Եղիշե Չարենց

Ռուբայաթներ

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

*********

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

******

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

********

Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

*******

Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է.

Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։

*******

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում — և ոչինչ քեզ հար չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռուն — և ոչինչ քեզ հար չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար չթվաց։

******

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

*******

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։

********

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

****

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

*****

Նա գնաց ու կրկին եկավ— երեկվա իմ սիրած սիրեկանը,
Բայց տեսա, որ արդեն չկա— երեկվա իմ սիրած սիրեկանը։
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս, նա չէ՛.—
Եկած է— ու կարծես չեկած— երեկվա իմ սիրած սիրեկանը։

*****

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

*******

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s