Ջ․ Ռոդարի․ Մեծ գազարը

  •  Կարդա՛ հեքիաթը։

Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք, իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է եղել: Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է, մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛ այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

– Ջուզեպի՜նա։

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի մի տե՛ս…

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ, պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

– Այստեղ արի, միայն թե արագ։

– Բայց ես դաս եմ սովորում:

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե այդպե՞ս կարողանանք հանել հողից: Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

— Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի ստացվում: — Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

— Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:

— Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը:

— Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

— Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

— Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։ Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

— Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։

— Երեքով չենք կարողանում հանել հողից, կօգնե՞ս։

— Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

— Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

— Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

— Ի՞նչ է եղել։

— Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

— Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։

— Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։ — Օօգնեցե՜ք։

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ։

— Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա… Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

— Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։

-Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ, օգնության կանչիր:

— Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

— Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի է թերթին էլ հայտնել:

— Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա հետ ոչ ոք չհամաձայնվեց:

— Հեռուստատեսությո՜ւն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու նախ սա՛ հողից հանենք: Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր… Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

— Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

— Կետերը ծովում են լողում։

— Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում .․.

— Իսկ ես տեսել եմ գրքում… Մարդիկ հրահրում էին միմյանց:

— Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։ — Ես գազար չեմ սիրում, նախընտրում եմ կարտոֆիլ:

— Իսկ ես՝ կոլոլակ: Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…

  • Հինգ-վեց նախադասությամբ անսպասելի ու զվարճալի ավարտ հորինի՛ր։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s