Հատված Անուշ պոեմից

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
X
(Համբարձման առավոտը)
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

— Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սև սարեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած

Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,

Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ։

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Լավ օրեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

Եկավ Համբարձում՝
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
— Ո՞վ է մեզ գըրված։

— Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։
— Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։

Դե հանի՛ր, ա՛ղջի,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին։

— Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,

Հուր սըրտեր, յա՛յլա։
Յա՛յլա ջան, յա՛յլա։

Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում.
Ելնում է մեկին իր երազն ու սեր,
Մյուսի մուրազը սըրտումն է մընում։

VI
Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

— Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։

Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից։

Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ։
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի…

— Աղջի՛, քու յարն եկավ անցավ
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն՝ եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով…

Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.

Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։

VII

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s