ԻՄ ԵՐԳԸ

 

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը։
  2. Դո՛ւրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։
  3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
  4. Ինչո՞ւ է Թումանյանը բանաստեղծությունն այսպես վերնագրել։ Գրի՛ր կարծիքդ։
  5. Ինքդ ինչպե՞ս կվերնագրես բանաստեղծությունը։
  6. Վերլուծի՛ր բանաստեղծության ընդգծված միտքը։
  7. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը։ Ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։