Ձմեռային ճամբարի կազմակերպումը ավելի համակարգված ու արդյունավետ դարձավ շնորհիվ կրթահամալիրային ստուգատեսների։ Ստուգատեսային նախագծերին մասնակցելը, տարատեսակ աշխատանքների իրականացումը մեր ճամբարային հագեցած առօրյայի համակարգողն ու ուղղորդողը դարձան։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին բոլոր ստուգատեսներին։ Յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ ընտրելու առավել հետաքրքրող գործունեությունը կամ ընտանեկան նախագիծը։ Ազգագրության փառատոնի մասնակցությունը մեր գործունեության առանցքը դարձավ, որը առավել գունեղ, խաղային և ուսումնական դարձրեց մեր առօրյան։
Ճամբարի առավելությունները
Ճամբարների կազմակերպումը շատ առավելություններ ունի։ Ամենատեսանելի առավելությունը ուսումնական գործընթացի ազատ կազմակերպումն է, որը ջնջում է դասարան-դպրոց-առարկակայական դասավանդող-սովորող սահմանները և ճամբարի յուրաքանչյուր մասնակցի համար գործելու ու ճանաչողության նոր հորիզոններ է բացում։
Ջոկատավարի աշխատանքը ինձ ոչ միայն հնարավորություն տվեց ծանոթանալ սովորողների հետ, որոնց չեմ դասավանդում, այլև օգնեց առավել բազմակողմանի դիտարկել ու ճանաչել իմ սովորողներին։ Ստուգատեսային նախագծերի, ֆլեշմոբների մասնակցությունը, միասին խաղալու, ճամփորդելու, երգելու, պարելու, խոհանոցային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները առավել մտերմացրին մեզ։
Ճամբարի մասին պատմում են ճամբարականները
Սովորողների կարծիքով ճամբարների ամենակարևոր առավելությունը կոնկրետ տնային հանձնարարությունների բացակայությունն է, ճամփորդությունների և ուսումնական առօրյայի ավելի ազատ խաղային կազմակերպումը։ Հղումով ծանոթացեք ձմեռային ճամբարի մասին, ճամբարականների կարծիք-առաջարկներին, իսկ մեր ճամբարային տեսապատումների շարքը ամփոփված են իմ ճամբարային օրագրապատումում։
Ամենահաջողված նախագիծը
Որքան էլ որ մեր ճամբարային առօրյան հագեցած էր հետաքրքիր և ուսումնական նախագծերով, ես կառանձնացնեմ ամենահաջողված՝ <Սովորող-սովորեցնող> համագործակցային նախագիծը։ Այս նախագծի ընթացքում կրթահամալիրի տարբերում օղակներում աշխատող դասավանդողներն ու սովորողները ծանոթացան իրար հետ, հնարավորություն ունեցան միասին աշխատելու և իրարից սովորելու։ Այս նախագիծը ինձ՝ որպես դասավանդողի, նոր հայացք տվեց։ Ես շատ բան սովորեցի իմ կրտսեր և ավագ ընկերներից, որպես դասավանդող սկսեցի այլ տեսանկյունից դիտարկել քսանմեկերորդ՝ թվային դարաշրջանի իմ սովորողների պահանջմունքները, կարիքները, ճանոթացա նրանց նոր հմտություններին ու թերացումներին, սկսեցի մտածել իմ դասավանման մեթոդների, առաջարկած հանձնարարությունների արդյունավետության մասին։
Ճամբարականներին հրճվանք պատճառող ու ամենասիրած ստուգատեսը ձմեռային մարզական խաղերի կազմակերպումն է, որին մեծ ոգևորթյամբ մասնակցեցին բոլորը։ Կարծում եմ, որ ձմեռային ճամբարը չէր կայանա առանց այս ձյունառատ ճամփորդությունների և խաղերի վայելքի։
Ճամբարային շրջանների առավելությունները
Կրթահամալիրում ճամբարի կազմակերպումը տարեցտարի զարգանում ու ավելի հետաքրքիր է դառնում։ Ամառային և ձմեռային ճամբարները առանձնանում, արժևորվում են իրենց գրավիչ առանձնահատկություններով և յուրաքանչյուր սովորող անհամբեր է սպասում կրթահամալիրային ճամբարներին։ Կարծում եմ, որ ուսումնական երկրորդ և չորրորդ շրջանի ճամբարային կազմակերպումը օգտակար է և՛ սովորողների և՛ դասավանդողների համար։ Սրանք կարևոր, ամփոփիչ ժամանակահատվածներ են, որոնք միավորում ու ամբողջացնում են ողջ ուսումնական շրջանի աշխատանքը, առավել ցցուն դարձնում հաջողություններն ու թերացումները։