Մանկավարժական ճամբար

Օր երկրորդ

Այսօր մանկավարժական ճամբարի երկրորդ օրն էր։ Ինձ համար մանկավարժության ճամբարին մասնակցությունը միշտ էլ սպասված ու  հաճելի ժամանակահատված է եղել։ Առավոտյան միասնական երգ ու պարով սկսվող, մասնագիտական ամենատարբեր քննարկումներով շարունակվող, ընկերական հաճելի խոսք ու զրույցով համեմված ընդմիջումներով, մարզական պարապմուքներով եզրափակվող ճամբարային հագեցած ևս մեկ օր ամփոփվեց-մնաց։

Եթե հիշողությունս փորփրեմ, հաստատ կփաստեմ, որ յուրաքանչյուր ամառային ճամբար իր կարևոր դպրոցն է ունեցել իմ կյանքում, առանձնացել ուրույն նշանակությամբ․․․

2017 թվականի ամառային այս ճամբարն առանձնանում է գործնական ու կոնկրետ ծրագրային նախապատրաստություններին ուղղված քայլերով։ Մասնախմբերում, ապա աշխատանքային խառը խմբերում, օրվա թեմայի շուրջ ծավալվող տարաբնույթ քննարկումներն ու վերլուծությունները հնարավորություն են տալիս անդրադառնալու կատարված աշխատանքին, քննադատաբար վերաբերվելու, կասկածի տակ դնելու, հիմնավորելու արածն ու չարածը։ Սա իրապես մանկավարժական բաց դպրոց է, որտեղ յուրաքանչյուր գործընկերոջդ կարծիքն է կարևոր ու նշանակալի։ Կարծիք, պնդում, հիմնավորում, որը մասնագիտական մտորումների է մղում, նոր անելիքների ճանապարհով ուղղորդում։ Այո, մենք միասին գնահատում-արժևորում ու միևնույն ժամանակ քննադատում ենք կրթահամալիրում իրականացրած մեր մանկավարժական աշխատանքը։ Նոր հայացք է, նոր բարձունք, որն անկասկած հաջորդ ուսումնական տարվա համար հաղթահարման ուղիներ կառաջարկի։ Առջևում դեռ ուսումնական ամառն է՝ իր հասուն ու խաղաղ օրերով։

 

Реклама