Ապրում ու ստեղծում ենք միասին

Մարտի 22-ին կայացավ Արևմտյան դպրոց-պարտեզի նոր ընթերցասրահ-լաբորատաորիայի բացումը։ Ընթերցասրահ-լաբորատորիա ունենալու միտքը ժամանակի ընթացքում հասունացավ։ Մեր ընդարձակ, լուսավոր ու դպրոց-պարտեզի արևելյան թևում տեղավորված անաղմուկ սրահը նոր լուծումներ, ուսումնական աշխատանքի համար առավել գրավիչ միջավայր ստեղծելու  նախաձեռնություն էր պահանջում։

Ընթերցասրահ-լաբորատորիան նախագծելու գաղափարը հասունացավ հունվարյան ստուգատեսային ճամբարի օրերին։ Ես իմ ջոկատի սովորողների հետ վճռեցի հետևողականորեն, քայլ առ քայլ իրականացնել այս նախագիծը։ 

Ճամբարի օրերին մենք տարբեր նախագծերի ու ճամփորդությունների էինք մասնակցում, սակայն մեր գլխավոր գործը, ընթերցասրահի ձևավորմանն էր ուղղված։ Մենք ամեն օր ներկայացնում, լուսաբանում էինք աշխատանքի ընթացքը։ Ահա՛ այդ մասին պատմող ռադիոնյութը։

Մեր աշխատանքային նախագիծը շարունակ ընդլայնվում էր՝ նորանոր մասնակիցներ ընդգրկելով։ Ուրախալին այն է, որ լաբորատորիայի նախագծման և ձևավորման բոլոր փուլերում ակտիվ մասնակցություն ունեցան ո՛չ միայն դասավանդողները, այլև սովորողներն ու նրանց ծնողները։

Այս նախագծի իրականացումը նոր ծանոթությունների, համագործակցության և նոր ծրագրերի յուրացման հնարավորություն տվեց։ Ճամբարի ընթացքում ծանոթացանք կրթահամալիրի տեխնոլոգ-ձևավորող՝ Կարինե Մացակյանի հետ, ով երկու վարպետության դաս իրականացրեց ճամբարականների հետ՝ փոխանցելով միջավայրի նախագծման ու ձևավորման ծրագրային մի շարք հմտություններ։

 Առանց մեր դպրոցի սիրելի տեխնոլոգ՝ ընկեր Զառայի, գործն իհարկե՛ գլուխ չէր գա։ Նա էլ իր ջոկատի ճամբարականների ու օգնական ընկեր Քրիստինեի հետ միացավ մեզ ու սկսեցինք միջավայրի ձևավորումը։ Սովորողների հետ ստացան անհրաժեշտ երանգի ներկանյութը, ծանոթացան ներկելու հմտություններին։ Մեր ծրագրի ղեկավար ընկեր Տաթևն էլ անմասն չմնաց այս աշխատանքից․․․ Միասնական ուժերով ներկեցինք սենյակի խոռոչները, ջեռակները։ Ընկեր Էդմոնի օգնությամբ ազատեցինք սենյակը ավելորդ իրերից, կարի ու ձևի մասնագետներ՝ Մերի Խանջյանի և Թերեզա Թումանյանի օգնությամբ էլ չափեցինք, ձևեցինք վարագույրները։

Ֆոտոշար

Շարունակելի․․․

Մեր նոր ընթերցասրահի բացումը

 

Երգեհոնային երաժշտության ունկնդրում

 

Մարտի 24-ին, մեր գարնանային շաբաթը առանձնահատուկ ու գեղեցիկ ընթացք ստացավ։ <<Մեր հայտնի ժամանակակիցները>> համագործակցային նախագծի շրջանակներում, այս անգամ էլ այցելեցինք Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն՝ երգեհոնային երաժշտություն ունկնդրելու և երգոհանարուհի՝ Թերեզա Ոսկանյանի հետ ծանոթանալու նպատակով։

Մի խումբ երաժշտասեր սովորողների և ծնողների հետ մասնակցեցինք երկար սպասված համերգին։ Խաղաղ ու անշտապ քայլքով, գարնանային ծառերը ֆոտոնկարելով, գարնան ծաղկունքը վայելելով, նշված ժամին հանդիպեցինք Կոմիատսի անվան Կամերային երաժշտության տան բակում։

Համերգը նվիրված էր Բախի 330 ամյակին։ Ափսոսանքով արձահանգրեցինք, որ դահլիճը կիսադատարկ էր։ Այսպիսի՜ համերգ՝ կիսադատարկ դահլիճով․․․

Դրսում շառաչում էր գարնանային խենթ ու անսպասելի քամին, իսկ մեզ` գնահատող ունկնդիրներիս, երգեհոնի կախարդիչ հնչյունները կլանել, վեր էին տարել․․․

Համերգի ողջ ընթացքում տարբեր կտորներ էի նկարահանում ու շարունակ հիանում իմ կրտսեր բարեկիրթ ունկնդիրներով։

Տոկատտ և ֆուգա ռե-մինոր

Կատարող՝ Աննա Բակունց

Ֆանտազիա և ֆուգա դո-մինոր

Կատարող՝ Կարինե Հովհաննիսյան

Մեկ ժամ, տասնհինգ րոպե տևած համերգը խաղաղ, ընկղմված, մեկ շնչով լսելուց հետո էլ շտապեցինք բեմ՝ երգեհոնը մոտիկից տեսնելու, ուսումնասիրելու և երգեհոնահարուհուն հարցեր տալու նպատակով։ Իհարկե՛  հարցազրույցի նախաձեռնությունն իր ձեռքը վերցրած հետաքրքրասեր Դավիթը, հերթ չէր տալիս իր ավագ ընկերներին, սակայն, կարծում եմ, ներկա գտնվողներից յուրաքանչյուրը ստացավ իրեն հետաքրքրող հարցի պատասխանը։ Ուրախալի էր, որ դահլիճում գտնվողները հետաքրքրվում, երգեհոնահար կատարողները գովասանքի ու հիացումի խոսքեր էին ասում կրթահամալիրի հասցեին՝ այսպիսի կիրթ ունկնդիրներ դաստիարակելու, երաժշտական կրթությունը հետևողականորեն խրախուսելու, ճանաչողական նման նախագծեր իրականացնելու համար։

Շնորհակալ ենք մեր երաժշտության դասվանդող՝ Նարինե Դավթյանին, այս հանդիպումը նախաձեռնելու, խնամքով ու սրտացավ կազմակերպելու համար։ Այս անգամ նա հեռավար էր մասնակցում համերգին, քանի որ Սոնա Փափազյանի ու սովորողների մի խմբի հետ, ճանաչողական այցով գտնվում էր Գյումրիում։

Մեր հանդիպումները շարունականան են լինելու և վստահ եմ, որ հաջորդ անգամ ավելի մեծ  թվով սեբաստացիներ կմասնակցեն համերգ-ունկնդրությանը։

Հաջորդ համերգը նախատեսվում է ապրիլի 27-ին։ Հուսանք, որ այս անգամ Կամերային երաժշտության տան դահլիճը լեցուն կլինի բարձրակարգ երաժշտությունը գնահատող տարատարիք ունկնդիրներով։