Ֆրանսիայի ամենահարազատ դարձած քաղաքը․ Նիցցա

ճամփորդական օրերի ընթացքում կատարած իմ գրառումներից մեկում անդրադարձել եմ մեր այս սպասված հանդիպմանը։ Այո՛, հարազատությունը մի բան է, որը ֆիզիկական բաժանումով չի ընդհատվում, հակառակը՝ ավելի է զորանում։ Սրա վառ ապացույցը, արդեն իննը տարի Ֆրանսիայում բնակվող մեր սեբաստացիներ՝ Աննայի, Ռազմիկի ու Էլենի անանց կարոտն է, առավել նորոգված կապը հայրենիքի ու կրթահամալիրի հանդեպ։

Շատերդ կհիշեք մեր վառ սեբաստացիական զույգին՝ Ռազմիկ և Էլեն Հարությունյաններին։ Ներկայիս՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում աշխատելու տարիներին եմ ծանոթացել այս պայծառ ընտանեկան եռյակի հետ։ Չորրորդ դասարանում, Ռազմիկենց դասարանի կազմակերպիչն էի։ Մեկ տարվա շփումը բավարար էր չարաճճի ու միշտ ինքնատիպ Ռազմիկին կապվելու ու երբե՜ք չմոռանալու համար, իսկ Էլենի ու Աննայի հետ մտերմության, հարազատության հաստատումը տարիների պատմություն ունի․․․

Առաջին անգամ Էլենին հադիպեցի , երբ չորս-հինգ տարեկան էր, ու մեր Գեղարվեստի նախակրթարան էր հաճախում։ Իմ ու Աննա Ադամյանի՝ հեղինակային փորձարարական խմբի պայծառ ու միշտ հիացմունքի արժանի սանն էր Էլենչիկը՝ ռոդարիական մտածողությամբ աչքի ընկնող, ինքնուրույն, համարձակ ու արտիստիկ։ Հետագայում, նախակրթարանի նույն խմբի հետ կրտսեր դպրոցում աշխատանքս շարունակելու հնարավորություն ունեցա ու ևս երեք տարի, ամենօրյա՝ աշխատանքային-ստեղծագործական- անձնային շփման տիրույթում ամրապնդվեց մեր մարդկային կապը։

Կրտսեր դպրոցի ավարտական՝ չորրորդ դասարանի առաջին կիսամյակի վերջն էր, ձմռանը, երբ հազարավոր հայ ընտանիքների պես, Էլենենց ընտանիքն էլ, սոցիալական պայմաններից դրդված, ստիպված եղավ արտերկիր տեղափոխվել։ Մեծ ցավ, ափսոսանք էի ապրում, որ բաժանվում եմ իմ սիրելի Էլենչիկից․․․  որ հայրենիքը աղքատանում է և՛ս մի սիրուն ու հետաքրքիր ընտանիքի բացակայությամբ, որ մեր սեբաստացիներն իրենց կրթությունը մայրենի լեզվով չեն շարունակելու,  որ․․․

Ժամանակն արագ է թռչում։ Այս իննը տարիների ընթացքում, երեք-չորս անգամ Աննայի կամ Էլենի հետ հանդիպել ենք Երևանում, կապվել մեդիայի միջոցով, սակայն այդ կարճատև հանդիպումների, թռուցիկ նամակների ընթացքում հնարավորություն չեմ ունեցել այսքա՜ն մանրակրկիտ տեղեկանալու, ծանոթանալու, այս գեղեցիկ ու յուրահատուկ եռյակի կյանքում կատարված փոփոխություններին։

Երբ Աննան իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի միջոցով տեղեկացավ մեր՝ Ֆրանսիա այցելության մասին, հանգիստը կորցրեց․․․ Մինչ այդ էլ բազմաթիվ հրավերներ էր արել, խոստացել, որ կհյուրընկալի, բայց, անկեղծ ասած, երբևէ չէի մտածել, որ մեր հաջորդ հանդիպումը Ֆրանսիայում կկայանա։

Մենք հանդիպեցինք Մոնակոյից ոչ շատ հեռու, մեքենայով մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող՝ Ֆրանսիայի հարավում, Միջերկրականի ափին ծավալվող Նիցցա քաղաքում, հե՛նց Միջերկրականի ափին։ Հավանաբար, մեր կարոտած, հուզառատ հանդիպման ականատեսը եղան նաև լողափում գտնվողները․․․ հետաքրքիր է՝ տեսնես ի՞նչ մտածեցին։

Առաջին հայացքից, ինձ զարմացրեց-հիացրեց Ռազմիկի լրջության, հասունության աստիճանը, ազնվական-ասպետական պահվածքը։ Չարաճճի, շատախոս Ռազմիկը միայն իմ հուշերում էր մնացել։ Աննան ու Էլենը իրենց միշտ զարդարող՝ պայծառությունն ու ինքնավստահությունը բազմապատկել էին խնամված ու եվրոպական միջավայրում։ Ափսո՜ս, ընտանիքի հորը՝ Վարդանին, չկարողացանք տեսնել-ծանոթանալ։ Այդ ընթացքում հայրենիքում էր՝ ծնողներին այցելելու նպատակով։

Մեր ճամփորդական օրվա  նախապատրաստությունը Ռազմիկը խնամքով իր ձեռքն էր վերցել։ Ամեն ինչ մանրակրկիտ ծրագրել, պլանավորել էր․․․

Աննայի մեքենայով, բայց իհարկե՛ Ռազմիկի վստահ վարորդությամբ, հասանք քաղաքից 12 կմ դեպի արևելք ընկած՝  Լազուր ափ կոչվող առողջարանային գոտի, միջնադարյան գեղադիր՝ Էզ ամրոցի բարձունքից հին քաղաքը տեսնելու։

Ըստ հայտնի ավանդույթի՝ ամրոցն իր անունը ստացել է ի պատիվ եգիպտական՝ Իզիդա կամ Իսիդա՝ կանացիության և մայրության աստվածուհու։

Դեպի ամրոցի բարձունք տանող՝ նեղլիկ, սալարկված ճանապարհն այնքա՜ն գողտրիկ, խնամված, ծաղկի ու կանաչի մեջ կորած անկյուններ ուներ, որոնցով չհիանալն անկարելի էր։ Ողջ ճանապարհին հանդիպող հիասքանչ տեսարաններն ու շինությունները շեղել էին մեզ ամրոցի բարձունքին հասնելու մտքից։ Գեղեցիկի վայելքով, հարազատ խոսք ու զրույցով, նկարելով ու նկարվելով տարված, չնկատեղինք, թե ինչպես հաղթահարեցինք բարձունքը ու հասանք ամրոցի ամենաբարձր կետին, որտեղից բացվում էր մի նոր՝ ավելի շլացնող տեսարան։

Ինչպես հետո պարզվեց, սա մեր օրվա հաղթահարելիք միակ բարձունքը չէր լինելու։ Մենք այցելեցինք նաև Նիցցայի հայտնի ամրոցը՝ Le Château de Nice, որի բարձունքից երևում է ողջ քաղաքը։ Աշտարակն` իր ընդարձակ այգով ու հին, պատմական շինություններով հանդերձ, մի ուրույն ու անսպասելի աշխարհ էր՝ քաղաքի սրտում։ Դավիթն էլ էստեղ վազվզելու ու մեր աչքից թաքնվելու մե՜ծ հնարավորություններ ուներ։ Դավթի արկածներին դիմադրելով, բազմաթիվ զբոսաշրջիկների խմբի հետ հասանք աշտարակի բարձունքին։ Ծովի ափին տարածվող, մայրամուտի լույսերով գունազարդված քաղաքը սքանչելի էր․․․

Տպավորված, հոգնած ու վաստակած՝ իջանք քաղաք։ Քայլեցինք հրապարակում, տեսանք մի քաղաքապետարանի հայտնի շենքն ու հարակից շինությունները։

Ինչպես և եվրոպական մյուս քաղաքներում, այստեղ շենքերի ճակատային մասի շինարարական բոլոր տեսակի միջամտությունները հսկվում են իշխանությունների կողմից։ Ոչ մի բնակիչ իրավունք չունի նույնիսկ աննշան միջամտել շենքի արտաքին տեսքին։ Ողջ ճամփորդության ընթացքում, մենք նույնիսկ լվացքի պարաններ չտեսանք։ Ինձ ողջ ընթացքում հիացնում էր քաղաքաբնակների փայփայող վերաբերմունքը, խնամքը սերնդեսերունդ փոխանցված հնությունների հանդեպ։ Այստեղ ամեն մի իր, նույնիսկ կենցաղային դետալ, պատմամշակությին արժեք ունի։ Հաջորդ պատումների ընթացքում կրկին կանդրադռնամ այս թեմային։

Սեբաստացիները՝ Ֆրանսիայում

Օտարերկրյա բնակության ողջ ընթացքում, այս սեբաստացի ընտանիքը հաջողությամբ է հարմարվել պայմաններին, դիմակայել բազմաթիվ խոչընդոտներ, հաղթահարել տարբեր դժվարություններ։ Ուրախալի է, որ այսօր բոլորն էլ հարմար աշխատանք են գտել Ֆրանսիայում։ Աննան խնամակալ-բուժքրոջ մասնագիտությամբ պատրաստություններ է անցել ու հաջողությամբ աշխատանքի է ընդունվել Մոնակոյում։ Ասեմ, որ Մոնակոյում աշխատանքի անցնելը հեշտ գործ չէ ու հատուկ ճարպկություն, անթերի աշխատանքային բնութագիր է պահանջում, քանի որ այնտեղ վարձատրությունն ավելի բարձր է։ Տեսնել էր պետք, թե ի՜նչ հիացմունքով ու ոգևորությամբ էր նա պատմում իր ստացած նոր հմտությունների՝ օգնության կարիք ունեցող մարդկանց ծառայություն մատուցելու մասին, շեշտում, որ մարդուն սիրելը, հարգանքով խնամելը-բուժելը  յուրօրինակ արվեստ է, որին տիրապետում է յուրաքանչյուր բուժաշխատող։ Ողջ զրույցի ընթացքում լուռ հայացքներ փոխանակելով, մենք հիացմունքով փաստեցինք, որ Աննայի պայծառությունն ու վստահությունը բազմապատկվել էր․․․

Հպարտությամբ տեղեկացանք, որ մեր Ռազմիկը, վեց տասնյակից ավելի ուսանողների շարքում, գերազանց հանձնել է բոլոր քննությունները և անվճար ընդունվել և սովորում է Նիցցայի հեղինակավոր բուհերրից մեկում ։ էլենը Նիցցայի ֆրանսիական լիցեյներից մեկի նույնքան սիրված ու վառ ուսանողուհի է։ Երկուսն էլ տիրապետում են ֆրանսերենին ու ծնողներին աջակցելու մղումից դրդված, սովորելու հետ համատեղ աշխատում են։ Հաճելի է լսել, որ իրենց հաջողությունների հիմքում, որպես անուրանալի փաստ, կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը, տիար Բլեյանի մեծ վաստակն են մատնանշում։ Օտար երկրում ապրելով, բոլոր թելերով շարունակում են կապված մնալ հայրենիքին, հիշում ու կարոտում են իրենց սեբաստացի ուսուցիչներին, մտքում փայփայում վերադառնալու ու ձեռք բերած հմտությունները հայրենիքին ծառայեցնելու հնարավորությունը։ Մեքենայի ղեկին՝ Ռազմիկի հնչեցրած խոսքերը չեն մոռացվի․

-Տիա՜ր, կուզեի այս հեղափոխության մասնակիցն ու մի մասնիկը լինել։ Վատ եմ զգում, մի տեսակ ամաչում եմ, որ այդ օրերին հայրենիքում չէի։

Օրվա վերջում, քաղաքի հրապարակում, վերջապես հանդիպեցինք աշխատանքից վերադարձած մեր Էլենին։ Միասին այցելեցինք քաղաքում  հայտնի՝ Ռազմիկի նախընտրած իտալական ռեստորաններից մեկը։ Չնայած տիարի՝ ռեստորանը շրջանցելու հորդորներին, Ռազմիկը համառեց։

Հյուրասիրության ողջ ընթացքում էլ սիրելի, հոգատար ընտանիքին ու Ռազմիկին բնորոշող, շա՜տ հուզիչ մի բացահայտում արեցի։ Պարզվում է՝ ինչպես այսօր, այնպես էլ ցանկացած անգամ, որևէ ռեստորան այցելելիս, Ռազմիկը անհրաժեշտ չափից ավել ուտելիք է պատվիրում, որպեսզի վերջում ավելացածը հատուկ ամանների մեջ տեղավորել տա ու իր բաժնից մերձակայքում գտնվող անտուն մարդկանց էլ բաժին հանի․․․ Ա՜յ ասպիսի սեբաստացի Ռազմիկ ունենք հեռավոր Նիցցայում։

ճամփորդության ընթացքում սա մեր վերջին հանդիպումը չէր։ Էլենի ուղեկցությամբ մենք այցելեցինք ֆրանսիական Դելֆինարիում, ողջ օրը միասին լինելու հնարավորությունը վայելեցինք, իսկ Աննան՝ մոտակա օրերի ընթացքում էլ՝ մինչև կայարան ճանապարհելը, հոգաց մեր մասին՝ իր զանգերով, Նիցցայից Մոնակոյի մեր կացարան ճանապարհելով, իր պատրաստած անկրկնելի սաղմոնով բրդուճների հյուրասիրությամբ, իսկ վերջին պահին, ճեպընթացի կայարանում՝ իր հրաժեշտով, Դավթի ամենասիրած շոկոլադների ու այլ անակնկալների մատուցմամբ․․․  Շնորհակալ ենք։

Ճամփորդական օրվա տեսապատումը

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s