Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

1909

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907

Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
  2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։
  3. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
  4. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
  5. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
  6. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
  7. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։
  8. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։