ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ (Ասլան ապերն ու Ասլան բալան)

downloadՂազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում:
Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Շարունակել կարդալ

Ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են. Հովհաննես Թումանյան և Ղազարոս Աղայան

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

Ավ. Իսահակյան

Հետաքրքիր դրվագ Աղայանի և Թումանյանի կյանքից

1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

 Լսե՛ք նյութի ձայնագրությունը