Ավանդազրույցներ

Անհատական ռադիոնախագծերով հանդես են գալիս սովորողները։

<<Արև և լուսին>> Աստղիկ Հակոբյան

<<Լույս և խավար>>

Իռեն Կարապետյան 

 

Реклама

Հայ հին վիպաշխարհ

Աղբյուրը՝ http://armenianhouse.org/

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ԲՆՈՒԹՅՈՒՆ


ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքն ու երկիրը ամուսիններ են, երկինքը հայր է, երկիրը՝ մայր։ Երկնքի և երկրի արանքում է գտնվում երկնային ծիրանի ծովը։

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։

Երկիրը հանգչում է եզի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան1 ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Ուստի նա շարունակ հետամտում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մազաչափ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ աղամանղ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։

————————-

* Այս ամբողջ բաժինը շարադրված է հիմնականում Գ. Սրվանձտյանցի «Գրոց ու բրոց», «Մանանա», «Համով–հոտով», Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական հավատքը», Ա. Ղանալանյանի «Ավանդապատում» աշխատությունների և ժողովրդական հին ու նոր հավատալիքների հիման վրա։

1 Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը1 կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։

Գիշերային խավարն անձնավորում են սև ու դժխեմ գիշերամայրերը, որոնք պառավ վհուկներ են, սև օձեր հմայողներ։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց բնավ չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։

ԱՐԵՎ ԵՎ ԱՐԵՎԱՄԱՅՐ

Արևը գեղեցիկ պատանի է։ Նա իր մոր հետ բնակվում է հեռու, աշխարհի ծայրին, կապույտ մարմարից շինված շքեղ պալատում։ Պալատը գտնվում է տասներկու բակի մեջտեղը։ Յուրաքանչյուր բակ չորս կողմից կամարակապ է, կենտրոնում՝ ավազան, ցայտող շատրվանով։ Այնտեղ ոչ ծառ կա, ոչ կանաչ, ոչ կենդանի, ոչ թռչուն, ոչ էլ որևէ արարած։ Ցերեկը այնտեղ խոր լռություն է տիրում, և այդ քար լռության մեջ բա-

—————————

1 Ժուկ — հայերենի մի քանի բարբառներում նշանակում է, ժամանակ։

[էջ 13]

կերի կամարների տակ պառկած ննջում են հազարավոր ու բյուրավոր աստղեր։

Մեջտեղի բակի ավազանի վրա կառուցված է ոսկեղեն տաղավար, ուր բացված է արեգակի մարգարտապատ մահիճը։ Տաղավարի մի անկյունում լույսերի մեջ նստած չքնաղ ու լուսերես արևամայրը սպասում է որդու վերադարձին։ Եվ ահա օրվա ուղևորությունից հետո հոգնած իր պալատն է վերադառնում բոցավառ արեգակը։ Նա մտնում է ավազան, լողանում, իսկ աստղերը արթնանում են, ոտքի կանգնում, ողջունում արևին և երկինք բարձրանում։ Արևամայրը գրկում, ջրից հանում է որդուն, պառկեցնում մահճում և կուրծք տալիս հավերժ երիտասարդ, մշտամանուկ արեգակին։ Վերջինս քնում, հանգստանում է, որպեսզի հաջորդ օրն առավոտյան վերսկսի իր մշտական երթուղին1:

Արևի լողավազանը նաև Վանա ծովն է։ Վերջալույսին, օրվա շրջապտույտից հոգնած, արևը մտնում է Վանա ծով, լողանում, մաքրվում, իջնում ծովի հատակը, ուր փրփուրների վրա փռված է նրա անկողինը, պառկում է անկողնում, քնում, հանգստանում։ Իսկ արևմուտքում շառագունած կամ ձյունաթույր ծալ-ծալ ամպերը նրա անկողնի քողն ու վարագույրներն են։

Արշալույսից առաջ հրեշտակները արևին հանում են անկողնից, հագցնում հրեղեն զգեստներ, հարդարում մահիճը։ Արևը լվանում է երեսը, ջուրը դեմքից ցայտում է չորս դին, սար ու դաշտ ծածկում ցողով։ Բոլոր թռչունները ցողի սրսկումից սթափվում են քնից, արթնանում, բներից վեր թռչելով, սկսում են երգել ու ծլվլալ։ Արևելքում գտնվող հսկա լեռան տակից նախ ելնում են արևի 12 թիկնապահները՝ բոլորը սևագույն արաբներ, ճառագայթի նման լուսեղեն ճիպոտներով հարվածում են սարին, որը խոնարհվում է և ցածրանում։ Մյուս բոլոր սարերն էլ իրար հետևից իրենց գլուխն են խոնարհում արևի առաջ։ Հանկարծ այդ պահին սարերի թիկունքից երևում է արևի ոսկե գլուխն ու հրեղեն մազերը, և նա բարձրանում է երկնակամար։

Առավոտ վաղ, երբ արևը դուրս է գալիս ծովից ու երկրին շատ մոտիկ է լինում, նրա սաստիկ ջերմությունից երկիրը կարող է այրվել ու մոխիր դառնալ։ Բայց այդ պահին նրա դեմ է ելնում մի վիթխարի թռչուն և իր հզոր թևերը տարածելով՝ պատսպարում է երկիրը արևի այրող ճառագայթներից։ Կեսօրին, երբ արևը հասնում է երկնքի մեջտեղը և հեռանում երկրից, նրա ջերմությունը թուլանում է, և վտանգը վերանում։ Այդ ժամանակ արդեն խանձված են լինում թռչունի թևերը, և նա ուժասպառ ու կիսամեռ ընկնում է ծովը, զովանում, բուժում իր թևերը։ Հաջորղ առավոտ կազդուրված՝ նա դարձյալ ելնում է արևի դեմ, իր հովանու տակ առնում երկիրը, և այդպես շարունակ։

Արևը երկինք է բարձրանում նաև առյուծի վրա նստած, նա արագ սլանում է երկնակամարով և երեկոյան գնում, հանգստանում է մոր գրկում։ Արեգակին կրող առյուծը թաթերում պահում է մի վիթխարի թուր, որով նա պաշտպանում է արևին քաջքերից։

————————-

1 Այդ պատճառով էլ արևամուտը կոչվում է նաև մայրամուտ (մոր մոտ մտնել) կամ մայր մտնել, իսկ արևածագի մասին երբեմն ասում են՝ «արևը մոր ծոցեն ելավ»։ Читать далее