Մայրենի լեզվի առարկայական ծրագիր

Նախաբան․ մասնագիտական դիտարկումների իմ փորձից

Գործնական մայրենի լեզու

Մայրենի լեզվի դասավանդումը կրտսեր դպրոցում, այլ կերպ ասած՝ խոսքի մշակույթ առարկան, տասնյակ տարուց ավել, իմ աշխատանքային ուսումնասիրության առարկան է դարձել: Իմ այս մեթոդական հիմնավորման դրդապատճառը, մի խումբ ծնողների հարցադրմանն է ուղղված: Մենք՝ կրթահամալիրի դասավանդողներս, հաճախ ենք հանդիպում ծնողների համառ դիմադրությանը, ովքեր կարծում են, թե մայրենի լեզուն յուրացնելու համար ուղղագրական ու քերականական կանոն-սահմանումների ուսուցումը խիստ պարտադիր է: Իմ աշխատանքային փորձի, տարբեր հետաքրքրություններ և ունակություններ ունեցող սովորողների դիտարկման արդյունքում համոզվել եմ, որ մայրենի լեզուն յուրացնելու, այն ճանաչելու և կատարելագործելու ամենակարճ ճանապարհը խոսքի մշակումն է՝ այն անընդհատ հղկելու կարողության ձևավորումը: Սա անավարտ մի գործընթաց է, որը ուղեկցում է մեզ  ողջ կյանքի ընթացքում: Ահա՝ ինչու մեր կրթական ծրագրի հիմքը հենց լեզվագործունեության արդյունքում, մտքի՝ բանավոր ու գրավոր խոսքի կատարելագործումն է: Մտքի ծնունդը ստեղծագործական աշխատանք է, խոսքը՝ միտքը արտահայտելու գործնական կարողություն: Ոչ մի պարտադրանք կամ սահմանում չի կարող գործնական հմտություն փոխանցել մարդուն, առավել ևս՝ երեխային: Ուստի լեզուն յուրացնելու ամենաարդյունավետ միջոցը, այն ինչպես խաղալիք՝ շարունակ գործածելով, խաղալով, քանդելով ու հավաքելով ուսումնասիրելն է՝ դիտարկելը։

Լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`

Ընդհանուր դրույթներ

մայրենի լեզվի կարևորության գիտակցմանը

մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը

մայրենի լեզվով`  բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.

լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը.

սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն:

Ուսուցման խնդիրները

Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են`

գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.

սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).

վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացում.

լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների ընդարձակում.

hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

Ուսումնական բնագավառը 4-5-րդ դասարաններում ներկայացված է հետևյալ դասընթացներով`

«Մայրենի լեզու» (շաբաթական 5 ժամ),

սովորողների ընտրությամբ մեդիալրագրություն դասընթաց (շաբաթական 4 ժամ),

սովորողի ընտրությամբ տնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ կրթության նախագիծ

Մայրենիի ուսուցումը կազմակերպվում է գրավոր և բանավոր խոսքի միջոցով

Կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան դասավանդողը հեղինակային նախագծերը հրապարակում է իր բլոգում: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքից առաջ հրապարակում է նաև օրվա անելիքը` անհրաժեշտ առաջադրանքներով, ուսումնական նյութերով և հղումներով, ինչպես նաև առանձին սովորողներին ուղղված լրացուցիչ առաջադրանքներով:

Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը` կայքը` իր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է պրոյեկտորի, էլեկտրոնային գրատախտակի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո-տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:

Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը  բավարարում է հետևյալ պայմաններին.
— մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
— համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
— նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։

Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:

Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից  բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
— կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
— մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ:

Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,

նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,

տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,

մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական,  մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,

հետաքրիր, ուսումնական նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,

ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,  mskh.am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,

ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է  այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):

Ուսուցիչը կարևորում Է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։

Ուսուցման նյութական միջավայրը

ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.

ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.

դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.

քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.

հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

Մեդիամիջավայրը`

անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).

դասարանի, դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.

հանդեսներ՝ պատանեկան գործող և որպես ուսումնական նախագիծ ստեղծվող ամսագրեր

կրթահամալիրի մեդիագրադարան [3].

Ուսումնական TV և ռադիո խմբագրություններ

mskh.am, դպրոցի ենթակայքը, այլ ենթակայքեր, մանկավարժական ամսագրեր

վիրտուալ պահոցներ և ցանցեր (Soundcloud,  wordpress, YouTube, facebook,  googledrive, slideshow  և այլն).

այդ թվում նաև՝ աշխատանքային նյութի այլ փաթեթներ, ինչպես, օրինակ՝ Բոլոր ժամանակների և ժողովուրդների լեզվաբանական խնդիրներ,  Լեզվաբանական ամառային դպրոցԼեզվաբանություն դպրոցականների համարՀ. Աճառյանի «Լիակատար քերականությունը», էլեկտրոնային բառարանների (օրինակ՝ nayiri.com), գեղարվեստական գրականության (ինչպես՝ Համահայկական էլեկտրոնային գրադարանԳրքամոլkoob.ru և այլ) էլեկտրոնային գրադարաններ.

ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).

թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).

աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).

աուդիո-տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).

Ուսուցման նյութը

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է կրթահամալիրի մեդիագրադարանից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Այդ թվում` գրաբար` գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն), առակներ (խրատներ) Հին Կտակարանից, Նոր Կտակարանից, երաժշտության, ծեսի՝ ծրագրով նախատեսված շարականներ:
Լեզվական նյութը:  Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրման-խմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեզվական գիտելիքներ, գործնական քերականական վարժություններ` կրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, լեզվաբանական խնդիրներ:
Տեքստային աշխատանքը: Գրավոր և բանավոր շարադրում` տպավորություն, նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց,  օտար լեզուներից թարգմանություն, փոխադրում:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.

լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.

վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը

աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,

ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.

ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Բառապաշարի հարստացմանը

Ուսումնական նյութը պետք է.

համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ

լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.

պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)

անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Բանավոր խոսքի զարգացման մեթոդները կրտսեր դպրոցում

Մի քանի գործնական աշխատանքների օրինակներ

Աշխատանք ռոդարիական հնարներով․ Երևակայան երկանդամներ

Աշխատում ենք Դ. Սոկոլովի «Ծույլ գետ» հեքիաթի շուրջ

Խմբային աշխատանքի, վերլուծական, քննադատական մտածողության խթանմանն ուղղված աշխատանք․ խաղարկային դատարան

Հ․ Թումանյանի <<Չախչախ թագավորը>> հեքիաթի շուրջ

Ինչպես խթանել սովորողների ընթերցասիրությունը

Գիրքը կենսունակ է միայն այն դեպքում, եթե նրա ոգին ուղղված է դեպի ապագա:

Օնորե դը Բալզակ

Շատերըկարծումենորտեխնիկայիզարգացման նորդարաշրջանը հետինպլանէմղել ընթերցանությունը և գրքերին փոխարինելու են եկել համակարգչային խաղերն ու ֆիլմերը: Եսայդպեսչեմկարծումքանզի  ընթերցասիրությանը չիկարողխոչընդոտելոչմիտեխնիկականառաջընթաց: Ճի՛շտ հակառակը: Տեխնիկական առաջընթացը եկել է լրացնելու և առավել արդյունավետ դարձնելու կրթության որակն ու անհրաժեշտ ինֆորմացիաների հայթայթումը: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր առաջընթաց չի կարող գոյատևել առանց գրագետ ու ինֆորմացված հասարակության: Գրքերն իրենց դերը  չեն կորցրել, պարզապես կրթության ու ինֆորմացիայի մատուցման ձևերն են փոխվել: Ես շատ անգամ եմ լսել այլ դպրոցներում դասավանդող գործընկերներիս դժգոհություններն ու հուսահատ կարծիքներն այս թեմայի վերաբերյալ և փորձել եմ հասկանալ, թե ի՞նչն է նրանց այդպես մտահոգում: Կարծում եմ, որ պատճառն ամենևին էլ  <չսովորող, անհետաքրքրասեր > սովորողները չեն: Պարզապես պետք է ընդունել, որ հանրապետության բազմաթիվ դպրոցներումդասավանդվողծրագրերնուհնացածգրադարան — հաստատություններըսպառելենիրենց գրավչությունըուդուրսմղվելընթերցող սովորողներիուշադրությունից: Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել դիտարկելու մեր կրթահամալիրում իրականացվող դասապրոցեսները և սեփական փորձից ելնելով ` կարող եմ համոզված պնդել.

Ընթերցասիրությանը խթանելու համար հարկավոր է սովորողների մեջ հետաքրքրություն և ուսումնասիրելու ցանկություն առաջացնել:  Հարկավոր է բորբոքել հայտնագործելու ու փնտրելու ցանկությունը: Եթե յուրաքանչյուր ուսուցչի հաջողվի ինֆորմացիայի փնտրտուքը կամ ընթերցանությունը հաճելի աշխատանքի վերածել, ապա հարկ չի լինի բողոքել շարունակ աճող անտարբերությունից: Ներկայիս հարուստ ինտերնետային կապն ու համակարգչային բազմաթիվ ծրագրերը կարող են խթանել գրքերի ու բառարանների հանդեպ հետաքրքրությունն ու դրանք կարևորելու, խնամքով պահպանելու մոտեցում ձևավորել: Երբ սովորողը նյութ ստեղծելու, այն ձևավորելու, հրապարակելու կամ տպագրելու հնարավորություն ունենա, կսովորի նաև գնահատել ու խնամքով վերաբերվել տպագրված գրքերին:  Օտարալեզու կայքերից նյութեր ընթերցելու և թարգմանելու գործընթացը առաջին պլան կմղի բառարանների գործածությունը  նաև էլեկտրոնային բառարաններից օգտվելու հմտություններ կձևավորի, իսկ տպագիր բառարանները կդադարեն մեր ինտերիերի ձևական բաղկացուցիչը լինելուց ու գրապահարանների խորքում պահված դարակներից կհայտնվեն սովորողների սեղանին:  Մեծահասակների դժգոհությունները, խորհուրդ- խրատները չեն կարող սեփական գործողությունների համար պատասխանատու և ազատ անհատ դաստիարակել: Անհատը կերտվում է սեփական աշխատանքի, ինքնափնտրտուքի, ինքնուրույն համոզմունքների ձեռքբերման ճանապարհին: Ընթերցանությունը ինքնանպատակ չէ, այն մտավոր աշխատանք է, որի արդյունքում  ձևավորվում է  ընթերցասեր, սեփական ոճն ու ճաշակը ունեցող, մտածող մարդը: Այսպիսով՝  ընթերցասեր անհատի ձևավորումը նաև հասարակական պահանջ է:

Բլոգային ուսուցումը ինքնուրույնության նոր աստիճան, անհատականացված կրթության կազմակերպիչ

Ոսումնական գործընթացի բլոգային կազմակերպումը կրթահամալիրում սկսեց գործել  2010-2011թվականներին։ Ամենասկզբում բլոգավարությունը փորձարկվեց կրթահամալիրի մի քանի փորձառու ուսուցիչների կողմից, հետո, աստիճանաբար տարածվեց ու պարտադիր դարձավ յուրաքանչյուրիս համար։ Տարիներ առաջ բլոգավար դառնալու միտքը ինձ անհասանելի էր թվում։ Կրթահամալիրում աշխատանքային փորձ ունենալով հանդերձ, չէի պատկերացնում, թե բլոգավարությունն ինչպե՞ս կարող է դասավանդողի ամենօրյա աշխատանքի կարևոր բաղկացուցիչը լինել։ Իսկ հիմա՝ դժվար է հակառակը պատկերացնել։ Բլոգս ինձ համար մի գրավիչ ու հարազատ մեդիահարթակ է դարձել, ազատության ու ինքնուրույնության նոր աստիճան, ինքնազարգացման ու ինքնարտահայտման անփոխարինելի տիրույթ։ Կարծում եմ ՝ այսպես է մտածում յուրաքանչյուր սեբաստացի բլոգավար։ Յուրաքանչյուրիս համար մեր ուսումնական բլոգը ինքնակրթության, ինչպես նաև սեբաստացիական համերաշխության դրսևորման՝ հաղորդակցության-ճանաչողության անփոխարինելի մեդիահարթակներ են դարձել։

Բլոգային ուսուցումը բեկումնային փոփոխություններ մտցրեց իմ մանկավարժական գործունեության մեջ․ ամբողջովին փոխեց աշխատանքիս կազմակերպումը։ Հեղինակային մանկավարժությամբ զբաղվելը փաստացի, ամենօրյա գործունեություն դարձավ, առանց որի դժվար է պատկերացնել ուսումնական գործընթացի կազմակերպումը։ Բլոգային աշխատանքի ընթացքում, որպես հեղինակային ծրագրի կազմակերպիչ, ես ավելի ինքնուրույն ու ազատ եմ՝ միևնույն ժամանակ պատասխանատու, իմ կատարած ամենօրյա աշխատանքի համար։ Անկեղծորեն պետք է նշեմ, որ հեշտ չէր հրաժարվել, ինձ համար հեղինակություն վայելող ուսուցիչներիս ստեղծած, մեր հեղինակային մանկավարժության խորհրդանիշը դարձած  ուսումնական փաթեթներից, որոնց օգնությամբ նաև ինքս եմ մասնագիտական հմտություններ ձեռք բերել։

Այս ամենը գիտակցելով հանդերձ, այժմ ինքս եմ խրախուսում սովորողներիս առավել ինքնուրույն հանդես գալ, ազատ լինել դասագրքային ու ծրագրային պարտադրանքից։ Կարծում եմ, որ բլոգային անհատական աշխատանքը ամենից առաջ ուղղված է մարդու՝ սովորող-սովորեցնողի անհատականացված ուսուցմանը, ինքնազարգացմանը։ Բլոգային ուսուցման բերած անհատական աշխատանքի արդյունքում ջնջվում են բոլոր տեսակի անջրպետները։ Այս կարևոր մեդիահարթակում յուրաքանչյուրը կարող է դառնալ քո ուսուցիչը՝ անկախ տարիքից ու աշխատանքային փորձից։ Յուրաքանչյուրը ճանաչելի է իր կատարած աշխատանքով, բերած թարմությամբ ու մտքի թռիչքով։ Ուսուցումն այս տիրույթում բազմազան խթաններ ունի․այն ոչ մի դեպքում սերտում չես անվանի։ Ընթերցանության նյութերի բազմազանության մեջ ընտրելու, ընթերցելու, թարգմանելու-ներկայացնելու, հրապարակային մտածելու ու ճանաչողություն ձեռք բերելու անսահման տարածք է ուսումնական բլոգը յուրաքանչյուրիս համար։

Մի՞թե ինքնակրթության կարևորության գիտակցմանը,  անձանձրույթ ուսուցմանը չեն ուղղված մեր ջանքերը։  Որպես դասավանդող կարող եմ փաստել, որ բլոգային ուսուցումը շարունակ նոր հմտություններ ու որակներ է փոխանցում ինձ ու սովորողներիս։ Իմ առաջիկա աշխատանքի կազմակերպումը ես տեսնում եմ բլոգային ուսուցման ընձեռած բազմաշերտությունը համադրելու միջոցով , ավելի կոնկերտ կազմակերպել յուրաքանչյուր սովորողի անհատական զարգացման գործընթացը։ Կարևորը ուսուցումը ձանձրալի չդարձնելն է։

Գնահատում․ իմ մոտեցումները

Գնահատումը ուսումնական գործընթացի կարևոր խթանն է ։ Ուսումնական գործընթացում գնահատման չափանիշները անփոփոխ են ու բխում են սովորողի առաջընթացի շահերից։ Գնահատման նպատակը սովորողի ձեռք բերած կարողությունները, ձեռբերումները գրանցելու և բացթողումներն ու թերացումները շտկելու համար են։

Անհատական ուսուցման դեպքում, գնահատման չափանիշներն ու մոտեցումները նույնպես ուղղված են սովորողի անհատական զարգացմանը։ Դրանք ավելի շատ արդյուքների գրանցման նպատակ են հետապնդում։ Ամենակարևորը գնահատումը գնահատանիշի հետ չշփոթելն է, գնահատանիշը ծնողի և ուսուցչի ձեռքին լծակ չդարձնելը։ Սովորողը պետք է գիտակցի, որ կարևորվում է իր ամենօրյա ջանքը, աշխատասիրությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը։ Չի խրախուսվում , հետապնդվում է՝ ծուլությունը, անպատասխանատվությունը, թափթփվածությունը, նմանակումը։ Այստեղ ոչ մի դեպքում վրիպել չի կարելի։ Չսովորող անտարբերը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ ներառվելով, ոչ թե պատժվելով կամ ձևական, անբավարար գնահատանիշ ստանալով։ Ես տվյալ դեպքերում հետամուտ եմ լինում, որ յուրաքանչյուրը աշխատի, ներկայանա իր հնարավորությունների չափով։

Կարևոր եմ համարում սովորողների մոտ ինքնագնահատման, ինքնավերահսկման կարողությունների  զարգացումը։ Այս հմտությունները կրտսեր տարիքից պետք է ձևավորել։ Դասավանդողներն ու ծնողները այս հարցում կարևոր անելիք ունեն ու պետք է համագործակցությամբ հանդես գան։ Ինքնուրույն գործունեություն ծավալող, ստեղծագործական աշխատանք կատարող մարդը պետք է գիտակցի, որ ամենակարևորը ինքնագնահատումն է, ինքնազարգացման միջոցով՝ ինքնաշտկումը։ Զարգացումը անընդհատ գործընթաց է, որը ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում ։  Հետևաբար, չկա ավելի օբյեկտիվ կամ արդյուանվետ միջոց՝ քան ինքնագնահատումը, ինքնավերահսկումը։

Ոսուցչի կողմից իրականացվող միակողմանի ստուգումները անարդյունավետ ու ժամանակատար միջոցներ են։ Աշխատանքների ստուգման գործընթացը, սխալների շտկումը նույնպես ուսումնական գործընթացի պետք է վերածել։ Դրանք լեզվական նոր հմտությունների փոխանցման ու ամրապնդման լավագույն հնարներ կարող են հուշել, իսկ կոնկրետ, կենդանի օրինակի վրա աշխատելը արդյունավետ ու գործնական աշխատանքի բազում տարբերակներ։

Ինչպես եմ վերաբերվում գնահատանիշին

Գնահատումը կարևոր է, սակայն ես միշտ էլ մեծ դժվարությամբ եմ սովորողի կատարած աշխատանքը գնահատանիշի՝ միավորանոց համակարգի բերում։ Իրանակում ո՞վ կարող է արդարացի լինել, ճշգրիտ գնահատել մարդու աշխատանքի արդյունքը, հասկանալ, ճանաչել նրա ձեռքբերումի, հաղթահարման աստիճանը։ Գնահատիշային գնահատման դեպքում միշտ էլ վրիպելու վտանգ կա։ Պարզ է, որ դրանք կրթական ոլորտում հորինվել են սովորողի զարգացման մակարդակը մոտավորապես արձանագրելու համար, սակայն միշտ  երկմտանքոմ եմ վերաբերվել գնահատման այս համակարգին։ Մատյանում գնահատանիշ դնելուց հետո մտածում եմ՝ արդյո՞ք լավ եմ ճանաչում իմ տվյալ սովորողի հնարավորությունները․․․ Արդյո՞ք գնահատանիշի միջոցով չեմ վնասում նրա ինքնագնահատականի ձևավորմանը։ Գուցե դա է պատճառը, որ միշտ կիրառում եմ իմ պատկերացումներից քիչ բարձր գնահատելու սկզբունքը։ Լավ է, որ կրտսեր դպրոցում դա ոգևորող ազդեցություն է ունենում։

Կարծում եմ

Հեղինակային, անհատական ուսուցման դեպքում, սովորողի աշխատանքի արդյունքը, զարգացումն այնքան ակնհայտ է, հրապարակային։ Անհատական ուսումնական բլոգում հրապարակված են ամսվա, կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները, նախագծերը։ Կատարված, սակայն չհրապարակված աշխատանքները մեդիահմտությունների վատ գործածության կամ դրանց չտիրապետման, դպրոցներում առկա տեխնիական խնդիրների կամ հեղիանակային կրթական ծրագիրը չյուրացնելու մասին են վկայում։ Սրանից էլ տեսանելի ու օբյեկտիվ գանատակա՞ն։

Ինչպե՞ս եմ գնահատում մատյանում

Իմ առարկայ բաժնում Էլեկտրոնային մատյանում հիմնականում առաձնացված են  հետևյալ  բաժինները

Բանավոր խոսք

Գրավոր խոսք

Նախագծային աշխատանք

Բլոգավարություն

Տնային աշխատանք-հեռավար աշխատանք

Բանավոր ու գրավոր խոսքը գնահատելիս  հաշվի եմ առնում սովորողի գրագետ, ամբողջական ինքնարտահայտման կարողությունները։

Գերազանց եմ գնահատում ասելիքի գրագետ ձևակերպումը, ընթերցասիրությունը, ստեղծագործական, յուրօրինակ մտածողությունը, ամբողջական խոսքի հստակ ձևակերպումը, որոնք տեսանելի են ամենօրյա գրավոր ու բանավոր խոսքի, քննարկումների ժամանակ։

Բլոգավարությունը  գնահատելիս հաշվի եմ առնում ուսումնական բլոգներում ,,մայրենի լեզու >> բաժնում հրապարկված նյութերի հաճախակիությունը, բլոգի գործածությունը՝ որպես ուսումնական միջավայր։ Հիմանակում աղյուսակում նշում եմ + կամ – նշաններով։

Նախագծային աշխատանքները  բազմազան են։ Դրանք չեն սահմանափակվում միայն դասի կամ կոնկրետ նախագծի ընթացքում իրականցված նախագծային աշխատանքներով։ Այս բաժնում առկա են նաև սովորողների անհատական կամ համագործակցային, խմբային աշխատանքները։ Բարձր են գնահատվում ամբողջական, գրագետ կատարված աշխատանքները / թարգմանության փորձեր, խմբագրություններ, թեմատիկ պատումներ/ ։

Տնային կամ լրացուցիչ աշխատանք—  Այս աշխատանքը սովորողի կատարած հեռավար ընտանեկան կամ ինքնուրույն կատարած աշխատանքն է։ Տնային առաջադրանքները գնահատելիս հաշվի են առնվում ընտանեկան-համագործակցային նախագծերը, ինչպես նաև նախագծային անհատական հետազոտական աշխատանքները։ Նմանատիպ աշխատանքների միջոցով հիմնականում գնահատում եմ  սովորողների ինքնուրույնությունը, համագործակցային ու հետազոտական աշխատանքի կարողությունները, նախագծային աշխատանքներում հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու, ստացած հմտությունները փոխանցելու կարողությունները։

Ամենակարևորը

Մարդկային հարաբերություններում ամենակարևորը փոխադարձ հարգանքն ու վստահությունն է։ Համոզվածությունը՝ որ դիմացինդ չի թերագնահատի, չի անտեսի քեզ, կատարածդ ջանքը։ Համոզված եմ, որ սովորողի համար չկա ավելի արդյուանվետ գնահատական, քան սիրելի ուսուցչի խորաթափանց ուղղորդումը՝ ժպիտը, շոյանքը, գովասանքը, խեթ հայացքը, կամ լուռ վրդովմունքը․․․ Այս միջոցները եղել և մնում են իմ գնահատման ամենազադեցիկ ու գործուն միջոցները։ Ես միշտ փորձում եմ, ջանում, սիրելի ու հետաքրքիր ուսուցիչ լինել իմ սովորողների համար, որպեսզի հաջողեմ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s