Ուսումնական ռադիոնախագիծ

Նպատակը՝ Բանավոր խոսքի մշակում, զարգացում:

Խնդիրները՝ 

  • Գրագետ, հասկանալի մտքի ձևակերպում
  • Ամբողջական, տրամաբանված խոսքի կառուցում
  • Վերլուծական, ստեղծագործական մտածողության զարգացում
  • Արտահայտիչ ընթերցանության զարգացում, արտասանության, լեզվական թերությունների շտկում, մշակում
  • Հարցադրումներ անելու, հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկություննեը փնտրելու, մշակելու կարողությունների զարգացում
  • Տպավորությունները, տեղեկատվությունը մշակելու, ներկայացնելու կարողությունների զարգացում
  • Ինքնուրույն կամ խմբային աշխատանքի հմտությունների տիրապետում
  • Տեխնոլոգիական, թվային միջոցների կիրառությամբ աշխատանքը ամբողջացնելու, շտկելու /խմբագրելու/ առավել գրավիչ մատուցելու կարողությունների ձևավորում

Ձայնագրիչի գործածությունը կարևորվում ու խրախուսվում է լեզվագործունեության բազմաբնույթ աշխատանքների ընթացքում: Այն սովորողի և դասավանդողի ձեռքին կարևոր ուսումնական գործիք է, որի օգնությամբ բանավոր, կենդանի խոսքի ինքնահսկում-հղկում-մշակումը հետաքրքիր, հետազոտական ու հետևողական լեզվական աշխատանքի է վերածվում: Աշխատանքի մասնակիցները բոլորն են՝ թե՛ խոսողը, թե՛ ունկնդիրները: Հաղորդումների թեմաներն ու նախագծերը բազմազան են. յուրաքանչյուրը հնարավորություն ունի հանդես գալու անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան նախագծերով: Հաղորդումները ստեղծվում են և՛ առօրյա, ուսումնական աշխատանքների, և՛ ակումբային, ընտրությամբ գործունեության  կամ լրացուցիչ աշխատանքների ընթացքում: Ըստ այդմ էլ, ռադիոհաղորդումների նախագծերը կարող են թեմատիկ առանձնահատկություններ և լրացումներ ունենալ: Օրինակ՝ մեթոդական, ուսումնական, վերլուծական, ժամանցային, տեղեկատվական և այլն… Կարևորն այն է, որ աշխատանքը ձևական բնույթ չկրի, ներառի սովորողների բոլոր խմբերին, ապահովի ու խթանի սովորողների ինքնուրույն, ստեղծագործական աշխատանքին և հետևողական զարգացում ունենա:

Հաղորդումների տեսակները՝

  • Լրատվական, լուսաբանող
  • Վերլուծական
  • Ուսումնական-մեթոդական / ուսումնական որևէ թեմայի շուրջ կատարված աշխատանքի, ամբողջական դասի ընթացքի հետաքրքիր ներկայացում/
  • Թատերական /ռադիոպոեզիա, ռադիոթատրոն, մենաներկայացում, մենախոսություն…/
  • Հարցազրույցներ, ուսումնասիրություններ
  • Որևէ թեմայի շուրջ իրականացվող հաղորդումների շարք
  • Ընտանեկան կամ անհատական այլ նախագծեր