Շրջապտույտ կապույտի եզերքով․․․

Հուլիսյան հերթական ճամփորդության երթուղին յուրօրինակ ու անչափ գրավիչ էր․ շրջապտույտ Գեղամա չքնաղ ծովի շուրջ։ Ինչպես Դավիթը կասեր՝ շուրջերկրյա ճամփորդություն Հայաստանում․․․

Չեմ կարող չնշել, որ ճամփորդական երթուղու վարորդական ղեկը ձեռքս առնելու որոշումը խիզախում էր ինձ համար։ Ուրախ եմ, որ այս անգամ չնահանջեցի․․․

Ճամփորդական նախապատրաստությունները երկար չտևեցին։ Մեկ ժամվա ընթացքում խուրջինները պատրաստ էին, իսկ մենք՝ ճանապարհին։

Մեր երթուղին առավել տպավորիչ էր դառնում, երբ աջից, իր ձգող, կապույտ հմայքով հայտնվում էր Գեղամա գեղեցկուհին․․․

Դեպի Սևան սլացող ավտոերթին հետևելով, մտքումս հաստատում էի այն փաստը, որ Սևանա լիճը Աստծո պարգև է, իսկական փրկություն՝ ամառվա տապից պատսպարվող հայաստանցիներիս համար։ Մոտ մեկ ու կես ժամվա սլացք, և դու արդեն զով  լճափին ես։

Սևանը դեռևս մանկության տարիներից գերել է ինձ իր լազուրով․․․ Սակայն այս ամառ այն առավել հարազատ դարձավ ինձ համար։ Այնքա՜ն, որ նույնիսկ անվանման դեմ եմ ընդվզում և ժողովրդական ստուգաբանության պատմությունն ինձ չի համոզի․․․ Գեղամա կամ Գեղանի ծով անունն է սազական՝ կախարդիչ ծփանքով, երկնքի արտացոլանքը իր հայելու մեջ անդրադարձնող, ծով վայելքների ու հիացմունքի աղբյուր Սևանին։

 

 

Լճի երկայքնով ընթանալիս, ցավոք, անհնար էր չնկատել շարունակ իրար հաջորդող, անճաշակ ու փնթի շինությունների շարանը, ափերի լքված ու անխնա տարածքները, մեկը մեկից վանող ու անհասկանալի, երևակայությունից զուրկ մտքի ծնունդ՝ լողափ-հանգստյան գոտիների անվանումները․․․  Միշտ սկսած ու կիսատ-պռատ թողած, չմտածված, անհեռանկար միտք-նախագծումների բետոնե հետքեր․․․  Դե, Սևանի ափին պարտադիր կազմակերպվող խորովածի սուփռի ու ուղեկցվող մուղամների մասին խոսելն ավելորդ է․․․

Ա՜յ քեզ վերաբերմունք, ա՜յ քեզ հայացք․․․  Ունեցածի նկատմամբ անտարբերությունն ու անփութությունը մեծ չարիք է մեզանում, որ դրսևորվում է ամենուր ու կենցաղը դրա լավագույն ապացույցն է։

Երեկոյան արդեն  «Ժայռ» -ում էինք՝ սեբաստացիներիս սիրելի ու հարազատ դարձած լողափում։  Ընկեր Ալիկը մեզ ուրախությամբ հյուրընկալեց։ Այստեղ անակնկալ հանդիպեցինք սեբաստացի շրջանավարտներ՝ Էլիզին, Հայկին,Դավթին և մեր ծոցվոր խմբավար՝ Լուիզին՝ իր ամուսնու ուղեկցությամբ։ Տպավորիչ երեկո էր՝ լողով ու լճափի մայրամուտով։

 

Լճի խաղաղ մայրամուտը առաջին անգամ էի վայելում։ Ի՜նչ գեղեցիկ էր շառագունած երկինքը՝ իր հասուն վառքով ու ջրի հայելում օրորվող արտացոլքով․․․ Մայրամուտ ու լճի հե՛նց կենտրոնում կախված, երկնքից նշմարվող լուսնի շեղբիկ․․․ Այսպիսի՜ գույներ, պատկերեներ, զգացողություններ․․․ ։  Լռությունը կախարդանքի պես տիրել էր բոլորիս։ Լողափի ջերմ ավազներին նստոտած, ֆոտոնկարում, լուռ հետևում էինք վաստակած օրվա վերջաբանին․․․ Ցավոք, վարորդական ղեկը ստանձնած մարդու պատասխանատվությամբ, երկարա չվայելեցի գիշերային լճի անդորրը․․․ Առջևում դեռ երկա՜ր ճանապարհ կար․․․ Շրջապտույտ լճի շուրջ, նոր  հայտնագործումներ․․․

Ճանապարհը կանչում էր մեզ։ Շուտ արթնացանք։ Վաղ առավոտյան Դավիթն ու հայրիկը խիզախորեն լողացին սառը ջրում ու թեթև նախաճաշից հետո, շարունակեցինք ճանապարհը։

Տիարի հետ կատարած յուրաքանչյուր ճամփորդություն անսպասելի է՝ հագեցած ճանաչողությամբ, անակնկալ ծանոթություններով ու նորի բացահայտումներով։ Թվում է՝ բազմաթիվ անգամներ ես անցել նույն ճանապարհով, աչքիդ առաջ փռված է հայտնի, մանկությունից ծանոթ լիճը՝ ամեն անգամ մի առանձին հատվածի հայտնագործությամբ։ Բայց արի ու տես, որ հասուն տարիքում անգամ, երբևէ մտքովդ չի անցել առաջ անցնել, տեսնել ամբողջը, խիզախել՝ իմանալու համար, թե է՜ն սարի հետևում ի՜նչ կա, ի՜նչ չկա․․․

Պիտի խոստովանեմ, որ այս շրջապտույտը Գեղամա լիճը ամբողջությամբ տեսնելու, նրա ողջ հմայքը բացահայտելու աննախադեպ հնարավորություն էր․․․  Մեր մեքենան սլանում էր լճի երկայնքով, իսկ մենք հայացքով փորձում էինք որսալ բնության պարգևած անթերի, փոփոխվող ու անջնջելի պատկերները․․․ Ճանապարհին հաճախ էինք կանգ առնում՝ վայելելու, զգալու ու ֆոտոնկարելու բնության պարգև- տեսարանները։ Այս ամենը ուղեկցվում էր տիարի՝ միշտ հետաքրքիր և ճանաչողական պատումներով․․․  Ողջ ընթացքում ինձ չէր լքում հիացումը․ որքա՜ն լավ է ճանաչում մեր հայրենիքի ամեն մի անկյունը, որքա՜ն ապրում, արկած ու լույս ունի, որ ոգևորությամբ փոխանցում է միշտ՝ իր ճամփորդ ընկերներին, սիրելիներին։

Գեղամա լիճը շարունակում էր զարմացնել մեզ իր փոփոխվող երանգներով՝ լուրթ կապույտից մինչև կապտամոխրագույն․․․ Երբ ճանապարհը հեռացնում էր լիճը մեր տեսադաշտից, անհամբեր սպասում էինք նրա նորովի հայտնությանը․․․

Լճի ափերը եզերող՝ երկնաձույլ լեռներ ու բլրակներ, դեպի լիճը ձգվող վայրի, ծաղկուն քարափներ, ցորյանի ոսկե ծովի սոսափ․․․ Որքա՜ն խաղաղություն ու ներդաշնակություն հաղորդեցին այս պատկերները-ձայները․․․ Ու դեռ շարունակում են կախարդել, ձգել ․․․

Ի՜նչ լավ է, որ վերջապես տեսա ու ճանաչեցի իմ հայրենիի այս գողտրիկ ու անծանոթ հատվածը։ Շնորհակալ եմ։

Ճանապարհից քիչ հեռու, բլրի վրա, բարձունքում, հինավուրց խաչքարերով շրջապատված մատուռը գրավեց մեր ուշադրությունը։ Հարցրինք ու գտանք դեպի մատուռ տանող ճանապարհի ուղին։ Մեր առաջ մի նոր, հիասքանչ տեսարան փռվեց։ Մատուռում աղոթեցինք, հիացանք հնագույն խաչքարերով, քայլեցինք շրջակա բլրակով ու լիճը տեսանք նոր, անսպասելի բացվող դիտակետից։

 

Վարդենիս-Մարտունի-Գավառ ողջ ճանապարհն աննկատ անցանք․․․Բաց չթողեցինք ոչ մի տպավորիչ  տեսարան․․․ Հյուրընկալվեցինք, հանգիստ առանք հորաքույր Ժանետենց հարազատ դարձած հարկի տակ՝ Գավառի Լանջաղբյուրում։ Ջերմ, ընտանեկան միջավայրում վայելեցինք նաև մեր ճամփորդական վերջին հանգրվանը ու մինչև մութը վրա կհասներ՝  տպավորիչ մտերմիկ թափառումի վայելքով, ճամփին դեռևս ճանաչել չհասցրած անկյուններ վերադառնալու հաստատակամությամբ, տուն վերադարձանք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s