Անհաս ու աննվաճ Արագած

20160716_143510«Ոչ մի հաղթանակ չի կարող համեմատվել ինքդ քո դեմ տարած հաղթանակի հետ․․․» Այս խոսքերը կարծես ինչ-որ տեղ կարդացել եմ, բայց դա կարևոր չէ․․․Կարևորն այն է, որ դրանք հենց նոր ծագեցին-վերածնվեցին իմ մտքում , երբ սկսեցի մտածել դեպի Արագած կատարած իմ ճամփորդության մասին։

Արագած լեռան տեսիլքը ես շարունակ ստեղծել, փայփայել եմ երևակայությանս հեռավոր ու անհաս եզերքներում,փնտրել Արագածին նվիրված բանաստեղծական տողերում, բայց իրականում առերեսվել «Սեգ հսկայի» հետ, չեմ համարձակվել․․․Երևի ակնածանքից է։ Եթե իմ սիրելի ուսուցիչ՝ տիար Գևորգը չպնդեր, ես այս անգամ էլ կհետաձգեի դեպի Արագած իմ բարձունքը․․․ Մի պատրվակ հաստատ կգտնեի՝ ինչպես մինչև երեկ․․․

Մեր մեջ ասած, երբեք լեռնագնացներին չեմ հասկացել։ Մտածել եմ, որ արկածների ու ինքնահաղթահարման համար բազմաթիվ այլ ճանապարհներ կան, ի՞նչ է տալիս մարդուն սարի գագաթ բարձրանալ-մագլցելը, բացի կյանքդ փորձության ենթարկելով, ինքդ քեզ ապացուցելուց, որ դու դա կարողացար անել․․․ Համոզված եմ եղել, որ հպարտ ու վեհ լեռները հայացքի, երազանքի անհաս ճամփաներ են․․․մի՞թե հեռվից վայելելն ու  հիանալը բավական չէ ։ Նույնիսկ հաճախ ինքս ինձ հարցրել եմ, թե Տիար Գևորգի նման ուսուցիչը ինչո՞ւ է բոլորիս շարունակ դեպի Արագած առաջնորդում, տեսնես չի հոգնո՞ւմ նույն վերելքը հաղթահարելուց․․․

Բայց ո՞ւր պիտի փախչեի, մի օր իմ հերթն էր հասնելու․․․ու հենց այս ամառ հասավ․․․Մտածեցի, երկմտեցի, ամբողջ գիշեր շուռումուռ եկա․․․ու վճռեցի՝ ես իմ երազանքի բարձունք Արագածը իրական եմ դարձնելու։

Ի տարբերություն ինձ, Արմենս՝ իմ խենթ ու խելառ զարմիկը, առանց վարանելու ընդունեց բարձունքի հրավերը ու առավոտ շուտ, ի զարմանս ինձ, ճամփորդի ոգևորությամբ սպասում էր մեքենայում։ Չուշացանք։ Ծեսը չխախտեցինք․ արշավականներով լուսանկարվեցինք «Սուրբ Երրոդություն » եկեղեցու բակում ու մեր վարորդ Գեղամի օգնությամբ, սլացանք դեպի լեռները․․․

Լեռնային սառ օդը սթափեցրեց թմրածներին, ինձ նույնպես, չնայած բոլորվին թմրած չէի։ Կայանեցինք Քարի լճի մոտակայքում։ Նախաճաշելուց առաջ, տիար Գևորգը դեպի բարձունք ուղեկցող իր ընկերներին ներկայացրեց մեզ՝ արշավախմբի բոլոր սեբաստացիներիս, ու իրեն բնորոշ հումորով ծանոթացրեց լեռնագնացի՝ ընդունված վարքին ու կարգին, որը խախտել չի կարելի։

Մենք առաջ շարժվեցինք դանդաղ ու հաստատուն քայլերով․․․Ճանապարհին հանդիպեցինք նաև օտարերկրացի լեռնագնացների, ովքեր ի տարբերություն մեզ, քայլում էին լուռ ու իրար հետևից․․․ Բայց դե, ինչպե՞ս կարող էինք վերելքը միասին հաղթահարողի վայելքը իրար հետ չկիսել, բարձրաձայն չհիանալ ու չկանչել ՝ ամեն քայլին Արագածի հրաշքները բացահայտելիս․․․Չկչկչալ, մեզ ուղեկցող ավագ ընկերների համ ու հոտով զրույց- կատակներից․․․

Չորս ժամ քայլեցինք։ Առջևից գնում էր հորեղբայր Հրաչը՝ Արմենի հիացմունքով ավելի ոգևորված, իսկ հետևից՝ տիար Գևորգը՝ մեր ընթացքը, ինքնազգացողությունը հսկելով։ Երկա՜ր քայլեցինք՝ շարունակ նոր փորձություններ հաղթահարելով։ Շոգեցինք ու մրսեցինք, լիցքավորվեցինք ու ուժասպառ եղանք, բայց չհանձնվեցինք․․․բարձունքը կանչում էր։ Ձյունածածկ գագաթը մոտ էր թվում, սակայն հաղթահարման ճանապարհը նոր փորձություններ էր խոստանում։

Արագածը մշուշող ամպերը քանի՜ ձև ու կերպարանք փոխեցին, մինչև մոտեցանք գագաթին․․․Շատերս առաջին անգամ էինք հաղթահարում բարձունքը և համաձայն ընդունված ծիսակարգի, պետք է փակ աչքերով մոտենայինք խառնարանին ու մկրտվեինք․․․ Երբ իմ հերթը հասավ, սիրտս սկսեց անհանգիստ զարկել․․․Ինձ փակ աչքերով դեպի խառնարան ուղեկցեց հորեղբայր Ալբերտը․․․ Աչքերս բացվեցին ․․․ու զարմանք․․․ տեսա, մինչ այժմ փակ աչքերով պատկերացրած, անիրական թվացող տեսարանները։ Ես հիացմունքից չբացականչեցի՝ ինչպես Մերին ու սիրելի ընկեր Բզեզս․․․ Շփոթմունքից լռել էի։ Հորեղբայր Ալբերտը մի քիչ զարմացավ իմ «համեստ» արձագանքից․ ես դա կարդացի իր հայացքում։ Հարցրեց՝  առաջին անգա՞մ եմ տեսնում խառնարանը․․․ Ես շփոթվեցի նրա շփոթմունքից ու պատասխանեցի՝ առաջին անգամ։

Ինձ հակասական զգացմունքներ էին պատել․․․հպարտ էի, որ կարողացա հաղթահարել վերելքը, բայց չէի կարողանում պատկերացնել, որ այսքան մոտ եմ Արագածին, որ հասել եմ․․․

Տիար Գևորգը ճամփորդության սկզբում հայտարարել էր, որ մեր վերելքը նվիրելու ենք բոլորիս բարեկամ՝ Սեյրան Ավագյանի հավերժ հիշատակին։ Հպարտ էի նաև, որ առիթ ունեցա իմ խորին հարգանքը մատուցելու, կյանքումս հանդիպած ամենազվարթ ու օժտված արվեստագետներից մեկի՝ իր գործով միշտ կենդանի՝ ավագ ընկեր՝ Սեյրանի հիշատակին։ Երբ Արագածի վեհ հայացքի ներքո հնչեց –զրնգաց նրա ձայնը, ես թաքուն հուզվեցի․․․

Մենք քիչ, թե՝ շատ, չեմ կարող ասել,( ժամանակի ընթացքը չէի զգում) մնացինք գագաթին։ Ձմերուկ, սեխ, դեղձ ու ծիրան համտեսեցինք, խոսեցինք, լռեցինք, նկարվեցինք․․․Արագածի գագաթին նույնիսկ մրգի համտեսն էր  ոչ սովորական, խորհրդանշական թվում․․․Արմենը այդ ընթացքում հասցրեց քնել։ Օրվա տպավորություններից ուժասպառ էր եղել, իսկ առջևում՝ վայրէջքն էր։

Հետդարձի ճանապարհը ավելի երկար թվաց։ Ի՞նչ ասես որ չտեսանք, ի՞նչ անհավանական փորձություն ասես, որ չհաղթահարեցինք։ Բլուրներն ի վար մագլցելով, լարախաղացի պես քարափների ծայրերին քայլելով, ձյան ու սառույցի մեջ մխրճվելով, տեղ հասանք։ Ինչքա՜ն նոր զգացումներ ունեցա ու հիացնող պատկերներ տեսա այս ճամփորդության ընթացքում․․․Աստված գիտի ու ես։ Ամենակարևորը՝ համոզվեցի, որ վստահ ու դանդաղ քայլերով միայն կարող ես բարձունքներ նվաճել, հասկացա, որ բարձունքի հաղթահարման ճանապարհին, երբեմն նույնիսկ մեծ ցանկության դեպքում, անզոր ես օգնության ձեռք մեկնել ընկերոջդ։ Ամեն մարդ ինքնուրույն է հաղթահարում իր բարձունքը և օգնությունը կարող է վտանգավոր լինել․․․

Ամենի մասին պատմել չեմ կարող, բայց հաստատ կարող եմ ասել, որ հիմա իմ ուսուցիչ տիար Գևորգին առավել մեծ ակնածանքով եմ վերաբերվում․․․Լուռ, իմաստուն, համբերատար ընկեր Գևորգին, ով միշտ քայլում է հետևից՝ օգնության կարիք ունեցողներին դեպի բարձունք առաջնորդելու նպատակով․․․։

Ջա՜ն Արագած, ես դեռ լսում եմ քո ձյուներից սկիզբ առնող ու ճամփին առվակ դարձող ջրերի քչփչոցը, զգում եմ նուրբ ծաղիկներիդ մեղրաբույրը, ճերմակ ու վառ կանաչ գորգդ՝ ոտքերիս տակ․․․ Ի՜նչ հպարտ ու խորհրդավոր ես, Արագա՛ծ, քեզ երբեք նվաճել չի լինի․․․Անհաս ու աննվաճ Արագած։

16 հուլիսի. 2016 թ. «Դեպի Արագած» տեսապատում

One comment on “Անհաս ու աննվաճ Արագած

  1. Կեցցե՝ս , Արմինե ջան, հոգուս խորքում,մտքում անգամ, հազար անգամ նկարագրել եմ իմ ապրումները, իսկ դրանք միայն բարձրաձայնեցիր դու,իսկապես դա հասու է արդեն միայն վերելք հաղթահարողներին…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s