Ի՞նչն է ավելի կարևոր…

Դասվարի համար ինչո՞ւ է պարտադիր հետազոտական աշխատանք կատարելը։
Հետազոտական աշխատանքը դասվարին գործելու ազատություն է տալիս և այդ ազատությունը նրան առավել պատասխանատու է դարձնում: Ես կարծում եմ, որ ուսուցչի դերն ավելին է, քան պարզապես երեխային գիտելիքների որոշակի պաշար հաղորդելը: Հետազոտական աշխատանքի միջոցով և շնորհիվ` ուսուցիչը հնարավորություն է ստանում շարունակ վերագտնել ու հաստատել կապը իր աշխատանքի և իր կողմից իրագործվող ծրագրի միջև: Երեխայի համար ստեղծվող աշխատանքը դասվարին մղում է նրան ճանաչելու: Ասել է թե` ուսումնասիրելու, դիտարկելու և ուսուցումն առավել նպատակային դարձնելու:

Ինչպե՞ս է ուսումնական աշխատանքը կապվում սովորողի (դասարանի) ամենօրյա կյանքի հետ։
Վեց տարեկան երեխայի հետաքրքրությունները տեսական նյութի շրջանակներում չեն սահմանափակվում, հատկապես այն դեպքում, երբ այդ նյութը չի կապվում նրա հետաքրքրությունների հետ: Այս իրողությունը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ լավագույն ձեռնարկը կարող է ստեղծել հե՛նց գործող դասվարը` նա, ով ամեն օր աշխատում է երեխայի հետ և նրա հետաքրքրությունները դիտարկելու բազմաթիվ հնարավորություններ ունի: Ուսուցիչ, որը կարող է ուսումնական գործընթացը հաճելի և օգտակար աշխատանքի վերածել, ուսուցման նյութը երեխայի առօրյան դարձնել: Երեխային պարտադրվող գաղափարներով ու սահմանումներով չես դաստիարարակի: Դաստիարակության լավագույն միջոցը նրան ազատության ու աշխատանքի միջոցով ինքնաճանաչողության մղելն է: Գլխավոր սկզբունքը սովորողին գործունեության միջոցով հայտնագործություններ կատարելու բերկրանքից չզրկելն է:

Օրինակ` մենք բնագիտության հետ առնչվում ենք ոչ թե դասագրքերի միջոցով, այլ տնկիները խնամելով ու ջրելով, բակը մաքրելով, աղբը գետնին չթափելով, թռչուններին կերակրելով, մեր աչքին տեսանելի ու առավել տպավորվող երևույթները դիատարկելու, հետաքրքրաշարժ փորձեր կատարելու, դրանք քննարկելու, բաղադրիչները փոփոխելու միջոցով, հայրենագիտությունը ճամփորդելու և մեր փողոցն ու քաղաքը ճանաչելու հրաշալի միջոց է: Հաշվել ու խնդիրներ լուծել սովորում ենք գնումներ կատարելու, մեզ հետաքրքրող նյութերն ու իրերը համեմատելու, ավելացնելու ու պակասեցնելու, հավասար կամ անհավասար մասերի բաժանելու և բազմաթիվ այլ միջոցներով: Իսկ տառե՞րը. մեզ համար տառերը կերպարներ ու պարզապես մեզ ծանոթ բառերի հնչյուններն են, որոնք մենք երգում, նկարում, ծեփում, թխում, քանդում ու հավաքում ենք կամ էլ կտրատում ու սոսնձում`ինչպես խաղալիքը կամ տոնածառը: Այս ամենն, իհարկե, երգ ու պարի, խաղի ու ծեսի, ռուսերեն և անգլերն լեզուների անբաժան ուղեկցությամբ:

1 օրվա նախապատրաստական աշխատանքում ո՞րն է հետազոտականը։

Հեղինակային ծրագրի մշակումն ու փորձարկումը ամենօրյա հետազոտական աշխատանքի նախադրյալն է: Օրվա առաջին մասը` երեխաների հետ աշխատանքն է թելադրում հետագա գործունեության ընթացքը: Ի հայտ են գալիս խնդիրներ, ծնվում են նոր մտքեր, մեթոդներ, որոնց իրագործումը իմ աշխատանքային հաջորդ օրվա նյութն է դառնում: Հետազոտող ու հետաքրքրասեր ուսուցչի համար ամենամեծ գայթակղությունը անելիքների մոլորեցնող բազմազանությունն է, որը կարող է շեղել կոնկրետ նպատակից ու սկսած գործը ավարտին չհասցնել: Ուստի ամենօրյա աշխատանքն օգնում է կենտրոնանալ կոնկերտ խնդիրների վրա և փոքրիկ խնդիրները լուծելով հասնել ընդհանուր նպատակի: Այս պրոցեսն ավելի ծանրակշիռ է դարձնում աշխատանքի արդյունքը, որովհետև ամենօրյա որոնողական աշխատանքը նոր մտքի, նյութի, և նորանոր հմտությունների ձեռքբերման ճանապարհ է, որի արդյունքում ծնվում են համակարգչային ուսումնական խաղեր, թատերական խաղերի սցենարներ, ծեսերի բեմականացումներ` ուսումնական նախագծեր, կարճ ասած` հետքրքիր դասեր, որոնք երեխային ստիպում են առավոտյան վաղ արթնանալ ու շտապել դպրոց:

Սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքը, ՏՀՏ հմտությունների զարգացումը ինչպե՞ս են խթանվում-պարտադրվում։

Մշտապես ստեղծագործական, աշխատանքային մթնոլորտում ապրող, ժամանակակից տեխնիկական միջոցներն անընդհատ գորածածող երեխայի համար լավագույն խթանը հենց այն միջավայրն է, որտեղ ուրիշներից սովորելու, յուրօինակ մտածելու, ձեռք բերած կարողությունները գործի դնելու և դրանք ցուցադրելու բազում հնարավորություններ կան: Այս գործունեությունն անտարբեր չի թողում նաև սովորողների ընտանիքի անդամներին, ովքեր աննկատ ինտեգրվում են աշխատանքային պրոցեսին: Տնային առաջադրանքները, արձակուրդների ընթացքում կիրառվող հեռավար ուսուցման առաջադրանքներն էլ իրենց հերթին շեշտում են անհատական տեխնիկական միջոցների ձեռքբերման կարևորությունը: Այժմ, ձմեռային այս ձգձգվող արձակուրդը մեզ համար ձանձրալի ժամանակահատվածի չի վերածվի, որովհետև հունվարյան ստուգատեսին պատրաստվելու շատ ու շատ աշխատանքներ ունենք: Այս ստուգետսը ևս մեկ հնարավորություն է տալիս զարգացնելու տեխնիկական հմտությունները, իսկ նրանց, ովքեր դեռևս չունեն անհատական ՏՀՏ միջոցներ, հուշում է որ ժամանակն է շուտափույթ ձեռք բերել:

Ո՞րն է դառնում սովորողի ուսումնական աշխատանքի արդյունքը, որը կարող է ուրիշների կողմից կիրառվել (արտադրողական աշխատանք)։
Ցանկացած աշխատանք ավելի է արժևորվում, երբ օգտակար է դառնում նաև ուրիշների համար: Մենք ուսումնական պրոցեսում հաճախ ենք կիրառում մեր ընկերների ստեղծած ուսումնական նյութերը, ծանոթանում նրանց փորձին և ձգտում մեր աշխատանքը ուրիշների համար օգտակար դարձնել: Այս կիսամյակի ընթացքում ավարտին ենք հասցնելու երեխաների կողմից հորինված պատմությունների նկարազարդված էջերը, աշխատանքի ընթացքում կիրառված մեթոդների նկարագրությունները, տառերի նկարազարդումները, լուսանկարները, Ամանորյա էլեկտրոնային բացիկները, դասարանական օրացույցը, որոնք տոնական հաճելի ու անսպասելի նվերներ կդառնան բոլորիս համար: Հուսով են, որ հունվարյան ստուգատեսի ընթացքում մենք հնարավորություն կունենանք ցուցադրելու առավել հաջողված աշխատանքները:
 
Ի՞նչ է տալիս դասվարին հետազոտական-ստեղծագործական աշխատանքը, ինչպե՞ս է նոր հմտությունների յուրացումն անդրադառնում ուսուցման որակի վրա։

Ստեղծագործական-հետազոտական աշխատանքն անընդհատ նորացնում է մասնագիտական զինանոցը և ամենօրյա աշխատանքը վերածում է հաճելի գործունեության, որտեղ սովորող և սովորեցնող հարաբերությունները փոխարինվում են գործընկերային հարաբերությունների: Ինձ համար հետազոտական աշխատանքն ամենից առաջ հաղթահարում է, որն օգնում է կայանալ որպես մասնագետ և ամենակարևորը` չձանձրացնել երեխաներին: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցչի համար ամենից արժեքավոր գնահատականը երեխաների հարգանքն է և այն ուրախությունը, որն ամեն առավոտ տեսնում ես նրանց աչքերի փայլում: Ուսուցման որակի բարձրացման լավագույն երաշխիքը ոգևորվածության ու հետաքրքրասիրության փոխանցումն է: Հետաքրքրասիրություն, որը մղում է նորանոր հայտնագործությունների, ոգևորվածություն, առանց որի որևէ գործ անել չի հաջողվի:

Ժամանակը երբեք տեղում չի կանգնում: Այն շարունակ առաջ է ընթանում` հաստատելով զարգացման նոր չափանիշներ ու հասարակական նոր արժեհամակարգ: Այս ամենն իհարկե, հանգեցնում է նաև կրթության ոլորտում իրականացվող մեթոդների և զարգացման չափանիշների փոփոխություններին: Ժամանակի պահանջներին չհամապատասխանող կրթական ծրագրերն ու դրանք իրագործող մասնագետները չեն կարող հաջողել, քանզի «հնացած» գիտելիքներն ու հմտությունները շատ արագ դուրս են մղվում կյանքի իրական ռիթմից` անխուսափելի հետընթաց ապահովելով նաև իրենց հետևորդներին: Ես համոզված եմ, որ նոր սերդի հետ անընդհատ չնորացող, ունեցած փորձը նոր հմտություններով թարմացնել չփորձող ուսուցիչը չի կարող ապագայի կրթության պատվերը կատարել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s