Ճամփորդական օրագիր․ մաս առաջին

IMG_8981Ողջո՜ւյն, Փարիզ

Ի՜նչ խոսք, ամեն մի ճամփորդություն նոր աշխարհ բացահայտելու հնարավորություն է, էս մե՜ծ աշխարհում քո տեղը գտնելու ու ինքդ քեզ ավելի մոտիկից ճանաչելու փորձ)))

Ճամփորդությունից արդեն շաբաթներ են անցել ու տպավորություններս էնքա՜ն շատ են, որ գլխումս ամեն բան իրար է խառնվել։ Հավաքած մեդիաարխիվս դասավորելու հետ մեկտեղ, փորձում եմ ճամփորդական վառ ու անջնջելի տպավորություններս ի մի բերել։ Տեսնենք ի՞նչ կստացվի․․․

Ուրեմն՝ էսպես․․․

Ճամփորդել, անշուշտ, սիրում եմ, բայց ճամփորդական պատրասությունը ամենաչսիրածս գործերից մեկն է, հատկապես, երբ դրան գումարվում է փաստաթղթային անվերջ թվացող վազվզոցը։ Ի՜նչ կլիներ, եթե Լիլիթն ու Շուշանը չօգնեին, Տաթևն ու Ռուզանն էլ կարևոր հիշեցումներ չուղարկեին, ես՝ էս աշխարհից անտեղյակ-անջատվածս, հաստատ գլուխ չէի հանի․․․ Եվ զո՜ւր են նույնիսկ տիար-ամուսնուս կոչերն ու հորդորները՝ ավելի գործնական ու  տեղեկացված լինելու վերաբերյալ․․․ Տեսակ է, չե՛ս փոխի։

Մի խոսքով, բազմաթիվ փակ դռներ ու արգելքներ հաղթահարելուց հետո, հասանք Փարիզ։ Մեծ էր ուրախությունը, երբ Շառլ դը Գոլ հսկա օդանավակայանի սպասասրահում տեսանք ամենահաս Շուշանին ու Փարիզում մեզ հյուրընկալող- բարեկամ՝Ժիրայր Չոլաքյանին։ Մտքումս ասեցի՝ փրկված ենք․․․ Գիշերային Փարիզը վայելելով, պարոն Ժիրայրի հմուտ ուղեկցությամբ, սրընթաց անցանք օդանավակայանից դեպի տուն՝ 40 կմ ճանապարհը։  Մեր հոգնությունը աննկատ թոթափեցինք, երբ տան մուտքի մոտ, ժպիտով ու ջերմությամբ մեզ դիմավորեց Չոլաքյանի ազգությամբ հույն, սակայն արևմտահայերենին քաջատեղյակ կինը՝ Յոհանան (փաստորեն զուր էի մտահոգվում, թե ինչ լեզվով եմ հաղորդակցվելու․․․)։ Յոհաննայի ու նրա աղջիկների պատրաստած յուրօրինակ ու գեղեցիկ սեղանի շուրջ էլ սկիզբ առավ մեր հարազատ ու համերաշխ համակեցությունը։

Յուրաքանչյուրս մեր հարմարավետ  տեղը զբաղեցրինք Չոլաքյանների երկհարկանի, կոկիկ առանձնատանը։ Վաղ առավոտյան՝ նախաճաշի,  երեկոյան՝ միասնական պատրաստությամբ, հունական յուրօրինակ ընթրիքի սեղանի շուրջ, ընտանեկան հավաքները նոր համ ու հոտ էին հաղորդում ճամփորդական խենթ-հագեցած օրվա տպավորություններին։

Արևմտահայերեն-արևելահայերեն, անգլերեն-ֆրանսերեն-հունարեն լեզուների կենդանի խառնարանում, ամենից գրավիչը բոլորիս հասկանալի ու ամենամարդկային՝ սրտի լեզուն էր․․․  Մի գոհունակ ժպիտը, աչքերի փայլը, մարդկային ջերմ գրկախառնությունն ու ձեռքսեղմումը ո՞ր լեզվով կթարգմանվի։

Ողջ հյուրընկալության ընթացքում ամենատպավորիչն ու դիտարկման արժանին Դավթի ու Չոլաքյանների կրտսեր զավակի՝ իննամյա Նիկոլոյի ընկերությունն էր։ Դժվար է ասել, թե ինչ լեզվով էին հաղորդկացվում։ Կարևորը իրար շատ լավ էին հասկանում ու ամենադժվար գործը Դավթին Նիկոլոյի խաղասենյակից դուրս հանելն էր․

-Թողե՜ք, ես խաղում եմ, հոգնացրի՛ք ձեր Փարիզով։ Գնացե՜ք, ես չեմ գալիս․․․

Առանց այս մարդկային կապի հաստատման, ընտանեկան ջերմության, Փարիզն այդքա՜ն հյուրընկալ ու ձգող չէր դառնա․ համոզված եմ։ Մարդկային ծանոթությունն ու նրա ինքնատիպ ներաշխարհի բացահայտումը ամենամեծ հայտնագործությունն է, անջնջելին, ինչով շա՜տ հարուստ էր մեր ճամփորդությունը։

Հ․Գ․

Այսօր էլ այսքանը․․․ Շնորհակալ եմ ընթերցելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s