Վիեննայի կենտրոնական գրադարանում

Ճամփորդության ընթացքում Վիեննան մեզ բազում անսպասելի հիացումի ու ոգևորության պահեր պարգևեց։ Ինձ համար անջնջելի տպավորություններից մեկը հենց քաղաքի կենտրոնական գրադարանի ուսումնական միջավայրն էր։ Մինչ Շուշանը կավարտեր իր վոկալի անհատական պարապմունքը, մենք երկու ժամից ավելի գրադարանի մաքուր ու մանրամասնորեն խնամված սրահներում զբոսնելու, ուսումնասիրելու, հնարավորություն ունենցանք։  Մենք գրադարան էինք այցելել Մխիթարյան Միաբանության հայրերից մեկի՝ տեր Գաբրիելի ուղեկցությամբ, որին Դավիթ չգիտես ինչու, համեմատում էր Գաբրիել հրեշտակապետի հետ։ Գրադարանի մուտքն ազատ էր բոլոր տարիքի ու ազգության այցելուների համար։ Որքան ժամանակ կուզես անցկացրու այս փառահեղ ուսումնական միջավայրում, որտեղ ուսումնատենչ մարդու համար ամեն ինչ մտածված-կազմակերպված է։ Կարդա ուզածդ գիրքը, քեզ հասկանալի միջազգային լեզվով, ականջակալներով ունկնդրիր փնտրածդ երաժշտությունը, դիտիր ուզածդ ֆիլմը-ուսումնական տեսանյութը կամ պարզապես ճամփորդիր համացանցում․․․

Հսկա գրադարանը՝ իր թարմ, բազմազան ու գունեղ գրադարակների բավիղներով, լուսավոր ու ընդարձակ սրահների անկյուններում ձևավորած ուսումնական միջավայրերի բազմազանությամբ , այնպես էր կախարդել մեր հինգ տարեկան Դավթին, որ ոչ մի ուժով, համոզումով նրան կտրել, գրադարանից դուրս բերել չէր հաջողվում։ Տեսածից պարզ էր․ ընթերցասրահների ամենօրյա  այցելուները միայն ուսանողներն ու գիտաշխատողներները չէին։ Ամեն անկյունում հանդիպեցինք աշխարհից կտրված ու իմացումի հրճվանք ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների, տարատարիք ընթերցասերների, ուսումնական աշխատանքի մեջ մտասուզված, հետազոտական աշխատանքով ոգևորված բազմաթիվ հայացքներ տեսանք։ Այս միջավայրը ոգևորեց ինձ, որպես դասավանդողի։ Գրադարանում ամեն ինչ տրամադրում էր կենտրոնացած ու մտավոր-ստեղծագործական աշխատանքի՝ քաղաքին նայող բաց տեսարաններից սկսած, գրադարանի պարզ ու մտածված կահույքով, հարուստ տեխնիկական միջոցներով ավարտած․․․Համոզված եմ, որ սա հենց այն ստեղծական ու բաց ուսումնական միջավայրն է, որի իրագործմանը պիտի ձգտի յուրաքանչյուր դասավանդող։ Ի դեպ, ներկայացվող ֆոտոնկարների միջոցով առաջարկում եմ նաև միջավայրի փոփոխության նոր մոտեցումներ։ Գրադարանում ոչ մի խանգարող, ավելորդ բան չնկատեցի․ ավելին՝ ամեն քայլափոխի համոզվեցի, որ եվրոպական բարեկրթության, մարդու իրավունքի հանդեպ հարգանքի դրսևորման ևս մեկ վայր է Վիեննայի Կենտրոնական գրադարանը։

Մեր օրվա ուսումնական ճամփորդությունն ամփոփեցինք գրադարանի աստիճաններից, տանիքից բացվող քաղաքի համայնապատկերը դիտելով։ Ճաշակ, համաչափություն, ներդաշնակություն, խնամք․ ահա թե ինչն է տիրապետողը այս հսկա, կայսերական քաղաքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s