Շալվա Ամոնաշվիլու բաց դասը

Լյուդմիլա Պեչատնիկովա

Թվում է, թե ինչ կապ կարող է լինել մաթեմատիկայի և երեխաների դաստիարակության միջև: Դե. գրականությունը, պատմությունը դեռ հասկանալի են: Իսկ մաթեմատիկան, ինչպես հայտնի է, ուղեղի մարզանք է: Նա ավելի հեռու է բարոյական խնդիրներից, քան բոլոր մյուս դպրոցական առարկաները: Սակայն առաջին իսկ րոպեներից ընդհանուր տարակուսանքը ցրվեց: Ընթերցումների երկրորդ օրը առավոտյան Ուսուցչի տան Մեծ դահլիճում հավաքված ուսուցիչների համար սկսելով մաթեմատիկայի իր դասը` Շալվա Ամոնաշվիլին ներկաներին հիշեցրեց, թե ինչպես ծնվեց Լոբաչևսկու նոր երկրաչափությունը` երևակայության երկրաչափությունը. մեն-միակ վարկածի շնորհիվ, որ ցանկացած կետով կարելի է տանել տրվածին զուգահեռ մի քանի ուղիղներ: Այդպես է և նոր մանկավարժությունը. անսովոր դասը խիզախ մտահղացումների և առանձին ուսուցիչների բացահայտումների հիման վրա է ծնվում: Երբեմն դրանք խաբուսիկ ենթադրություններ են լինում, բայց առանց դրանց անհնար է, քանի որ մեր մասնագիտությունը` մանկավարժությունը, դասատվությունը, դաստիարակությունը, բացարձակապես սուբյեկտիվ է:

Եվ մեր աշխատանքում ամեն ինչ մեկ ամբողջություն է: Դասը` որպես առանձին իրողություն, գոյություն չունի: Մի պարապմունքը կապակցվում է մյուսին. ստեղծվում է չընդհատվող շղթա:

Առանձին դաս չկա նաև այլ պատճառով: Ամեն պարապմունքի մեջ այնքան դաս կա, որքան դասարանում նստած երեխաներ կան, որովհետև ուսուցիչը յուրաքանչյուր երեխայի համար պատրաստում է նրա դասը:

Եվ ամեն անգամ իրեն հարց է տալիս` ինչ եմ ես ուզում սովորեցնել այս երեխային` մաթեմատիկա՞, թե՞ ավելի բարձր մի բան: Յուրաքանչյուր դասի մեջ, ինչպես լավ գրքում, հետաքրքիր տեքստ կա և խորը ենթատեքստ: Սակայն դասի նախաբանը վերջանում է: Եվ Շալվա Ամոնաշվիլին դասախոսից վերածվում է մանկավարժի: Մանկավարժը դիմում է բեմում նստած դպրոցականներին: Նրանք ուսուցիչներ են, որոնք լիքը սրահում, բոլորի աչքի առաջ համարձակվել են աշակերտի դեր ստանձնել, նշանակում է` պատրաստ են նոր բան սովորելու, սխալվելու: Իրենց սխալները ուղղելու:

Բոլորին, ովքեր կարդացել են Ամոնաշվիլու գրքերը, հայտնի է, թե ինչ նշանակություն է նա տալիս հասարակ «բարև ձեզ» բարի խոսքին: Եվ հիմա նա դիմում է իր հանկարծաստեղծ դասարանին.

— Մտածեք, թե ինչ եք ուզում ինձ հայտնել կամ մաղթել: Խնդրում եմ, պատրաստեք այդ բառը:
Համապատասխան կարգավորումը տրված է, դասի ճիշտ ինտոնացիան գտնված է: Հիմա` ներքին կարգավորումը…

— Գիտե՞ք, թե հիմա ով եք: Ոչ, բոլորովին աշակերտներ չեք, դուք մաթեմատիկոսներ եք: Կրկնեք մտքում` ես մաթեմատիկոս եմ, մաթեմատիկա շատ եմ սիրում: Դուք մաթեմատիկոս եք, իսկ ես` ձեր աշակերտը: Ես հարցեր կտամ, իսկ դուք ինձ կբացատրեք, կապացուցեք, ականջիս կասեք ձեր լուծումները: Ինձ կօգնեք, որ ես էլ կարողանամ բոլոր խնդիրները լուծել:

Այո, իսկ ի՞նչ է մաթեմատիկան: Ամոնաշվիլին վստահ է` դա թվերի սիմֆոնիան է: Բեմի մաթեմատիկները «սիմֆոնիա» բառը տարբեր կերպ են հասկանում: Բայց միանման փորձում են նրանում ինչ-որ ներդաշնակ ու գեղեցիկ բան գտնել: Նշանակում է, էականը ոչ թե խնդիրներն ու բանաձևերն են, այլ գեղեցկությունն ու ներդաշնակությունը:

Գրատախտակին մի քանի ռեբուս կա: Աչքերը չեն կտրվում, ցանկանում են յուրաքանչյուրը քննարկել, բայց դասը արագ թռչում է: Աշակերտները դեռևս հասարակ և բոլորին քաջ հայտնի մի գլուխկոտրուկ են լուծել`  յոթ չափիր, մեկ կտրիր: Պարզվում է` սա այսօրվա դասի խնդիրն է` սովորել յոթ անգամ չափել, զգուշորեն որոշումներ ընդունել, իսկ հետո դրանք իրականացնել: Յոթ անգամ չափել` նշանակում է կասկածել և ակնհայտը ճշմարտության տեղ չընդունել:

Գրատախտակին ևս մեկ ռեբուս է` դժվարություններ փնտրես, կգտնես… Ի՞նչ: Հաջողությո՞ւն: Հաղթանա՞կ: Աշակերտները մտածում են: Բայց այդ ժամանակ գրատախտակին հայտնվում է նոր խնդիր` երեք գիծ: Մեկը` առաջին հայացքից ամենաերկարը, ծայրերից փակված է կետերով: Մաթեմատիկոսները գիտեն` դա հատվածն է: Մյուսն ավելի կարճ է, կետից միայն սկսվում է, իսկ հակառակ ծայրից սահմանափակում չկա: Վեկտոր է` հիշում են խելացի աշակերտները: Ամենակարճ գծիկի ոչ մի կողմից կետ չկա: Հարց` ամենաերկարը ո՞ր գիծն է: Այո, այդ ամենակարճը, առանց սահմանների: Այդպես խաբուսիկ է տեսածը, երբ խոսքն անսահմանության մասին է: Սա ոչ միայն մաթեմատիկոսների, այլ նաև փիլիսոփաների սիրելի հասկացությունն է: Մեծ էկրանին հայտնվում են 2 քառակուսիներ` ներսում խաչվող գծերով` Ա գծագիր և Բ գծագիր: Որի՞ մեջ ավելի շատ քառակուսի կա: Աշակերտներն ըմբռնումով իրար են նայում: Հասկանալի է, որ քառակուսիների քանակը շատ է այնտեղ, որտեղ խաչվող գծերը շատ են: Դա համարյա ամբողջ դասարանի միասնական որոշումն է: Պարզվում է` ճիշտ չէ: Նորից` ամենակարևորը աչքով չես տեսնի:

Նկարներին փոխարինում են թվերի շարքերը: Դրանք պետք է արագ հիշել, գլխի ընկնել ինչ-որ օրինաչափություններ:

— Դրանք, իհարկե, շատ հասարակ խնդիրներ են,- համարյա ներողություն է խնդրում Շալվա Ալեքսանդրովիչը: Եվ հանկարծ սկսում է պատմել գերմանացի մի ծեր ուսուցչի մասին, որը մաթեմատիկան ավելի էր սիրում, քան երեխաներին: Նա երեխաներին բարդ խնդիրներ էր տալիս և շատ խիստ էր գնահատում: Բայց դասարանում եղավ Կարլ Ֆրիդրիխ անունով մի երեխա, որը համարյա վայրկենապես լուծում էր ամենաերկար վարժությունները: Նա կարծես թե չէր հաշվում, չէր գումարում, չէր բազմապատկում, ուղղակի գտնում էր հարկավոր պատասխանը: Մանկարվարժին դա հոգնեցրեց, և նա մի անգամ գերդժվար մի խնդիր հորինեց: Այս մեկը հաստատ  ոչ ոք չի կարող լուծել, նույնիսկ այդ անպետք տղան: Որքա՞ն կստացվի, եթե 1-ից 100 բոլոր թվերը գումարենք: Դասատուն չէր հասցրել բավարարված նստել իր աթոռին, երբ այդ ճարպիկ Կարլ Ֆրիդրիխը ձեռք բարձրացրեց: Նա լուծել էր դժվար խնդիրը: Տղայի ազգանունը Գաուս էր:

— Գուցե այսօր ձեր մեջ էլ այդպիսի հանճար կա:

Ամոնաշվիլու վարպետության դասերից մեկի ժամանակ գոնե մի երեխա եղել է, որ գտել է իմիջիայլոց տրված այդ նույն հարցի պատասխանը:

— Դա ինչպե՞ս դա արեցիր:

— Չգիտեմ,- պատասխանել է երեխան:

— Իսկ այս խնդիրը ձեզ եմ թողնում: Փորձեք դժվար վարժություններ լուծել չլուծելով:

Շատ խնդիրներ, ինչպես կյանքում է լինում, միանշանակ լուծումներ չունեն: Եթե այսպես նայենք` մի բան է ստացվում, եթե այլ կերպ` ուրիշ բան: Միշտ չենք կարող ընդհանուր որոշման հանգել, կարևորը ուրիշ մարդու տրամաբանությունը հասկանալն է:

Համենայն դեպս, դասը մնում է դաս: Աշակերտները ամեն ինչ չէ, որ կարողանում են: Մեկը տրտնջում է, որ չի հասցրել: «Մաթեմատիկոսն օդի մեջ պետք է կարողանա ամեն ինչ բռնել»,- պարզաբանում է մանկավարժը: Սակայն համենայնդեպս կանգ է առնում: Մեկը ինչ-որ բան լավ չի լսել: «Նույն բանը կրկնելով չեմ կարող վիրավորել ձեզ»,- բարկանում է ուսուցիչը: Բայց և այնպես կրկնում է:

Նրա ձայնը մեկ բարձրանում է, մեկ վերածվում շշուկի: Իհարկե, բոլորին հայտնի են Ամոնաշվիլու գործելու եղանակները. գլուխներդ սեղանին դրեք, փակեք աչքերդ, մտածեք: Իսկ երբ լուծեք վարժությունը, վերև բարձրացրեք մատները: Նա շարժվում է շարքերի արանքով, սեղմում նրանց մատները, ովքեր ճիշտ պատասխանը գտել են, շնորհակալություն հայտնում: Չէ՞ որ ուսուցչին նվեր է, երբ աշակերտը դժվար հարցի ճիշտ պատասխանը գտել է: Իսկ աշակերտի համար մանկավարժի հիացմունքն է նվեր, նրա գնահատումը: Շալվա Ամոնաշվիլին կամաց շշնջում է  մեկի ականջին. «Մտածի´ր, քեզ էլի կմոտենամ»: Ծանոթ, բազմիցս նկարագրված ձևեր: Բայց ի~նչ դժվար է դրանք կրկնելը: Անհնար է: Կարելի է միայն այն դեպքում, եթե Ամոնաշվիլու հետ ընդունես, որ երեխան երևույթ է, հատուկ մարդ, որը և´ մաթեմատիկայում, և´ կյանքում իր ուղին ունի:

Վերջին խնդիրը թվերի հայելային շարքի մասին է. կարծես թե բոլորովին չի լուծվում: Կա´մ շատ դժվար հարց է, կա´մ էլ աշակերտներն են հոգնել: Ուսուցիչը դիմում է դասարանի արական մասին` այս խնդիրը լուծեք, որ բոլոր աղջիկները հիանան: Ստեղծագործելու հզոր խթան է: Գրեթե բոլոր աշակերտներն արդեն հավաքվել են գրատախտակի մոտ` փորձելով պատասխանը գտնել: Ամոնաշվիլին նստել է աշակերտական նստարանին: Հիմա նա իսկապես աշակերտ է, որի առջև շատ ուսուցիչներ են: Նա փորձում է ինչ-որ բան հասկանալ:

Դասն ավարտվում է, ինչպես հարկն է, տնային առաջադրանքներով` մեկը ձեզ համար, սիրելի աշակերտներ, իսկ մյուսը`ձեր ծնողների, տատիկների և պապիկների համար: Չէ՞ որ նրանց հետաքրքիր է, թե դպրոցում ինչ եք արել: Իսկ նրանց ի՞նչ եք պատմելու: Ի՞նչ է եղել դասին: Եվ գուցե հանկարծ հիշեք դասի սկզբի այն չլուծված ռեբուսը. ով դժվարություններ է փնտրում… Վերջապես մեկը գլխի ընկավ` ով դժվարություն է փնտրում, իմաստություն է գտնում: Դասաժամն ավարտվեց զանգի հետ: Բայց իրականում դասը չի ավարտվում: Իհարկե, եթե դա դաս է ոչ թե գիտելիքի համար, այլ կյանքի:

Հրաժեշտ տալով աշակերտներին` Ամոնաշվիլին դեռ երկար չէր կարողանում հեռանալ բեմից: Նրան հարցեր են տալիս, խնդրում են  լուսանկարվել նրա կողքին, ծրագրեր են տալիս կարդալու. «Ստորագրեք, խնդրում եմ: Ձեր բոլոր գրքերը կարդացել եմ, դրանք ինձ համար շատ կարևոր են:

— Հանդիպումների շարունակությունը հավանաբար հումանիտար մանկավարժության լաբորատորիայի  սեմինարները կլինեն: Այս հուսադրող նոտայով էլ Շալվա Ամոնաշվիլին  արագ հեռանում է դահլիճից: Նրան սպասում են ուրիշ քաղաքում, ուրիշ քաղաքներում:

Ինչո՞ւ է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը

Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակե՞լը: Որովհետև հենց մեզ համար է դժվար: Չէ՞ որ իրականում չենք դաստիարակում, այլ միայն ուզում ենք ինչ-որ բան դաստիարակել:  Իսկ ինչպե՞ս ենք հասնում մեր նպատակին: Պահանջում ենք, ստիպում: Մի՞թե դրանք դաստիարակելու ձև են:

Մենք ջանադրաբար սովորեցնում ենք երեխաներին: Բայց ուսուցումը միայն գիտելիքներ է տալիս և ոչ թե դաստիարակություն:  Իսկական դասը կյանքի էներգիայի աղբյուր է: Այն ոչ թե գիտելիքի համար է, այլ մանկան կյանքի, որ մինչև դպրոց գալը տարերային հոսում էր, իսկ այստեղ մեր օգնությամբ կլինի հատուկ, խելացի, լի ոչ միայն ուսուցմամբ:  Դաստիարակությունը աշակերտի հոգու սնունդն է: Պետք է նրա հոգին լցնենք պայծառ, գեղեցիկ կերպարներով: Որովհետև եթե դա չանենք, երեխաների ներքին աշխարհը ուրիշ բանով կարող է լցվել:

Իսկ որտեղի՞ց մանկավարժը վերցնի այդ գեղեցիկ կերպարները, այդ ներքին լույսը: Բարդ հարց է: Մի ժամանակ Սուխոմլինսկին ասել է. եթե ուսուցիչը ցանկանում է երեխային գոնե փոքրիկ կրակ տալ, իր ներսում լույսի ծով պիտի ունենա: Շատերը պնդում են, որ մեր դաժան աշխարհում դժվար է մարդկային մնալը: Սակայն կյանքը միշտ է այդպիսին: Իսկ ես ապրում եմ այնպես, ինչպես ապրում եմ, հենց այն պատճառով, որ այլ կերպ չեմ կարող ապրել: Իսկ  ով դա չի հասկանում, ուղղակի պետք է դուրս գա դպրոցից:

Պետք է խոստովանել, որ դպրոցը, կրթությունը միշտ հակասություններ են ծնում: Հեղինակավոր ուսուցիչը դա սրում է: Մարդկային ուսուցիչը հարթում, ջանում է երեխայի կյանքը հեշտացնել: Եթե աշակերտը սխալվում է, ինձ համար խնդիր է: Ես ջանում եմ դա լուծել: Իհարկե, բարձր դասարաններում արդեն անհնար է մատները շոյել, ականջին շշնջալ պատասխանները: Բայց խնդիրը դա չէ: Յուրաքանչյուր տարիք իր մանկավարժությունն ունի: Ուսուցիչը, միևնույն է, ցանկացած դասարանում, ցանկացած առարկայի ժամին աշակերտի` որպես անկրկնելի անհատականության հետ աշխատելու ձև է փնտրում:

Անընդհատ ասում ենք` մարդասեր ուսուցիչ, մարդասեր մանկավարժություն: Ո՞րն է նրա տարբերությունն ավանդականից: Չկա ավանդական մանկավարժություն: Կա հավերժական մանկավարժություն: Կենցաղային, ժողովրդական: Եվ կա, այսպես կոչված, գիտական: Գիտությունը փորձում է բացահայտել անխախտ օրենքները: Նա գոյություն ունի ժամանակի, տարածության  և մատերիայի խիստ շրջանակում: Իսկ մարդկային մանկավարժությունը գիտի չորրորդ չափումը` ուսուցչի անհատականությունը: Ե´վ կրթության, և´ դաստիարակության խնդիրները հենց նա է  լուծում: Մենք` այստեղ նստածներս, ենք լուծում: Հատկապես եթե միավորվում ենք:

Նորից ուզում ենք հիշել Սուխոմլինսկուն` առանց հոգեկան ընդհանրության դաստիարակություն չի կայանում:

Շալվա Ամոնաշվիլի

Ինչու

«Ինչո՞ւ» բառ է, որն այնքան հաճախ են արտասանում մեր երեխաները: Եվ գուցե հենց դա է այն «ոսկե բանալին», որը բացում է Մանկության ամրոցի գաղտնի դուռը: Ո´վ մեծահասակ, մանուկների դաստիարակության  մասին քեզ ավելի հաճախ հարցեր տուր, փնտրիր պատասխանները. տես` գուցե այնքան էլ դժվար չլինի:

Նատալյա Բորովկովա, Սանկտ- Պետերբուրգ

Դժվար է

Դժվար է, որովհետև դաստիարակության ընթացքը անընդհատ է: Դաստիարակություն դասին, դասամիջոցին, դպրոցական ճաշասրահում, հանդերձարանում, խմբակի պարապմունքին, թատրոնում, արշավի ժամանակ: Միշտ և ամենուր: Իսկ ուսուցչի համար դժվար է: Ավելի հեշտ է սա. «գիտելիք-կարողություն-հմտություն» տվեցիր, զանգը եղավ, և…. լրիվ անտարբերություն և անթափանց դեմք: Աշխատանքն ավարտված է:

Դաստիարակությունը միջնորդավորված է. մեր խոսքին ինչպե՞ս կարձագանքեն: Շատերը դրա մասին չեն մտածում: Իսկ եթե մտածեն, դժվար չի լինի:

Ս. Սադովսկայա, Նիժնի Նովգորոդ

Թարգմանեց Մարինե Ամիրջանյանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s