Փարիզյան խճանկար

IMG_8836Առաջին զգացողությունը, որ ունեցա Փարիզի Շառլ դը Գոլ օդակայան ոտք դնելիս և քաղաքում երեք օր շարունակ ճամփորդելիս, շփոթմունքի այն զգացումն է, որը, հավանաբար, համակում է փոքր ու միատարր երկրում ապրող յուրաքանչյուր այցելուի։ Ես շփոթված էի այս հսկա մեգապոլիսի բազմազանությամբ ու անցուդարձով։ Ինչպես հե՛նց ճամփորդության սկզբում տիարը շեշտեց՝ Փարիզը մե՜ծ հասկացություն է․․․ այստեղ ամեն ինչի կարելի է հանդիպել։

Անկասկած, երեք օրը չափազանց կարճ ժամանակահատված էր, Փարիզը ճանաչելու կամ գոնե ամենահայտնի տեսարժան վայրերն այցելելու համար, սակայն, վստահեցնում եմ, որ մեր խիտ ու հագեցած ճամփորդական երեք օրերի ընթացքում էլ շատ բան հասցրինք տեսնել։

Մինչ Չոլաքյան-Բլեյան ընկերները զբաղված էին հայ-ֆրանսիական կամուրջների հաստատման կարևոր գործով, մենք առավոտից-իրիկուն վայելում էինք անծանոթ, հսկա քաղաքը ինքնուրույն բացահայտելու հմայքը․․․

Մեր փարիզյան ճամփորդական օրացույցի գլխավոր կազմակերպիչը` Շուշան Բլեյանն էր, չնայած, որ մեզ պես առաջին անգամ էր այցելել։ Ամենահայտնի ու նախասիրած տեսարժան վայրերի ցանկն ընտրված էր, մնում էր մետրոյի՝ մաթեմատիկական գլուխկոտրուկ հիշեցնող քարտեզի օգնությամբ, տեղ հասնել ու չմոլորվել բազմազան ու բազմամարդ քաղաքի խելահեղ հոսքում․․․  Չնայած, Շուշանի պես ճկուն ու խելամիտ կողմնացույց  ունենալու դեպքում մոլորվելը բացառվում է։

Ես ու Դավիթը, միշտ վստահելի քույրիկի առաջնորդությանը ապավինած՝ ճամփորդական անհոգությանն էինք տրվել։ Մեզ  համար ամենակարևոր փորձությունը, նույնիսկ անծանոթ միջավայրում իր վստահությունը չկորցրած, ամեն ինչ տեսնել-ճանաչելու վճռականությամբ առաջնորդվող, ծուռ Դավթին աչքից բաց չթողնելն էր․․․

Փարիզի ստորգետնյա լաբիրինթը

Մեր երևանյան մետրոն Փարիզի մետրոյի համեմատությամբ, փոքրիկ, պուպուշ, թանգարանային նմուշ է հիշեցնում։ Պատկերացնելու համար նշեմ, որ այն՝ իր 27 մեծ ու փոքր կանգառներով, տասնյակից ավելի հատվող ճյուղերով, ընդգրկում ու ապահովում է ողջ մայրաքաղաքի ստորգետնյա երթևեկը․․․ Մետրոն իսկական փրկություն է հսկա մեգապոլիսի ամենօրյա ծանրաբեռնված ավտոերթևեկից ազատվելու համար (ես` որպես վարորդ, պատկերացնում եմ իրավիճակի լրջությունը)։ Այս հասանելի տրանսպորտային միջոցից օգտվում էին գրեթե բոլորը՝ թե՛ տեղաբնակները, թե՛ զբոսաշրջիկ այցելուները, թե՛ հանրահայտ քաղաքում իրենց բախտը որոնող ներգաղթյալները։ Ինչպես նկատեցի, նույնիսկ անձնական մեքենա ունցող քաղաքաբնակները, վերգետնյա երթևեկը նախընտրում են բացառապես մոտակա տարածքներ այցելելու նպատակով։ Մնացած դեպքերում՝ օգտվում են մետրոյից կամ քաղաքային ճեպընթացներից։

Կարծում եմ՝ կարիք չկա նշելու, թե Փարիզում, օրվա ընթացքում քանի՜ ուղևոր է անարգել օգտվում այս հսկա ցանցից։ Պատմելու բան չի, տեսնել է պետք։

Հե՛նց այս խելահեղ երթևեկի մեջ էլ ինձ ակնհայտ դարձան եվրոպական այս հայտնի քաղաքի բնակիչների ամենակարևոր հատկանիշները՝ հանդուրժողականությունը, տեղաշարժվելու պրակտիկությանը հարմարվելու կարողությունը, հագնվելու պարզությունը․․․ Նույնիսկ Դավիթն էր նկատել․

-Մա՜մ, իզուր շորս մի արդուկի, մեկ է՝ էստեղ ոչ մեկ շորերի վրա ուշադրություն չի դարձնում․․․

Վիեննա տեսած Շուշանին այս բազմազանությամբ էլ չես զարմացնի, ա՜յ՝ իսկ իմ ու Դավթի համար, սա վախեցնելու չափ անսովոր իրավիճակ էր․․․

Ի՜նչ ազգության ու տարազ կրող մարդ ասես, որ չհանդիպեց մետրոյում․․․ Բազմազանությունն այստեղ այնքա՜ն շատ է, որ ոչ ոք հատուկ ուշադրությամբ չի առաձնանում։ Վերգետնյա քաղաքում բնակչությունն այսքան բազմազան ու բազմագույն չթվաց․․․ Չնայած՝ մենք, որպես զբոսաշրջիկներ, հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներն ու տեսարժան վայրերն էինք այցելում, որն էլ հե՛նց քաղաքի հին, մշակութային դիմագիծն է ներկայացնում․․․ իսկ Փարիզը մե՜ծ հասկացություն է․․․

«Մենք բոլորս եղբայրներ ենք»․  քրիստոնեական ու շա՜տ սարոյանական այս միտքն էր շարունակ պտտվում գլխումս։ Նմանատիպ  մտորումներն ավելի խորհրդավոր էին դառնում, երբ հանդիպում էի մաքուր ու ճաշակով հագնված, ինքնավստահ ու հիմնականում խցված ականջներով՝ գրեթե անհաղորդ հայացքներով, տեղաբնակ ֆրանսիացիներին և կարծես ի հակադրություն՝ խոսուն, ջերմ, երբեմն վախվորած կամ փնտրտուքի-արկածի զգացողությունը աչքերում պահած այլազգիների՝ հնդիկների, արաբների, աֆրիկացիների կամ լատինոամերիկյան տարբեր երկրների ներկայացուցիչների․․․ Այո՛, որքան էլ տարբեր, բայց միևնույն է, բոլորս եղբայրներ ենք։

Փարիզի երկաթե կախարդուհին

Հաճախ եմ մտածել, կասկածի ենթարկել այն իրողությունը, թե ինչո՞ւ է մարդկանց մեծամասնության համար, Փարիզի այսքա՜ն հետաքրքիր ու պատմական արժեք կրող հուշարձան-կառունցների կողքին հե՛նց Էյֆելյան աշտարակը ցցվել ու Ֆրանսիայի խորհրդանիշ-այցեքարտը դարձել։ Իմ Դավիթն էլ՝ ինչպես հազարավոր զբոսաշրջիկներ, Էյֆելը տեսնելու փափագով էր հասել Փարիզ։ Հիմնական խոսակցության-հետաքրքության թեման Էյֆելյան աշտարակի շուրջ էր պտտվում։ Դա էր պատճառը, որ ճամփորդության առաջին օրը այցելեցինք քաղաքի սրտում գտնվող, արմանք-զարմանք շարժող աշտարակը տեսնելու։

Վաղ արթնացանք, անհամբեր․․․ Յոհաննայի ուղեկցությամբ հասանք մոտակա մետրոյի կայարան, հետո ևս 24 սպասումի երկա՜ր ու ձիգ կանգառ մետրոյով ու․․․ վերջապես տեղ հասանք։ Գետնանցումը հաղթահարելուց հետո հայտնվեցինք անասելի խաղաղ ու գողտրիկ վայրում։ Աշտարակը երևում էր, բայց դեպի աշտարակ տանող ճանապարհն անհայտ էր։ Հարցուփորձ անելով, գրեթե վազեվազ անցանք դեպի աշտարակ տանող ճանապարհը։ Շուշանը, օնլայն տարբերակով նախապես ձեռք էր բերել անհրաժեշտ տոմսերը․ մենք կարծես ուշանում էինք այցելության համար նշված ժամից ու չգիտեինք՝ մեզ ինչ է սպասվում։

Մինչ Դավիթն ու Շուշանը ձեռք-ձեռքի տված վազում էին, ես համատարած գեղեցկության՝ իրար այնքա՜ն ներդաշնակ կանաչ այգիների ու նախշուն, ճարտարապետական մի-մի յուրահատուկ հուշարձան հիշեցնող շենքերը նկարելով էի տարված։ Անկեղծ ասած, Էյֆելն ինձ այդքան էլ հետաքրքիր չէր․․․ Ընդարձակ, խնամված այգու միջով հասանք աշտարակի մուտքին, բայց պարզվեց, որ չենք հասել։ Տեսանք, որ ահաբեկչական ակտերից պաշտպանվելու նպատակով, աշտարակի ողջ տարածքում հատուկ հսկողություն է սահմանված ու պաշտպանիչ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Նույն արագությամբ շրջանցեցինք և մյուս կողմից մոտեցանք մուտքին։

Որքան մոտենում էինք, այնքան հանրահայտ աշտարակի զորեղ, անբացատրելի, ձգող հմայքն ավելանում էր։ Փորձում էի ֆոտոխցիկի միջոցով, տարբեր դիրքերից նկարել աշտարակը՝ ողջ հմայքը, ազդեցությունը կրկին ֆիքսելու-փոխանցելու համար, սակայն, երբ նայում էի արված նկարներին, հասկանում էի, որ ապարդյուն եմ ջանում․․․

Ողջ ընթացքում ես անբացատրելի հիացմունքի պահեր ապրեցի․․․ Անկասելի ձգողության հմայքին տրված՝ հասանք աշխատարակին։ Ներքևում՝ աշտարակի ուղիղ կենտրոնում կանգնած, նայեցի դեպի երկինք սլացող գագաթին, զարմանալի ընդգրկուն ու թեթև ծավալին։ Պիտի խոստովանեմ, որ առաջին անգամ զգացի-հասկացա «խոցելու աստիճան գեղեցիկ» արտահայտության իմաստը։ Գեղեցկությունից շունչս կտրվում էր․ ներդաշակության վայելքի այնպիսի՜ հզոր ալիք էր համակել ինձ։ Հիասքա՜նչ էր։

Это слайд-шоу требует JavaScript.

Բազմաթիվ այցելուների շարքում նաև մեր հերթը հասավ, ու մանրակրկիտ զննումներ անցնելուց հետո, վերելակ նստեցինք։ Այս տեսանյութում առկա են վերելակում ներկա գտնվողների հիացական բացականչությունները, զարմանքը՝ քաղաքը աշտարակի բարձունքից տեսնելու անսպասելիության զգացումի անմիջական արտահայտությունները։

Վերելակով մենք բարձրացանք աշտարակի առաջին հարթություն, հետո՝ երկրորդ։ Երկու հարթություններից էլ դիտեցինք քաղաքի համայնապատկերը։ Շուշանն ասաց, որ երրորդ հարկ  հիմնականում բարձրանում են էքստրիմի սիրահարները, քանի որ, ըստ տարածված խոսքուզրույցի, (չգիտեմ, որքանով է համապատասխանում իրականությանը) , աշտարակի թեթևակի ճոճքը երրորդ հարկից զգալի է դառնում։ Իմ կարծիքով մենք ընտրել էինք ոսկե միջինը և ավելորդ փորձություններն անտեղի էին։

Քաղաքն ափի մեջ

Իրական կյանքում ամեն բան այլ տեսք ու բովանդակություն է ստանում, երբ վերից ես նայում։ Ասել է թե՝ հայացք բարձրից․․․ Աննշան թվացող բաներն անհետանում կամ գուցե առավել տեսանելի են դառնում՝ արտահայտելով, ընդգծելով ողջ բովանդակությունը։

Բարձունքից Փարիզը կատարյալ գեղեցիկ էր՝ ինչպես իմ տեսած եվրոպական հայտնի քաղաքներ՝ հեքիաթային Պրահան և կայսերական, շքեղ Վիեննան։ Դժվար չէր դիտարկել, որ այս եվրոպական քաղաքները նման էին ընդհանուր դիմագծով․ ամենուր համաչափություն է, ներդաշնակություն, ճաշակ թելադրող գեղեցկություն՝  կղմինդրե համաչափ տանիքների, քաղաքի զարդը հանդիսացող գետերի ափերն իրար կապող՝ նրբագեղ կամուրջների, փարթամ ու խնամված կանաչի համադրությամբ։ Կենդանի կտավ․․․

Դժվար է ասել՝ միջավա՞յրն է կերտում համատարած նրբաճաշակությունը, թե՞ բնակիչն է՝ իր հայացքով թելադրում, պահպանում այս միջավայրը․․․ Թե՞ սրանք պարզապես գործող հակազդեցություններ են, արժեհամակարգ թելադրող, իրար արժանի համակեցություններ, որ մեզանում, ցավոք, անհաղթահարելի են մնում։

Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Տեսանյութում առկա, աշտարակի բոլոր կողմերից նկարահանված պատկերներն ավելի խոսուն ու ազդեցիկ կլինեն։ Նշեմ միայն, որ քաղաքի համայնապատկերին նայելիս՝ հայացքս չհագեցավ։ Անվերջ ճախրանքի, խաղաղության, ազատության զգացողություն ունեցա, որը սովորոբար ունենում ես հաղթահարածդ բարձունքից ներքև նայելիս։ Հասկացա, ինքս ինձ խոստովանեցի, որ Փարիզի ամենաձգող ու ազդեցիկ այցեքարտը այս շլացուցիչ կախարդն է՝ աշխարհահռչակ Էյֆելը, որը յուրաքանչյուր այցելուի Փարիզով անվերջ թափառելու ցանկություն, նրանով հիանալու նոր ու անզուգական հայացք է խոստանում․․․

Սենան․ Փարիզի զմրուխտե հայելին

Քաղաքի ողջ երկայնքով,  Փարիզի երկու ափերն իրար երիզելով, երազուն երկինքը իր հայելում օրորելով, հանդարտ հոսում է Սենան՝ Լուարից հետո՝ իր երկարությամբ երկրորդը համարվող  /776 կմ / մայր գետը՝ ֆրանսիացիների Սենը։

Գետի ափով կարճատև զբոսանքների ընթացքում հասկացա, որ այն իրապես մայր գետ է փարիզեցիների համար։ Բնակիչները զարմանալիորեն կապված էին գետի հետ։ Այն, ինչպես մեզանում է արված, բնակիչների աչքից, տեսադաշտից թաքցված չի․ հակառակը՝ քաղաքը կառուցված է գետի շուրջ՝ նրա կարևորությունը կարծես ընդգծելու, շեշտելու մղումով։ Ո՜ր մասով ուզում ես անցիր, մի պահ կանհետանա ու կրկին հայացքիդ առաջ կհառնի մայր Սենը՝  նավակներով իր հոսքը վայելողների, տկլոր լողացող երեխաների, ափերին նստոտած կամ զբոսնող սիրահարների, պարզպաես հայացքը դեպի գետը, ոտաբոբիկ-ծալապատիկ, իրենց ամենօրյա նախաճաշը վայելողների անխոս ու հավերժական զրուցակիցը։ Զարմանալի՜ կապ է․․․

Իսկ գետը զարդարող, ժամանակակից ու միջնադարյան նրբագեղ, թեթև կամուրջները, կարծես անջրպետները շրջանցելու, անցյալն ու ներկան՝ ինչպես գետի երկու ափեր, իրար կապելու համար են։ Երեկոյան լույսերի արտացոլանքով զարդարված, թե արևի փայլով պճնված․․․ մի՜շտ հմայիչ է Սենան, հարազատ ու օրորուն երազի պես։

«Անցնում են օրեր, շաբաթներ այնքան,

Սակայն ո՛չ նրանք,

Ո՛չ էլ սերերը վերստին կգան…

Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան:»

Ապոլիներին ու շա՜տ հայտնի արվեստագետների է ոգեշնչել, և դեռ ոգեշնչելու է Սենան։ 

Это слайд-шоу требует JavaScript.

Հուսով եմ՝ կրկին կհանդիպենք․․․

Գեղեցիկ վայրեր այցելելուց հետո, միշտ էլ ոգեղենության զգացողություն ես ունենում, կրկին վերադառնալու, տեսածդ նորովի վերապրելու ցանկություն։

Ճամփորդությունից մեկ ամիս է անցել, իսկ իմ տպավորություններն անջնջելի են, կենդանի․ պատումս վկա։ Ես գիտեմ, որ Փարիզը Շանզ Էլիզեից, Հաղթանակի կամարից, Բաստիլի ամրոցից, Լուվրի հայտնի թանգարանից, կաթոլիկ եկեղեցու միջնադարյան ժամանակաշրջանի հարստությունն ու փառքը խորհրդանշող՝ Աստվածամոր տաճարից և այլնից բացի, նաև աղքատիկ թաղամասեր ու ետնախորշեր ունի․․․ Փարիզը համադրությունների ու հակադրությունների քաղաք է․ հսկա մեգապոլիս, որ դեպի իրեն է ձգում և՛ աշխարհի շուքը վայելող հարուստներին, և՛ բռնությունից, պատերազմներից, աղքատությունից մազապուրծ եղած, արկածախնդիր եկվորներին․․․ Այստեղ ամեն բացվող օրվա հետ նոր պատնեշներ են կառուցվում ու հաղթահարվում․․․Ամեն օր այստեղ ծնունդ է առնում մարդկային նոր համակեցությունը։ Չէ՞ որ բոլորս եղբայրներ ենք։

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s