Երջանիկ խրճիթը

 

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրել համեմատությունները
  2. Ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով
  3. Տրված արահայտությունները գրել մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։
  4. Տեքստից դուրս գրել ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։
  5. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկել դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։
  6. Նկարագրել խրճիթը։
  7. Բնութագրել տղային։
  8. Առանձնացնել տղայի ծնողներին բնութագրող հատվածները։
  9. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրել։
  10. Պատմվածքը համեմատել Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s