Իբրև նախաբան․ ֆրանսիական պոեզիա

Յուրաքանչյուր երկիր, շատերիս համար նախ և առաջ ծանոթ ու ձգող է դառնում իր մշակույթի շնորհիվ։ Դեպի Ֆրանսիա ճամփորդությունը, նոր աշխարհի բացահայտում լինելուց բացի, ինձ համար արվեստի ամենաազդեցիկ միջոցին՝ ֆրանսիական գրականությանը՝ նրա խոսքի մշակույթին անդրադառնալու առիթ էր։ 
Արդեն ծրագրված ճամփորդությունից առաջ, ձեռքս առա դեռևս ուսանողական տարիներից սիրելի դարձած՝ «Ֆրանսիական կլասիցիզմ»,«Ֆրանսիական պոեզիա» խորագրով հատորյակները։ Սկսեցի ընթերցել, վերընթերցել՝ առանձնացնելով, կազմելով ստեղծագործությունների, պիեսների, բանաստեղծությունների իմ ընտրանին․․․
Այդ ստեղծագործություններից առանձին կտորներ, մտքեր, պատկերներ, գույներ-զգացողություններ դարձած ուղեկցում էին ինձ, կենդանանում ողջ ճամփորդության ընթացքում՝ միջնադարյան ամրոցների ճարտարապետությամբ հիանալիս, ֆրանսիական հին գյուղաքաղաքների գողտրիկ փողոցներով քայլելիս, Սենայի ափին զբոսնելիս, Փարիզի հայտնի կամուրջներից, թե չքնաղ Էյֆելի բարձունքից քաղաքի համայնապատկերը վայելելիս։
Փարիզը, հիրավի, սիրո քաղաք է․․․ Սիրո պես զորեղ, նուրբ ու կախարդիչ․․․

 

Որպես ամառային վայելք՝ առաջարկում եմ իմ ընտրանուց մի քանի բանաստեղծություններ ընթերցել։ Ոգեշնչումը տապից պաշտպանվելու բացառիկ միջոց է․․․ Հաճելի ընթերցում։

Chanson-Երգ

Եթե մոռանայի ես նրա պատկերը,
Բաժանվեի նրա հոգեթով կերպարից,
Չտեսնեի նրա գգվանքով լի աչքերը,
Ես կբուժվեի ցավերից։

Բայց իմ սրտի մեջ իշխում է նրա սերը․․․
Թեև խենթություն է իր մասին խորհելը,
Սակայն այդ խոհերից
Զորանում եմ նորից,
Ու քաղցր է ապրելը․․․

Էլ ինչպե՞ս մոռանամ ես նրա պատկերը
Եվ բաժանվեմ նրա հոգեթով կերպարից,
Չտեսնեմ նրա գգվանքով լի աչքերը․
Լավ է չբուժվեմ ցավերից։

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԻՄ ՍԵՐ

Ես գնացի թռչունների շուկա
Եվ թռչուններ գնեցի
Քեզ համար,
իմ սեր
Ես գնացի ծաղիկների շուկա
Եվ ծաղիկներ գնեցի
Քեզ համար,
իմ սեր
Ես գնացի դարբինների շուկա
Եվ շղթաներ գնեցի,
Ծանր շղթաներ
Քեզ համար,
իմ սեր
հետո գնացի ստրուկների շուկա
Եվ քեզ փնտրեցի,
Բայց քեզ չգտա,
Իմ սեր:

Միրաբոյի կամուրջը

Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան
Եվ սերերը մեր։
Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Ձեռքեր ձեռքերում մնանք դեմ դիմաց,
Մինչ մեր թեւերի
Կամուրջի տակով թող հոսի կամաց
Հավիտենական նայվածքների լուռ ալիքը հոգնած։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Սերն է հոսում, ինչպես այս ջուրը անկանգ,
Սերն է հոսում։
Ինչքա՜ն դանդաղ են օր ու կյանք,
Եվ հույսն ինչքա՜ն է մոլեկան։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Անցնում են օրեր, շաբաթներ այնքան,
Սակայն ո՛չ նրանք,
Ո՛չ էլ սերերը վերստին կգան…
Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Հրաժեշտ

Ես պոկեցի ցախի մի շիվ։
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ։
Երկրում էլ չենք տեսնի իրար։
Հուշերի բույր, ցախի մի շիվ,
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր…

Աշուն
Մշուշում քայլում են մի ծուռթաթ շինական
Եվ մի եզ, համրորեն, մշուշի մեջ աշնան,
Որ խեղճ ու ամոթխած գյուղակներն է ծածկում։

Քայլելով, շինականը սիրո ու դրժման
Մի երգ է մրմնջում, եւ այդ երգը բեկուն
Մի սրտի, մատանու պատմությունն է ոգում։

Ա՜խ, աշո՛ւն իմ, աշո՛ւն, բերիր մահը գարնան։
Մշուշում քայլում են երկու գորշ ուրվական։

Ժակ Պրեվեր, Գիյոմ Ապոլիներ

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s