Ծրագիր կրտսեր դպրոցի 4 և 5- րդ դասարանների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մայրենի լեզվի դասընթացը կրտսեր դպրոցում

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Լավ թե վատ, ճիշտ թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է իր մայրենի լեզվով,արտահայտում իր հույզերը, մտքերը, ճանաչում, ուսումնասիրում է այն, փորձում հասկանալ։ Ուստի մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, որովհետև մարդն այն յուրացնում ու կատարելագործում է ողջ կյանքի ընթացքում։
Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է և
սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի
սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ
արժեհամակարգի ձևավորմանն ու ինքնարտահայտմանը։ Կրտսեր դպրոցում մայրենի լեզու առարկան անվանում  ենք մայրենի խոսքի մշակույթ։

Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են`

  • Գրավոր ու բանավոր խոսքի զարգացումը
  • Վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացումը
  • Լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների լեզվաճանաչողության կատարելագործումը
  • Մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • Համացանցային տեղեկատվական տիրությում կողմնորոշվելու կարողության, բառարաններից և տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտու­թյունների զարգացումը
  • Կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
  •  Լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
     որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.

Ուսումնական բնագավառը 4-5-րդ դասարաններում ներկայացված է հետևյալ դասընթացներով`

«Մայրենի լեզու»  (շաբաթական 5 ժամ)

Սովորողի ընտրությամբ տնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ կրթության նախագիծ

Մայրենիի ուսուցումը կազմակերպվում է գրավոր և բանավոր խոսքի միջոցով

Կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան դասավանդողը հեղինակային նախագծերը հրապարակում է իր բլոգում: Ուսումնական պարապմունքից առաջ հրապարակում է նաև օրվա անելիքը` անհրաժեշտ առաջադրանքներով, ուսումնական նյութերով և հղումներով, ինչպես նաև առանձին սովորողներին ուղղված լրացուցիչ առաջադրանքներով:

Ուսուցման սկզբունքները

Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործածության վրա։ Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյա գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), հետ, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծերի, ստուգատես-փառատոների, ծեսերի մասնակցությամբ:

 Այսպիսով՝ սովորողն անընդհատ իր գրավոր և բանավոր խոսքը ճիշտ և հասկանալի ձևակերպելու, անհատական բլոգի կամ TV- ների, ամսագրերի, կլոր սեղան-ներկայացումների միջոցով այն հրապարակային ներկայացնելու  խնդրի առաջ է կանգնած։ Այսպիսի աշխատանքները սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի և բավարարման իրական միջավայր են ձևավորում, ստեղծում հաղորդակցման ազատ և բնական պայմաններ։ Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում։

  • Կարևորվում է բանավոր և գրավոր մտքի գրագետ ձևակերպումը
  • Ստեղծագործական և քննադատական մտածողության կատարելագործումը
  • Խմբագրական և թարգմանական հմտությունների զարգացումը
  • Հրապարակային խոսքի ձևավորմանը
  • Մեդիատիրությում անկաշկանդ արտահայտվելու ունակություննների ձևավորումը

Առարկայի դասընթացը վարողին ուղղված պահանջներ

Պետք է

  • Շարունակ զբաղվի ինքնակրթությամբ
  • Մշտապես հաղորդակցվի գրական մաքուր հայերենով
  • Հետևի սովորողի խոսքին
  • Համագործակցի մասնախմբի ղեկավարի, անհրաժեշտության դեպքում նաև մայրենի լեզվի մյուս ուսուցչների հետ

Գործունեության ձևերը

Սովորողները ամենօրյա գործունեության արդյունքում՝ անհատական բլոգը վարելիս, վերլուծություններ, փոխադրություններ, հաշվետվություններ ու տպավորություններ ներկայացնելիս, հարցազրույց վարելիս, առցանց դասերի ու քննարկումների մասնակցելիս, թարգմանություններ անելիս, շարունակ հղկում ու կատարելագործում են իրենց խոսքը։

Ուսուցման կազմակերպումը

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է համացանցի, անհատական թվային գործիքների (նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ) կիրառմամբ: Ուսումնական նյութերը ստեղծվում են`  համակարգչային նոր ծրագրերի յուրացման ու կիրառման արդյունքում: Սովորողի կողմից գործածվող անհատական բլոգը, թվային միջոցները նպաստում են նրա ինքնարտահայտման հնարավորությունների կատարելագործմանը,  ասելիքը ամբողջական, առավել գրավիչ և հրապարակային դարձնելուն։

Առաջադրանքներին ներկայացվող պահանջները

  • Մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել դրանք։
    Համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին։
  • Նպաստում է սովորողի հոգևոր, արժեքային  համակարգի և աշխարհայացքի ձևավորմանը։
  • Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

Ուսումնական աշխատանքի ձևերը

  • ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.
  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
  • նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.
  • բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.
  • գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.
  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական,  մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,
  • հետաքրիր, ուսումնական նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,
  • ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,  mskh.am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծումը.
  • դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է  այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
    ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
    զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
    է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
    ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):

Ուսուցման աղբյուրները

  • Կրթահամալիրի սովորողների, դասավանդողների բլոգներ
  • Մեդիագրադարաններ
  • Կրթահամալիրի կայք, ենթակայքեր
  • Տեղեկատվական աղբյուրներ, բառարաններ, ամսագրեր, գրքեր, այլ

Ուսուցման նյութը

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է կրթահամալիրի մեդիագրադարանից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Այդ թվում` գրաբար` գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն), առակներ (խրատներ) Հին Կտակարանից, Նոր Կտակարանից, երաժշտության, ծեսի՝ ծրագրով նախատեսված շարականներ:


Լեզվական նյութը:  Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրման-խմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեզվական գիտելիքներ, գործնական քերականական վարժություններ` կրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, դասավանդողի ստեղծած առարկայական փաթեթներից, լեզվաբանական խնդիրներ մասնագիտական տարատեսակ աղբյուրներից:


Տեքստային աշխատանքը: Գրավոր և բանավոր շարադրում` տպավորություն, նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց,  օտար լեզուներից թարգմանություն, փոխադրում:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։

Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։

Ուսուցման նյութական միջավայրը

Ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան  ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ

 Տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.

Ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.

Դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.

Քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.

Հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

Մեդիամիջավայրը`

Անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).

Դասարանի, դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.

Հանդեսներ՝ պատանեկան գործող և որպես ուսումնական նախագիծ ստեղծվող ամսագրեր

Կրթահամալիրի մեդիագրադարան [3].

Ուսումնական TV և ռադիո խմբագրություններ

mskh.am, դպրոցի ենթակայքը, այլ ենթակայքեր, մանկավարժական ամսագրեր

Վիրտուալ պահոցներ և ցանցեր (Soundcloud,  wordpress, YouTube, facebook,  googledrive, slideshow  և այլն).

Այդ թվում նաև՝ աշխատանքային նյութի այլ փաթեթներ, ինչպես, օրինակ՝ Բոլոր ժամանակների և ժողովուրդների լեզվաբանական խնդիրներ,  Լեզվաբանական ամառային դպրոցԼեզվաբանություն դպրոցականների համարՀ. Աճառյանի «Լիակատար քերականությունը», էլեկտրոնային բառարանների (օրինակ՝ nayiri.com), գեղարվեստական գրականության (ինչպես՝ Համահայկական էլեկտրոնային գրադարանԳրքամոլkoob.ru և այլ) էլեկտրոնային գրադարաններ.

Ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

Տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).

Թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).

Աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).

Աուդիո-տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

Սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.

Լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.

Վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը

Աշխարհճանաչողության ընդլայնմանը, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,

Ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.

Ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Բառապաշարի հարստացմանը

Ուսումնական նյութը պետք է.

համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ

լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.

պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)

անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Բովանդակությունը՝ 4-րդ դասարանում

Գրավոր խոսք․ լեզվական նախագիտելիքներ

Հնչյունաբանություն

Հնչյուն, տառ-տարբերությունները

Ձայնավոր հնչյունների ուղղագրությունը

Բառագիտություն

Բառերի տեսակները ըստ կազմության

Բառակազմության սկզբունքները․ հոդակապով, անհոդակապ բարդություններ

Պարզ, բարդ, ածանցավոր բառեր

Բառակապակցություններ, դարձվածքներ

Խոսքի պատկերավորման միջոցներ

Փոխաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ

Շարահյուսություն

Համառոտ և ընդարձակ նախադասություններ

Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի

Պատմողական

Հարցական

Բացականչական

Հրամայական

Դրանց կետադրությունը

Բանավոր խոսք

Տեքստից գլխավոր միտքը առանձնացնելօու կարողությունների մշակում

Տեքստը համառոտ և մանրամասն պատմելու կարողությունների զարգացում․ (հեղինակային բառերով, սեփական վերաբերմունքը արտահայտելով)

Ստեղծագործությունը տարբեր դեմքով պատմելու կարողությունների կատարելագործում

Տեքստի դրվագները տրամաբանական հաջորդականությամբ ներկայացնելու, վերնագրելու , նոր ավարտ հորինելու կարողությունների զարգացում

Գրավոր խոսք

Կարդացած տեքստը փոխադրելու կարողությունների մշակում

Կարդացած տեքստի ստեղծագործական փոխադրություն

Տրված վերնագրով ստեղծագործական կամ վերլուծական պատում հորինելու կարողությունների զարգացում

Նախագծերով ուսուցում

Ծրագիրն իրականացվում է նախագծային ուսուցման միջոցով։ Կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան, կրթահամալիրի առարկայական դասավանդողները՝ մայրենի լեզվի մասնախմբի հեղինակները, նախապես կազմում և մշակում են ընդհանուր նախագծերը, որոնք հրապարակված են մասնախմբի Խոսքի մշակույթ բլոգում։ Հեղինակային կրթական ծրագրի յուրաքանչյուր դասավանդող հնարավորություն ունի նաև նախապես կազմել ու մշակել իր հեղինակային նախագիծը՝ համապատասխանեցնելով այն իր դասավանդած դասարանի սովորողների խմբին։ Ուսումնական նախագիծն ու դրան առնչվող առաջադրանքների փաթեթը, նույնպես հրապարակվում է դասավանդողի բլոգում։

Իրականացվելիք նախագիծը քննարկվում է ծնողների և սովորողների հետ։ Հաշվի են առնվում լրացումները, դիտարկումներոն ու առաջարկները։ Յուրաքանչյուր նախագիծ ամփոփվում է սովորողների անհատական և ընտանեկան նախագծային աշխատանքներով, որն էլ հանդիսանում է նախագծի արդյունքը։

Նախագծերը՝ կից առաջադրանքներով և հղումներով, կազմում են ծրագրի բովանդակությունը։

Նախագծային աշխատանքները

Ուսումնական տարվա ընթացքում իրականացնում ենք հետևյալ նախագծերը։ Կից հղումով ներկայացված են իմ նախագծային անհատական մշակումները, որոնք ներառում են առարկայական ծրագրի խնդիրները, ծրագրային նյութի բովանդակությունն ու արդյունքները։

Իմ ուսումնական ամառը

Սարոյանական օրեր

Կոմիտասյան օրեր

Համո Սահյան

Ուսումնական աշուն

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Կարդում ենք Իսահակյան

Ուսումնական ձմեռ

Էպոսի օրեր

Կարդում ենք Թումանյան, Տերյան

<<Ձոն>> ստուգատես

Սուրբ Հարության տոնին ընդառաջ

Կարդում ենք Չարենց

Աղայանական օրեր

Ռոդարիական շաբաթ

Կարդում են Հազարան հավքը

Առակների ստուգատեսային շաբաթ նախագծի հղումը

Գրաբարյան ընթերցումներ, գրաբարի օրեր

Բովանդակությունը 5-րդ դասարանում

Լեզվական նախագիտելիքներ

Հնչյունաբանություն

Հնչյունը որպես արտասանական նվազագույն միավոր

Հնչյուն և տառ

Հայերենի հնչյունները և նրանց դասակարգումը․ ձայնավոր և բաղաձայն հնչյուններ

Հայերենի երկհնչյունները, դրանց ուղղագրությունը

Բառագիտություն

Վանկ և նրա կազմությունը․ բառերի վանկատումը

Միավանկ և բազմավանկ բառեր

Բաց և փակ վանկեր

Գաղտնավանկ

Տողադարձ

Բառ և բառիմաստ/ նույնանուններ, համանուններ/

Բառակապակցություն, դարձվածք

Ձևաբանական նախագիտելիքներ․ ճանաչողություն

Խոսի մասեր

Գոյական անուն

Ածական անուն

Դերանուն

Բայ

Մակբայ

Թվական անուն

Կապ

Շաղկապ

Շարահյուսություն

Նախադասության կազմություն

Պարզ և բարդ նախադասություններ․ դրանց կազմությունը

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ

Բարդ համառոտ և բարդ ընդարձակ նախադասություններ

Գրականագիտական նախագիտելիքներ

Հայ և այլ ժողովուրդների բանահյուսության նմուշների գրական մշակումներ․

Էպոս

Հեքիաթ, ժանրի բնորոշումը

Հեքիաթի տեսակները

Առակ․ ժանրի բնորոշումը

Առակին բնորոշ այլաբանությունը և բարոյախոսությունը

Արձակ և չափածո առակներ

Չափածո և արձակ ստեղծագործություններ

Չափածո ստեղծագործությունների առանձնահատկությունը․ դիտարկումներ /հանգ և ռիթմ/

Գեղարվեստական ստեղծագործության արտահայտչամիջոցներ․

համեմատություններ

փոխաբերություններ

մակդիրներ

Առցանց ուսուցում

Համավարակի պայմաններում տարբեր պատճառներով դպրոց չհաճախող սովորողները հնարավորություն ունեն ընտրելու առցանց ուսուցման ծրագիրը։ Կրթահամալիրում իրականացվող բլոգային ուսուցումը, էլ․ փոստի կիրառումը ապահովում են սովորողի մշտական կապը դասավանդողի և այլ սովորողների միջև։ Ֆիզիկական միջավայրում չգտնվող սովորողը հնարավորություն ունի հետևել իրականացվող նախագծերի ընթացքին, ծանոթանալ ընկերների աշխատանքներին, խորհրդատվություն ստանալ դասավանդողից։ Նախապես հրապարակված նախագծային փաթեթը ապահովում է առցանց ուսուցման շաբաթվա աշխատանքի բովանդակությունը, ուղղորդում է լրացուցիչ ընտանեկան նախագծեր իրականացնել։ Առցանց ուսուցման մասնակից սովորողը շաբաթվա ընթացքում հնարավորություն ունի առցանց դասի միջոցով հանդիպել դասավանդողի, իր ընկերների հետ և ներկայացնել կատարած աշխատանքները։

Օրինակ՝ առցանց ուսուցման նախագիծ #1

առցանց ուսուցման նախագիծ #2

Ուսումնական օրացույց

Սեպտեմբեր

Իմ ուսումնական ամառը

Սարոյանական օրեր

Կոմիտասյան օրեր

Հոկտեմբեր

Սահյանական օրեր

Ուսումնական աշուն

Նոյեմբեր

նախագծային ուսուցման ստուգատես, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Դեկտեմբեր

Ամանորյա նախագծեր

Հունվար

Ուսումնական ձմեռ

Նախագծային ուսոցման ճամբարային նախագծեր

Փետրվար

Կարդում ենք Թումանյան, Տերյան, Չարենց

Սեբաստացու օրեր

Մայրենիի ստուգատես

Մարտ

«Ուսումնական գարուն» հեռավար-առցանց նախագծեր

Ապրիլ

Սուրբ Հարության տոն

Աղայանական օրեր

Մայիս

Մայիսյան հավաքին ընդառաջ․ սովորող-սովորեցնող նախագծեր

Ելքի ստուգատես

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s