Մայրենի լեզվի ուսումնական ծրագիր

55096-1.jpgՀիմնական կրթություն. Կրտսեր դպրոց 4-5-րդ դասարաններ

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը: Լեզուն շարունակ զարգանում է, ունի անհատական դրսևորումներ, որի զարգացումը և կատարելագործումը մայրենի դասընթացի հիմնական խնդիրներից է: Մայրենի լեզվի միջոցով անհատը հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն, ինքնադրսևորվում։

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.

լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.

Յուրաքանչյուրը (անհատը, ընտանիքը, դպրոցը, պետությունը) պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.

լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր, միջոցներ (թվային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված նյութեր, որոնք նպաստում են լեզվի զարգացմանը)

լեզվի միջոցով մարդու փորձի, աշխատանքային գործունեության արդյունքի հանրայնացում և փոխանցում (ֆիզիկական և մեդիամիջավայրի միջոցով):

Լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`

մայրենի լեզվի կարևորության գիտակցմանը

մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը

մայրենի լեզվով`  բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.

լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը.

սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն:

Ուսուցման խնդիրները

Հիմնական դպրոցում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են`

գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.

սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).

վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացում.

լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների ընդարձակում.

hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

Ուսումնական բնագավառը 4-5-րդ դասարաններում ներկայացված է հետևյալ դասընթացներով`

«Մայրենի լեզու» (շաբաթական 5 ժամ),

սովորողների ընտրությամբ մեդիալրագրություն դասընթաց (շաբաթական 4 ժամ),

սովորողի ընտրությամբ տնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ կրթության նախագիծ

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը`

ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.

ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.

դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.

քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.

հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

Մեդիամիջավայրը`

անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).

դասարանի, դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.

հանդեսներ՝ պատանեկան գործող և որպես ուսումնական նախագիծ ստեղծվող ամսագրեր

կրթահամալիրի մեդիագրադարան [3].

Ուսումնական TV և ռադիո խմբագրություններ

mskh.am, դպրոցի ենթակայքը, այլ ենթակայքեր, մանկավարժական ամսագրեր

վիրտուալ պահոցներ և ցանցեր (Soundcloud,  wordpress, YouTube, facebook,  googledrive, slideshow  և այլն).

այդ թվում նաև՝ աշխատանքային նյութի այլ փաթեթներ, ինչպես, օրինակ՝ Բոլոր ժամանակների և ժողովուրդների լեզվաբանական խնդիրներ,  Լեզվաբանական ամառային դպրոցԼեզվաբանություն դպրոցականների համարՀ. Աճառյանի «Լիակատար քերականությունը», էլեկտրոնային բառարանների (օրինակ՝ nayiri.com), գեղարվեստական գրականության (ինչպես՝ Համահայկական էլեկտրոնային գրադարանԳրքամոլkoob.ru և այլ) էլեկտրոնային գրադարաններ.

ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).

թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).

աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).

աուդիո-տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).

Դասավանդողի, դասարանի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի, գրականության ուսուցչի, դասվարի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։

Բլոգի բովանդակությունը.

իրականացվող ուսումնական ծրագրերը.

իրականացվող ուսումնական նախագծերը.

ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.

անհրաժեշտ տեսական գրականություն՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն, ուսումնական կայքեր (վերնագրեր, հղումներ).

դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր, առաջադրանքների փաթեթներ և ընթերացարաններ, մեթոդական հոդված, թարգմանություն.

ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.

դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` հեռավար մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սովորողը` սկսած 3-րդ դասարանից, ստեղծում և վարում է իր ուսումնական բլոգը: Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

դասավանդողի բլոգը

սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը

սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….

սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ…)

Մայրենիի ուսուցումը կազմակերպվում է գրավոր և բանավոր խոսքի միջոցով

Կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան դասավանդողը հեղինակային նախագծերը հրապարակում է իր բլոգում: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքից առաջ հրապարակում է նաև օրվա անելիքը` անհրաժեշտ առաջադրանքներով, ուսումնական նյութերով և հղումներով, ինչպես նաև առանձին սովորողներին ուղղված լրացուցիչ առաջադրանքներով:

Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը` կայքը` իր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է պրոյեկտորի, էլեկտրոնային գրատախտակի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո-տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:

Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը  բավարարում է հետևյալ պայմաններին.
— մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
— համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
— նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։

Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:

Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից  բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
— կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
— մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ:

Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,

նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,

տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,

մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական,  մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,

հետաքրիր, ուսումնական նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,

ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,  mskh.am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,

ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է  այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):

Ուսուցիչը կարևորում Է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։

Ուսուցման նյութը

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է կրթահամալիրի մեդիագրադարանից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Այդ թվում` գրաբար` գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն), առակներ (խրատներ) Հին Կտակարանից, Նոր Կտակարանից, երաժշտության, ծեսի՝ ծրագրով նախատեսված շարականներ:
Լեզվական նյութը:  Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրման-խմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեվական գիտելիքներ, գործնական քերականական վարժություններ` կրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, լեզվաբանական խնդիրներ:
Տեքստային աշխատանքը: Գրավոր և բանավոր շարադրում` տպավորություն, նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց,  օտար լեզուներից թարգմանություն, փոխադրում:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.

լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.

վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը

աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,

ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.

ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Բառապաշարի հարստացմանը

Ուսումնական նյութը պետք է.

համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ

լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.

պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)

անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Գնահատումը

Գնահատումը ուսումնական գործընթացի կարևոր խթանն է ։ Ուսումնական գործընթացում գնահատման չափանիշները անփոփոխ են ու բխում են սովորողի առաջընթացի շահերից։ Գնահատման նպատակը սովորողի ձեռք բերած կարողությունները, ձեռբերումները գրանցելու և բացթողումներն ու թերացումները շտկելու համար են։

Անհատական ուսուցման դեպքում, գնահատման չափանիշներն ու մոտեցումները նույնպես ուղղված են սովորողի անհատական զարգացմանը։ Դրանք ավելի շատ արդյուքների գրանցման նպատակ են հետապնդում։ Ամենակարևորը գնահատումը գնահատանիշի հետ չշփոթելն է, գնահատանիշը ծնողի և ուսուցչի ձեռքին լծակ չդարձնելը։ Սովորողը պետք է գիտակցի, որ կարևորվում է իր ամենօրյա ջանքը, աշխատասիրությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը։ Չի խրախուսվում , հետապնդվում է՝ծուլությունը, անպատասխանատվությունը, թափթփվածությունը, նմանակումը։ Այստեղ ոչ մի դեպքում վրիպել չի կարելի։ Չսովորող անտարբերը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ ներառվելով, ոչ թե պատժվելով կամ ձևական, անբավարար գնահատանիշ ստանալով։ Ես տվյալ դեպքերում հետամուտ եմ լինում, որ յուրաքանչյուրը աշխատի, ներկայանա իր հնարավորությունների չափով։

Կարևորվում է սովորողների մոտ ինքնագնահատման, ինքնավերահսկման կարողությունների  զարգացումը։ Այս հմտությունները կրտսեր տարիքից պետք է ձևավորել։ Դասավանդողներն ու ծնողները այս հարցում կարևոր անելիք ունեն ու պետք է համագործակցեն։

Սովորողը գնահատվում է

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով:  Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման:

Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է հետևյալ կերպ`

Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը` նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:

4-5 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքներ։

 

6-7 միավոր ստանալու համար սվորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքներ։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն երկու-երեք նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին:

8-9 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքներ։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն  երեք-չորս նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին, ստուգատեսներին, առցանց դասերին ու քննարկումներին (չունենա կոպիտ սխալներ)։ Մայրենիի պարապմունքի ընթացքում սեփական նախաձեռնությամբ ընտրի և կատարի մայրենիի բլոգում տեղադրված լրացուցիչ-ստեղծագործական աշխատանքներ: Պատրաստի ռադիոնյութեր, ֆիլմեր :

10 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքներ։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն  չորս-հինգ նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին (մշտապես), ստուգատեսներին, առցանց դասերին ու քննարկումներին (գրի անսխալ)։ Մայրենիի պարապմունքի ընթացքում սեփական նախաձեռնությամբ ընտրի և կատարի մայրենիի բլոգում տեղադրված լրացուցիչ-ստեղծագործական աշխատանքներ: Պատրաստի ռադիոնյութեր, ֆիլմեր :

Սովորող գնահատականները արտացոլվում են էլեկտրոնային մատյանում, որը հասանելի է բոլոր ծնողներին և սովորողներին, իսկ տարին ամփոփվում է էլեկտրոնային ամփոփաթերթում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s