Մենելաուս Լուդեմիս

Չուշանաս: Միայն սա եմ ասում քեզ: Չուշանաս:
Որովհետև քիչ անց, երբ դուռս թակես,
ինձ կթվա, թե ծերությունն է եկել,
ձմեռը կամ մահը:
Չուշանաս:

Կանգ առ շենքերի տակ` ճանապարհիդ,
ու ականջ դիր:
Ձեռքերս`պատուհաններից կախված,
քեզ են կանչում:
Կանգ առ շենքերի տակ ու ականջ դիր:
Ամենուր քո շունչն է սփռվել:
Ամենքը անունդ գիտեն:
Չուշանաս:

Քեզ սպասելն առավել քաղցր է գալուցդ:
Նշենու ծաղկելուն է նման:
Նավահանգստում նավարկող առագաստի:
Գեղգեղանք լինի ասես կամ առավոտյան քրքիջ:

Քեզ սպասելն ասես նորից աշխարհ գալ է:
Չուշանաս ճամփին: Ճանապարհները Ֆեակներով լի են,
մոլորեցնողները` շատ:
Ճանապարհները սայթաքուն են, գիշատիչները հարձակվում են
ու առևանգում:
Չուշանաս:

Չուշանաս, որովհետև մինչ գալդ
քայլելու եմ ցավիս ողջ աշխարհով մեկ
Անցնելու եմ բոլոր փշերով, բոլոր քարափներով:
Որովհետև սպասելը մեռնելու է նման:

Դրա համար: Չուշանաս:

 

Սովորիր հեռանալ

 

Ծակ գրկախառնությունների ապահովությունից,

Քեզ հետապնդող ձեռքսեղմումներից,

Մի կեղծ երջանկության հիշողությունից,

Հեռացիր` անաղմուկ, լուռ, առանց աղաղակի, երկարաշունչ հրաժեշտի:

Հետդ ոչինչ մի վերցրու, ոչ հիշատակ, ոչ էլ տաք շոր ճանապարհի:

Վազելով հեռացիր սուտ ապաստաններից, թեկուզ և դրսում կարկուտ տեղա:

Սովորիր նայել աչքերի խորքը հրաժեշտ տալիս, այլ ոչ թե ներքև կամ անհունի մեջ:

Բառերիդ ճիշտ իմաստ տուր, մի արժեզրկիր նրանց, խնդրում եմ:

Սովորիր նայել ավազի ժամացույցին, տեսնել, որ ժամանակդ վերջացել է:

Գրկախառնություններին, նամակներին, նվիրագրություններին վերջ` երբևէ կհանդիպենք, սեր իմ

(գիշերները բոլոր ու երգերը` ձերը չեն լինելու այլևս, հաշտվիր այդ մտքի հետ):

Բավ է Ապագան սիրես, երբ ունեցածդ միայն Ներկան է:

Հեռացիր այնտեղից, ուր չգիտես ինչու ես գտնվում, ուր չգիտեն ինչու են պահում քեզ:

Երգերից քո սիրած, քայլած վայրերից բաժանվի, գնա:

Երևակայությունդ քո կարծածիդ չափ սահմանափակ չէ:

Դու կարող ես բոլորովին նոր պատմություններ կերտել երկինք ու աղով,

Որ աշուն հիշեցնեն մի քիչ, շատ ամառ ու այն անեզր Գարունը:

Հեռացիր այնտեղից, ուր չես ստանում քեզ անհրաժեշտը,

Անհամապատասխանից, միջակից, քչից,

Պահանջիր, որ տվածդ հետ ստանաս, դու պարտք չես նրանց:

Հարգել սովորիր դու քո սերը, քո ժամանակը, ու սիրտը քո,

Ասածներին դու մի հավատա, սերն անսպառ չի, այն վերջանում է:

Սիրտը կոտրվում է, մի օր կփորձես աշխատեցնել այն, բայց չի աշխատի:

Մի ներիր նրանց, ովքեր զղջման արցունքներով ոտքերդ չլվացին:

Հասկացիր, երկրորդ հնարավորությունները վախկոտների համար են, երրորդները` ծիծաղելիների:

Մի վախեցիր բառ-նշանակություն համարժեքությունից. հարաբերությունը հարաբերություն անվանիր, խաբեությունը` խաբեություն:

Կշտամբիր ինքդ քեզ, որ երբեմն նստում ու մանկան պես գանգատվում ես,

ու հետո նրան սառնաշաքար տալիս, որ ծծկերը հանկարծ չնեղսրտի:

Եվ

Սովորիր հեռանալ այնտեղից, ուր իրականում երբեք գոյություն  չես ունեցել:

Հեռացիր, գնա, նույնիսկ թե թվա, ասես արգանդիցդ երեխայիդ են պոկում:

Հեռացիր այն ամենից, ինչ ճշմարիտ ես կարծել, միգուցե երբևէ հասնես դրանց:

Реклама
Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Գրադարան