Գաբրիել Գարսիա Մարկես․Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

Մարկեսի գրական հանճարը գրավեց, հիացրեց ու զարմացրեց ինձ դեռևս ուսանողական տարիներին, երբ ձեռքս առա նրա հանրահայտ, Նոբելյան մրցանակի արժանացած ստեղծագործություններից մեկը՝ «Հարյուր տարվա մենություն » վեպը ։ Չեմ կարող ասել, թե ստեղծագործության գաղափարն ինձ՝ երիտասարդ ընթերցողիս, հասկանալի դարձավ, սակայն նրա կերտած հերոսների ու սյուժետային, թերևս ինձ հանդիպած, աննախադեպ դրվագների ազդեցությունը կենդանի է մինչ այսօր։ Մարկեսն ինձ համար միտքը պատկերների միջոցով փոխանցելու ու սարսռեցնելու չափ ազդեցիկ լինելու վարպետ է։ Այո՛, հենց սրա մեջ է նաև գրողի ասելիքը․չէ՞ որ մարդկային բոլոր ապրումները,  վայրիվերումները նույնքան ազդեցիկ ու սարսռեցնող են։ Մարկեսը մարդկային էության «մերկ ճշմարտության» հանճարեղ նկարիչ է։

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքը նրա գրական ժառանգության նոր բացահայտումներից մեկը եղավ․․․Ընթերցումը հենց սկզբից սկսեցի այլաբանությունների, պատկերների որոնումներով․․․ ու ահա թե ինչե՜ր բացահայտեցի։

Կարծում եմ, որ հեղինակը պատմության միջոցով մարդկային վեհ ձգտումների՝ ազատության, ոգեղենության, մի խոսքով կատարյալին ձգտելու ճանապարհն է ներկայացնում։ Ծովի անհունից հանկարծ ափ հասած ջրահեղձը հե՛նց մարդկային պարփակված, դեռևս անկենդան՝ իրականության մեջ ջրահեղձ եղած ձգտումների մարմնացումն է։ Գուցե սա է պատճառը, որ այն երևում է հե՛նց ջրահեղձ դիակի կերպարանքով․․․ որից սակայն « ծովի հոտ էր փչում․․․»

Ջրահեղձին առաջինը նկատեցին երեխաները, որոնք խաղում էին ծովափին, և մոգոնեցին, թե դա թշնամական նավ է: Հետո, կայմ ու դրոշ չհայտնաբերելով, մտածեցին, որ դա կետաձուկ է:  Իսկապես, միամիտ ու կենսափորձ չունեցող մարդու համար օտար, երբեմն թշնամական ու մերժելի են անծանոթ գաղափարներըսակայն, երբ գաղափարը գրավիչ ու հասանելի է թվում, նմանվում է մի խաղի, որը ի վերջո, բացահայտում է իրականությունը․« երբ ծովը անհայտ առարկան հանեց առափնյա ավազների վրա, և նրանք այն մաքրեցին մամուռների փաթույթներից, մեդուզաների շոշափուկներից, ձկների թեփուկներից ու նավաբեկությունների մնացորդներից, որոնք պարուրել էին նրան, ահա այդ ժամանակ նրանք հասկացան, որ դա ջրահեղձ է»:

Պատմվածքում տղամարդիկ մարմնավորում են հասարակության մեջ իշխանություն ու ազդեցություն ունեցողներին, ովքեր  «իսկույն նկատեցին,  որ նա ծանր է առավել, քան բոլոր մեռյալները, և մտածեցին, որ գուցե ծովը նրան շատ երկար է բերել, և ոսկորները ներծծվել են ջրով»: Այո՛, նրանք գիտակցում ու երբեմն հանձնվում էին իրենց հոգում անսպասելի գլուխ բարձրացրած բարձր ձգտումների ծանրակշիռ ու ազդեցիկ ուժին, սակայն «ոգու  ու հացի պայքարում», ինչպես կասեր Սարոյանը, վեհ գաղափարները նահանջում էին և կասկածը հուշում էր,  որ գուցե որոշ ջրահեղձներ օժտված են նաև մահից հետո խոշորանալու հատկությամբ

Այսպես, աստիճանաբար, ազատության, ոգեղենության ու գեղեցիկի գաղափարը  տիրում էր բոլորի մտքերին ու նվաճում աշխարհի անցուդարձին անտեղյակ, իրենց իսկ ափին ջրահեղձ եղող բնակիչներին։

Կանայք՝ մշտապես ներդաշնակության ու գեղեցկության ձգտող էակները, մի օր էլ հանկարծ նկատեցին, որ ջրահեղձը «նույնիսկ հիմա՝ արդեն մեռյալ, չէր տեղավորվում  իրենց պատկերացումներում ու երևակայության մեջ։ Նրանք տեսան նաև, որ մահը նա կրում է հպարտ արժանապատվությամբ. նրա դեմքին չկար ծովում խեղդվածներին հատուկ մենակության արտահայտություն, սակայն չկար նաև տանջանքի վանող արտահայտություն, որը գծագրվում է գետում խեղդվածների դեմքին: Բայց սոսկ այն ժամանակ, երբ նրան մաքրեցին ամբողջովին, նրանք հասկացան, թե իրականում ինչպիսին է նա եղել. և այդժամ նրանց շունչը կտրվեց: Գուցե կանանց հենց այդ ժամանակ  երևաց իրականությունը, երբ իրենց բնորոշ հոգատարությունից դրդված, ամբողջությամբ ազատեցին, մաքրեցին մարմինը կեղծ պաճուճանքներից ու պայմանականություններից։ Իսկ ինչի՞ց կտրվեց նրանց շունչը․գեղեցկությունի՞ց, անսպասելի բացված տեսարանի՞ց, թե՞ ․․․ մտածելու բան է։

Մինչդեռ տղամարդիկ իրենց հեռատեսությամբ ու իշխանության ուժով, հմտորեն թաքցնում էին ջրահեղձի մասին իրենց պատկերացումները, քանզի գիտակցում էին, որ իրենց կանայք առօրեկան ձգտումներից ու կենցաղից հոգնած, երազում էին անհատների, հերոսների մասին։ Նրանք երազում էին իրենց կողքին հերոս տղամարդ ունենալու մասին, սակայն, որպես մայր, վախենում էին իրենց զավակների համար․․․ «Այն պատճառով, որ հողն այդքան քիչ էր, մայրերին վայրկյան իսկ չէր լքում վախը, որ քամին կարող է տանել իրենց զավակներին: Եվ այն հատուկենտ մեռյալներին, որ նրանց առաքում էին տարիները, հարկ էր լինում նետել առափնյա գահավեժ ժայռերից»․․․արդյունքում փակ շրջան էր ստացվում․․․ու կրկին կենդանանում,  իրական էր դառնում Գեղեցիկ ջրահեղձի մասին երազը ․․․«Նա երբևէ նրանց տեսած ցանկացած մարդուց  ամենաբարձրահասական էր, ամենաուժեղը, ամենաբարեկազմը և ամենաառնականը․․․»

Եվ վերջապես, այն պահից սկսած, երբ բոլորի մտքում գերիշխող դարձան ջրահեղձի հերոսական կյանքի պատկերացումները, եկավ դին թաղելու ժամանակը։ «Նրանք Էստեբանին անդունդ նետեցին՝ այդպես էլ ոտքերին խարիսխ չկապելով, որպեսզի նա կարողանա վերադառնալ երբ կամենա, և շունչները պահեցին հարյուրամյակներից պոկված այն ակնթարթին, որը նախորդեց մարմնի անկմանը անհունություն ։ Գյուղի բնակիչները առաջին անգամ տեսան, թե ինչ դժգույն են իրենց փողոցները, լերկ են իրենց բակերի քարերը, չնչին են իրենց երազանքները ջրահեղձի հոյակապության և գեղեցկության համեմատ»։

Սակայն նրանք գիտեին նաև, որ այսուհետ ամեն բան այլ է լինելու․․․

Իրապես, ամեն բան այլ է դառնում, երբ թվացյալ վերջաբանին հաջորդում է նոր սկիզբը։ Այս պատմվածքում կա՞ սկիզբ ու վերջաբան, թե՞ ամեն ինչ շաղկապված է․․․ Կարծում եմ, իրար հաջորդող հարցերի շարանը դեռ մտորելու բազում առիթներ կտա։ Ա՜յ, ինչպես քիչ առաջ։

Մտքումս պատմվածքը վերլուծելու, ծանրութեթև անելու ընթացքում, հանկարծ մի միտք ծագեց․ ի՜նչ խորամանկ լուծում է գտել հեղինակը։ Լավ, ո՞վ էր իրականում Էստեբան կոչվածը․ջրահեղձ եղած սովորական մի ձկնո՞րս, հուսալքությունից ծովը նետված մի խեղճ մա՞րդ, թե՞ ջրահեղձ ավազակ․․․ Մի՞թե դա էական է․․․Իրականում Էստեբանը ծովի անհայտ եզերքից հայտնված մի ջրահեղձ էր, ով անդունդի եզրին հայտնված հասարակությանը ցույց տվեց երջանիկ ապրելու բանաձևը, ով ստիպեց մարդկությանը չդադարել երազներին հավատալուց, ով իր ազդեցությամբ ոգեշնչեց ու միաբանություն պարգևեց։

Ի վերջո մարդիկ թաղեցին ջրահեղձ դին, թաղելով նաև իրենց մեջ ապրող ջրահեղձին, իրենց խեղդամահ անող կապանքները։ Նա ասես մի հայելի էր, որի մեջ ջրահեղձ եղող հասարակությունը տեսավ իր իրական պատկերը։ Նրանք ազատության՝  ծովի բերած շունչը զգացին ու շարունակեցին ապրել Էստեբանի հայտնությամբ կյանքի կոչված գաղափարներով։  «Ապրեցին լերկ քարերից աղբյուրներ բխեցնելու, առափնյա ժայռերի գահավեժ լանջերին ծաղիկներ սերմանելու երազանքով»։ Իմ համոզմամբ, Էստեբանը իրականում աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձն էր։

ՀԳ

Գրող եմ ասել է՜, ջրահեղձն էլ այսքան գեղեցիկ կլինի՞։

One comment on “Գաբրիել Գարսիա Մարկես․Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

  1. Ծանուցում՝ Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը: Գ. Մարկես | Գրական ակումբ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s