Իմ Տերյանը․ 2018

35402961_946027065558479_9206069529174605824_nԱնդարձություն 

Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին

Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.

Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,

Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ։

 

Սառն աչքերով եմ նայում ես հեռվում

Մեռած օրերիս ցնորքին հիմա. —

Ուրիշից լսած մի երգ է թվում,

Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։

 

Մենք մնաս բարով չասինք իրարու,—

Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել։

Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,

Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։

 

Տարիներն անցան, և հին օրերին

Նայում եմ ահա անտարբեր սրտով,

Եվ որպես գերին հլու իր բեռին,

Տանում եմ կյանքի օրերն անվըրդով։

 

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս

Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,

Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—

Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ.

****

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,
Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում,
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։

Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։

Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

*****

Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն…

Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։

Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ…

****

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Реклама