Կոմիտաս

Ըստ Լյուսի Թարգյուլի

Բեռլինի կոնսերվատորիայի դահլիճում հավաքվել էին միջազգային երաժշտական ընկերության անդամներ՝ ականավոր կոմպոզիտորներ, տեսաբաններ, քննադատներ, երաժշտագետներ Վիեննայից, Փարիզից եւ այլ քաղաքներից: Դասախոսությունն ավարտելու համար խոսքը տրվեց Կոմիտասին:
-Եվ այսպես,- ամբիոնիn մոտենալով՝ հանդարտ եղանակով շարունակեց Կոմիտասը,- այս բոլորից հետո հարկավոր է ապացուցել, որ հայ ժողովուրդն ունի իր երգը… Մարդիկ կան, որոնք հայտարարում են, որ հայ երաժշտություն գոյոււթյուն չունի, եւ որ եղածը այլ ժողովուրդների մշակույթի ազդեցությունն է կրում: Մինչդեռ հայկական երաժշտությունն այնքան ազգային է եւ այնքան ինքնուրույն, որչափ նրա լեզուն ու գրականությունը, որովհետեւ յուրաքանչյուր ազգի երաժշտություն ազգի հնչյունական ելևէջներից է սնվում:
Կոմիտասն իր ասածն ապացուցելու համար երգեց հայկական մի եղանակ. այդ եղանակում զգացվում էր տաճկականի ազդեցությունը՝ դողդողուն խաղեր, սակայն երբ նա երկրորդ անգամ կատարեց միևնույնը՝ հեռացնելով օտարամուտը, ապա հայտնվեց երգի բուն մեղեդին՝ անաղարտ բնիկ հայկական հատկանիշներով:
Դահլիճը, մոռանալով երաժշտական խիստ կանոնները, ծափահարեց Կոմիտասին: Հայ երաժիշտը գլխի զուսպ շարժումով ընդունեց ունկնդիրների գոհունակությունն ու ներս հրավիրեց հայ ուսանողներից կազմած իր երգեցիկ խումբը:
Կոմիտասյան ձեռքի վճռական մի շարժում, և ահա Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող բեռլինյան դահլիճում թնդացին հայ ժողովրդի երգերը… Երգեր, որոնք հզոր էին, ինչպես ինքը՝ ժողովուրդը՛ և պարզ ու ազնիւ, ինչպես դարձյալ ժողովուրդը: Ունկնդիրների մարմնով հաճելի մի սարսուռ անցավ:
Կոմիտասը նստեց դաշնամուրի առաջ՝ որպես անտունի, ու ինքն իրեն նվագակցելով՝ երգեց «Անտունին»…
Ելավ «Անտունին» նրա շուրթերից՝ ոորպես հայ ժողովրդի ողբ… Մռնչաց ծովը հասարակության կիսախուփ աչքերի առաջ, լիզեց ժայռոտ ափերը՝ կուլ տալու նրան, որի տունը փլվել էր, ու գերանները կախվել էին… Քանի՜ անգամ փլվեց հայ տունը, ու քանի՜ անգամ նա նորոգեց գերանները, բայց չար մարդիկ կրկին ավերեցին այն տունը…
Երգն ավարտված էր, սակայն ոչ ոք չսթափվեց, որ ծափահարեր: Կոմիտասը հեռացավ: Ու նոր միայն թնդաց դահլիճը, երերաց ծափահարությունից…
-Չգիտես ինչո՛վ հիանալ. Կոմիտասի ձայնո՞վ, արվեստո՞վ, թե՞ կատարողականությամբ,- բացականչեց երաժշտագետներից մեկը:
Կոմիտասը նորից մոտեցավ դաշնամուրին, եւ դահլիճը լռեց: Բերկրանքը, որ ավելանում էր յուրաքանչյուր հնչյունից հետո, ճիչը, որ խեղդվում էր ունկնդիրների կոկորդում, այլևս հնարավոր չեղավ զսպել, երբ Կոմիտասը երգեց «Մոկաց Միրզան»:
Դահլի՞ճը… Ու՞ր մնաց դահլիճը, Կոմիտասը՝ որպես մոգ, շարժեց երկար մատները դաշնամուրի ստեղների վրա, ու մարդիկ նրա հնչյունների ուժով լողացին տարածության մեջ, հասան Մոկաց աշխարհ, կախարդական մի աշխարհ, ուր բնությունը վեհ է, լեռները՝ վիթխարի, հերոսական…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s