Հարցեր հեքիաթի շուրջ

Ղ․ Աղայանի <<Անահիտ>>հեքիաթը ընթերցում և իրենց կազմած առաջադրանքներն են առաջարկում սովորողները։

Էլեն Հովհաննիսյանը4․1 դասարան

Реклама

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/
Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ և դուրս գրիր անծանոթ բառերը։
  • Առանց բառարանից օգտվելու, փորձիր ներկայացնել քո դուրս գրած բառերի բացատրությունը։
  • Արձակ շարադրի՛ր զրույցը։
  • Ո՞րն է այս զրույցի ասելիքը։
  • Ընտրիր ժողովրդական ասացվծաքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։
  • Մի ասացվածք էլ ինքդ հորինիր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ (Ասլան ապերն ու Ասլան բալան)

downloadՂազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում:
Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Читать далее

Ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են. Հովհաննես Թումանյան և Ղազարոս Աղայան

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

Ավ. Իսահակյան

Հետաքրքիր դրվագ Աղայանի և Թումանյանի կյանքից

1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

 Լսե՛ք նյութի ձայնագրությունը 

Բացօթյա ընթերցանություն

Մեր դպրոցի կանաչ լանջերն ու բողբոջած ծառերը մեզ բակ են կանչում։ Երեկ բակում  կազմակերպեցինք մեր գարնանային առաջին բացօթյա ընթերցանությունը․․․ Ընթերցեցինք Ղ․ Աղայանի մանկական պատմվածքներից մի քանիսը, վելուծեցինք, բեմադրեցինք․․․ Մանրամասները՝ տեսանյութում

05 ապրիլի նախագծային աշխատանք

Խմբային աշխատանք

Սովորողներ բաժանվում են խմբերի

Յուրաքանչյուր խումբ  Ղազարոս ԱղայանՄեդիափաթեթից ընտրում է իր աշխատանքի ուղղությունը

Խմբերը ընթերցում են նախընտրած նյութը, մշակում, խմբագրում և ընկերներին են ներկայացնում իրենց աշխատանքի արդյունքը:

Տնային առաջադրանք

Օրվա խմբային աշխատանքի նախագիծը ներկայացվում է սովորողի բլլոգում: Ներկայացման ձևն ազատ է:

 

04 ապրիլի. նախագծային աշխատանք

Ընթերանություն բաց երկնքի տակ

Մասնակիցներ` 4-րդ դասարանի սովորողներ

Սովորողները ծանոթանում են Ղազարոս ԱղայանիՄանկական պատմվածքներ-ին:

Ընթերցում են դուր եկած պատմվածքները և նախընտրած պատմվածքի շուրջ կատարում հետևյալ առաջադրանքները:

  • Ո՞ր պատմվածքը առավել հետաքրքրեց. ինչո՞ւ
  • Գրավոր կամ բանավոր պատումի / ձայնագրության, տեսագրության միջոցով/ ներկայացնել պատմվածքը:
  • Պատմվածքի գաղափարի վերլուծություն /Ինչի՞ մասին էր, ի՞նչ էր սովորեցնում/
  • Ստեղծագործությունների շուրջ ընդհանուր քննարկաման ծավալում, օրվա ամփոփում:

Տնային առաջադրանք

  • Պատմվածքի ընտանեկան, խմբային դերային ընթերցում
  •  Ռադիոթատրոնի ստեղծում
  • Պատմվածքի նկարազարդում