

Անձի հանդեպ իսկական հանցագործություն կլիներ, եթե խոչընդոտեինք նրա այնքան կարևոր ունակություններն իրականացնելու, ընդ որում հատկապես նրանց, որ զգացմունքներին, հույզերին, հոգեկան հավասարակշռությանն են առնչվում:

Ինչպես արդեն ասել ենք, գեղարվեստական ստեղծագործության գործընթացն արմատապես տարբերվում է մտավոր գործունեությունից: Հետևաբար և այլ չափանիշներով պետք է գնահատել: Գրավորը շատ կամ քիչ ճիշտ կարող է լինել, տեքստը` շատ կամ քիչ գրագետ, ընթերցանությունը` շատ կամ քիչ արտահայտիչ: Այստեղ չափանիշները սահմանելը հեշտ է: Սակայն ոչ մի դեպքում դրանք արվեստի ոլորտ տեղափոխել չի կարելի:

Երեխայի նկարը գնահատելու համար թարմ հայացք ու զգայուն հոգի պետք է ունենալ, անվարժ ուրվագծերի և վրձնահարվածների ետևում պետք է նկատել անհատականությունը, նրա ծնունդն ու ձևավորումը, նրա աշխարհընկալումը, նրա հպանցիկ տպավորությունները:

Երեխայի գեղարվեստական ստեղծագործությանը մենք կարևոր տեղ ենք հատկացնում: Նկարչությունն իր նշանակությունը չի կորցնում և այն բանից հետո, որ երեխաները գրել  են սովորել: Նրանք տեքստ են ձևավորում, մատիտներով և ներկերով նկարում, ստվարաթղթից կամ լինոլիումից կլիշեներ կտրելով՝ մանրանկարներ անում: Ներկայացումն ու տիկնիկային թատրոնը ևս նշանակալից դեր ունեն: Անհրաժեշտ են նաև երգը և ռիթմիկան, ընդ որում եթե մանկապարտեզում դաշնամուր և նվագակցող չկան, կարելի է նվագարկիչ օգտագործել:

Մանկապարտեզում գեղարվեստական ստեղծագործության նշանակությունը հսկայական է, դա հնարավոր չէ գերագնահատել:

Քարտարաններ

Առաջարկում ենք մի նորամուծություն, որ ներկայումս մանկապարտեզներում այնքան էլ գործածական չէ, քարտարանը: Բոլորը գիտեն, թե ինչպես են երեխաները նկարներ սիրում, ինչքան է նրանց դուր գալիս դրանք կտրատելը, ստվարաթղթի վրա սոսնձելը, ապա ըստ թեմաների տեսակավորելը: Նրանց տա´նք այդ հնարավորությունը:

Խմբերում հետաքրքիր նկարների մշտական փնտրտուք ենք կազմակերպում. երեխաները հաճույքով մասնակցում են, լուսանկարներ բերում, պատկերազարդ ամսագրեր և այլն: Դիտարժան նկարները կտրատվում են, սոսնձվում 13.5×21 սմ և 21×27 սմ չափսի ստվարաթղթե քարտերի վրա և տեղավորում քարտարանի թեմատիկ արկղիկներում: Հետագայում ըստ անհրաժեշտության օգտագործվում են որպես ուսումնական նյութ:

Այս նորամուծությունը թանկ չէ և դաստիարակի համար արժեքավոր օժանդակություն կդառնա:

Աշխատանքի պլաններ

Քանի երեխան գործունեության տարբեր ձևերի միջև ընտրություն չունի, նրան աշխատանքի պլան անհրաժեշտ չէ: Եթե տանը ընդամենը մի աշխատանք կա, որ երեխաների ուժը կպատի, մայրն առանց երկար մտածելու հրամայում է. «Փա՛յտ բեր»: Աշխատանքը կարող է երեխային դուր գալ, սակայն կարող է նաև դուր չգալ, և հենց ծնողական իշխանությունը թուլանա, նա դրանից կարող է ճարպկորեն խուսափել:

Սակայն, եթե աշխատանքը բազմազան է` ճագարներին խմանել, այծերին արածեցնել, սայլակով ինչ-որ բան տեղափոխել, պատի ծակը փակել, դուռը նորոգել, կահույքը ներկել կամ հղկել, ապա հաջորդ օրվա աշխատանքը ընտանիքի գլխավորը նախորդ օրվա երեկոյան պիտի երեխաների միջև բաժանի: Ոմանք դա անում են՝ իրենց իշխանությունն օգտագործելով և հաճախ երեխաների ցանկություններին հակառակ: Երեխաներից մեկը գուցե սիրով սայլակով բեռ փոխադրեր, և ի՛նչ եռանդով ու ջանասիրությամբ կաշխատեր… Բայց ո՛չ… Նրան ասում են, թե միշտ չէ, որ կարող ես անել այն, ինչ դուր է գալիս, և այդ պատճառով էլ ուղարկում են այծերն արածեցնելու, ինչը նա լավ չի կարողանում անել, իսկ սայլակը տալիս են այն տղային, ով անպայման դա կշրջի, քանի որ մտածում է հյուսնի աշխատանքի մասին: Սրանից էլ՝ անկարգություն, վեճ, անախորժություն, աշխատանքից խուսափում, դժգոհություն ու անկազմակերպվածություն: Իսկ իրականում այս ամենը սխալ դաստիարակության հետևանքն է:

Հաճախ ճիշտ այդպես են վարվում նաև մանկավարժները, երբ զգուշավորությունից, որ «չցրվեն», երեխաներին հենց կյանքի կողմից տրվող գործունեության բազմազանությունը հասցնում են նվազագույնի:

Իսկ եթե մայրն այնքան էլ համառ չէ և ավելի դիվանագետ է, նա ընտանեկան յուրօրինակ խորհրդում պարտականությունները բաժանում է՝ համադրելով յուրաքանչյուր երեխայի ճաշակը և ողջ ընտանիքի պահանջմունքները: Յուրաքանչյուրը հստակ կիմանա, թե վաղն ինչ է անելու ինքը, յուրաքանչյուրը կստանա այն աշխատանքը, որը սիրում է կամ ծայրահեղ դեպքում կարևորությունն է գիտակցում, այն աշխատանքը, որն ինքն է ընտրել: Այդ դեպքում նա կձգտի դա հնարավորինս լավ կատարել:

Ամենատարբեր աշխատանքներ կատարելու հնարավորություն ընձեռող միջոցների բազմազանության պայմաններում մեզ համապատասխան փորձ է անհրաժեշտ: Դաստիարակը չպետք է հրամայի՝ օգտվելով իր իշխանությունից: Նա երեխաների հետ պետք է աշխատանքի պլաններ կազմի: Մենք առաջարկում ենք.

ա) կոլեկտիվի կյանքի իրական հնարավորությունները, կարգուկանոնը հաշվի առնող՝ շաբաթվա աշխատանքի ընդհանուր պլան: Չէ՞ որ ընտանիքում ևս սահմանված ժամին բոլորը ճաշի են ներկայանում` աշխատանքը որոշ ժամանակով ընդհատելով: Այդպես նաև մանկապարտեզում պիտի լինի՝ պարապմունքների համար սահմանված ժամանակ, այգում աշխատելու (տարվա և օրվա եղանակից կախված) կամ տեքստեր կազմելու համար և այլն:

բ) Շաբաթվա աշխատանքի անհատական պլան. այս պլանի մեջ երեխան պետք է գրանցի այն աշխատանքը, որն ինքն ուզում է, որով կզբաղվի և որի կատարմանն անձամբ է հետևելու:

Մանկապարտեզների համար աշխատանքի օրինակելի պլանները մենք հրապարակում ենք: Դրանք հոժարությամբ կիրառվում են, և անկասկած օգտակար են:

Եթե աշխատանքի պլան չկա, երեխան դառնում է ճորտ, որին շատ հեշտ է շահագործելը: Նա աշխատանքը բոլորից շուտ է վերջացնում, նրան իսկույն լրացուցիչ առաջադրանք են տալիս. նրան կարող են կտրել աշխատանքից, որը դուր է գալիս, և ուրիշը տալ: Արդյունքն այն է, որ նա ծույլ, անհնազանդ և ջղագրգիռ է դառնում:

Պլանի առկայության դեպքում երեխան հարաբերականորեն ազատ է այն շրջանակների սահմաններում, որոնք նախապես որոշված և նրա հետ համաձայնեցված են: Նա հաշվի է առնում է իր ուժերը և աշխատանքի տեմպը. կարող է շտապել, որպեսզի հետո հանգստանա կամ զբաղվի իր համար հետաքրքիր այլ աշխատանքով: Այսպիսով, երեխան փոքր տարիքից սովորում է կարգապահությանը, ինքնահսկմանը, ի վերջո գործունեության ինչ ձև էլ ընտրած լինի՝ վարժվում է յուրաքանչյուր գործ ավարտին հասցնելու, որը շատ կարևոր է, և վերջապես հոգեկան բավարարվածություն է զգում, որը միայն լավ կատարված աշխատանքն է տալիս:

Մանկապարտեզում, ինչպես նաև հաջորդող աստիճաններում, բոլորովին էլ ոչ երևակայական կամ մեր կողմից հնարված, ինչպես ոմանք պնդում են, այլ մանկական կոլեկտիվի բարդ և բազմակողմանի կյանքի շրջանակներում անհատական աշխատանքի մեթոդական կազմակերպումից բխող՝ աշխատանքի պլանների գործածության փորձը նոր մանկավարժության ուշադրության կենտրոնում կլինի:

Դասերի դերը և տեղը

Մանկապարտեզում դասերն անհրաժեշտ չենք համարում: Մեր առաջարկած նյութերի և տեխնիկական միջոցների հագեցվածությունը և դաստիարակչական նշանակությունը բավարար գիտելիքների ձեռքբերման հուսալի երաշխիք են: Հետ մնալը կարող է լինել միայն մտավոր և ֆիզիկական արատների դեպքում, որի դեմ ևս մեր մեթոդները լավագույն դեղամիջոցն են:

7 տարեկանում երեխան սովորում է ճիշտ խոսել և իր մտքերն արտահայտել, գրել ու կարդալ` օգտվելով, ճիշտ է, բնազդաբար, այլ ոչ գիտակցաբար յուրացրած իր բավական հարուստ բառապաշարից, սակայն այդ պաշարը դպրոցական միջին մակարդակից ցածր չէ: Շրջապատող հարուստ միջավայրի հետ շփման մեջ և ստեղծագործական, մտավոր, մեխանիկական աշխատանքն ապահովող միջոցների օգնությամբ երեխան սովորում է ավելի վստահ գործել, ինչը դատողությունների և գնահատականների համոզվածության հիմքն է դառնում: Եթե նա գրավոր կամ բանավոր ինչ-որ բան բավական հստակ արտահայտել դեռ չի կարողանում, նրան կօգնեն նկարը, երգեցողությունը, դիմախաղը. նա իր անհատական պարտականությունները և հասարակության մեջ իր դերը կսկսի գիտակցել, կկարողանա ենթարկվել հանգստությամբ և նպատակահարմարությամբ պայմանավորված կարգուկանոնին: Միաժամանակ նա կպահպանի իր շարժունակությունը, աշխուժությունը և բնազդական ունակությունը` դիմադրելու այն ամենին, ինչ սպառնում է խաթարել այդ ներդաշնակությունը:

Ստացած հիմքի վրա միշտ կարելի է առանց վնաս պատճառելու գիտական գիտելիքներ ավելացնել այն չափով, ինչ չափով ուսումնական ծրագիրն է պահանջում: Առանձին մոտեցումներ, որոնք լայնորեն կիրառվելու են հետո` հաջորդ փուլում, ավելի ընդունակ երեխաների հետ մեծ հաջողությամբ արդեն կարող են կիրառվել: Այսպես, որոշ խմբերի համար շատ օգտակար է ընթերցանությունից, գրավորից և թվաբանությունից ինքնահսկման քարտեր կազմելը. այդպիսի քարտերի նախապատրաստումն ու գործածումը հաջորդ աստիճանի համար մանրամասն կնկարագրենք: Իսկ այստեղ տարբեր դպրոցների պայմաններում մեր կողմից առաջարկվող եղանակների կիրառման հնարավորությունների շարադրանքով ենք սահմանափակվում: Ընդ որում, ի տարբերություն ողջ աշխարհում ընդունված որոշ մեթոդիկաների` ճշգրիտ սահմաններ չենք պարտադրում, մեր մեթոդները խիստ արարողակարգ չեն:

Մենք առաջարկում ենք`
— մեր կողմից մանրակրկիտ մշակված ուսումնական նյութեր, որոնք, մեր հիմնական սկզբունքներին հետևելով, յուրաքանչյուր դաստիարակ ինքը կարող է մասնակիորեն նախապատրաստել, լրամշակել և հարմարեցնել իր պահանջմունքներին.
— այդ նյութերի գործածման հիմնական եղանակները.
— երեխաների կյանքի  և աշխատանքի կազմակերպման ընդհանուր սկզբունքները` ներառյալ սաների և դաստիարակների մշտական համագործակցությունը և դպրոցների միջև նամակագրության փորձը:

Թող յուրաքանչյուրն այդ ամբողջությունից փորձի քաղել առավելագույն դաստիարակչական արդյունք` հաշվի առնելով յուրաքանչյուր անհատի և հասարակության կյանքի ողջ բարդությունը: Այս ուղով ոչ միայն երեխաների դաստիարակության և կրթության հաջողությունն ենք երաշխավորում, այլև դաստիարակի ձեր դերի նորովի գիտակցումը, ինչպես նաև ներքին խորը բավարարվածությունը, որը ոգեշնչում և պարգևատրում է երեխաների հոգիներն արթնացնող և զարգացնող իսկական դաստիարակներին:

Աղբյուրը` Դպիր N 13

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s