4.2 դասարան
05 ապրիլի
երկուշաբթի
Տանը
Արտահայտիչ կարդա՛ Ղ․ Աղայանի <<Հիշողություն>> բանաստեղծությունը և կատարի՛ր առաջին և երկրորդ առաջադրանքները։
Դասարանում
Տեքստային աշխատանք Աղայանի <<Հիշողություն>>բանաստեղծության շուրջ։ Կատարել 3-7 առաջադրանքները։
- Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
- Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
- Նկարագրի՛ր ծիծեռնակին:
- Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
- Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
06 ապրիլի
երեքշաբթի
Տանը
Անգիր սովորել <<Հիշողություն>> բանաստեղծությունը։ Ամբողջացնել, ավարտին հասցնել առաջադրանքների փաթեթը։
07 ապրիլի
չորեքշաբթի
Տանը
Ընթերցել տեքստը և կատարել 1-5-րդ առաջադրանքները։
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը
Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.
ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն
3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ մենակ
բ/ սաստիկ
գ/ նոր
դ/ փոքր
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր
5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/ լապտերների
բ/ ծափահարությունների
գ / աչքերում
դ/ դերասանուհին
08 ապրիլի
հինգշաբթի
Դասարանում․
Պատմել, քննարկել տեքստը և կատարել նշված առաջադրանքերը։
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական
7. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.
Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա
ստորոգյալ
9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.
ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը
14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.
ա/ նրան բոլորովին դուր չէր եկել
բ/ անվերջ ծիծաղում էր
գ/աչքերում արցունքներ էին հայտնվել
դ/ ձանձրույթից հորանջում էր
15. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
09 ապրիլի
ուրբաթ
Դասարանում
Նախապատրաստվում ենք ուրբաթ-համերգին․
Անգիր ենք սովորում Թումանյանի <<Գութանի երգը>> բանաստեղծության նշված հատվածը։
ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։
Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։
Ընթերցում, քննարկում ենք <<Թումանյանն ու Աղայանը՝ մտերիմներ >>տեքստը։
Տանը
Ամբողջացնել շաբաթվա կիսատ թողած աշխատանքները, կրկնել անգիր սովորած բանաստեղծությունները։