Ճամփորդի օրագիր

20171028_141543Աշնանային պայծառ մի շաբաթ, ճամփորդին վայել թեթևությամբ և ուրախությամբ, նշված ժամին հանդիպեցինք Արևմտյան դպրոցում։ Մեր սիրելի հայրենագետ ընկեր Սոնայի նախաձեռնած <<Ժայռից մասուր է կաթում>> էկոհայրենագիտական ճամփորդությանը, համագործակցային դասերի ընթացքում մանրամասն նախապատրաստվել էինք։ Բոլորս ոգևորված ու անհամբեր սպասում էինք մեր աշնանային ուսումնական թափառումին։ Ճամփորդության վայրը նույնքան սիրելի ու հարազատ դարձած Գետամեջն էր՝  Հրազդան գետի կիրճում ծվարած, մեր Սոնայի մանկության գյուղը․․․

Երկրորդ անգամ էի այցելում Գետամեջ։ Անցյալ տարի՝ գարնանը, աս տարի՝ աշնանը․․․  Անհամբեր սպասում էի տեսնել, թե աշունն ինչպես է նախշել գյուղը, որն իր  յուրահատուկ դիրքի և հյուրընկալ տիկին Ռուզանի շնորհիվ առավել ձգող է դառնում տարվա բոլոր եղանակներին։

Այս անգամ առաջին կանգառը Նոր Հաճնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում էր։ Ճամփորդության ամեն քայլը ընկեր Սոնան իրեն բնորոշ բարեխղճությամբ էր պլանավորել։ Երբ սեբաստացի սովորողները հավաքվեցին եկեղեցու բակում, քնից դեռ չարթնացած Նոր Հաճնում կենդանացնող աշխուժություն իջավ։ Մեր ոգևորված ճամփորդները ողջունեցին քաղաքին ու բաժանվեցին պայմանական խմբերի՝ << Նոր Հաճն, Հրազդան, Գետամեջ, Մասրենի>> անվանումներով, նախագծային քայլարշավի ընթացքում իրենց բաժին ընկած ուսումնական թեմաններկայացնելու նպատակով։

Ճամփորդությանը ընթացքում կարևոր ավանդույթ է դարձել տեղի հոգևոր կենտրոն այցելելու, խոնարհված ու գործող եկեղեցիները հոգևոր երգերով ու աղոթքով կենդանացնելու արարողությունը։ Տեսե՜ք, թե ինչ ջերմեռանդությամբ ու լրջությամբ են երգում չորրորդ դասարանցի սեբաստացիները․․․

Եկեղեցու բակում կառուցված հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի աստիճաններով մագլցեցինք ու զմայլվեցինք Հրազդանի կիրճով։

Անվտանգության նպատակով, դեպի կիրճ տանող ճանապարհը ցանկապատված էր։ Բայց դե, հետաքրքրասեր սեբաստացիներիս համար ի՞նչ արգելք կարող է լինել։ Ճաղավանդակից հմուտ սողացինք ու սահմանախախտ դառնալով տեսա՜նք գետը իր ողջ հմայքով։ Հայացքնքերս դեպի կիրճ՝ կարդացինք Սահյանական օրերի ընթացքում սովորած <<Ժայռից մասուր է կաթում>> բանաստեղծությունը։ Կարդացինք, տեսանք ու զգացինք, թե մասուրը ժայռից ինչպես է <<կաթում>>․․․

Սեբաստացիական ոչ մի ճամփորդություն չի կարող չներառել առանց միջավայրի խնամքին ու մաքրությանն ուղղված ծեսը։Այս անգամ, մեր քայլքի ճամփին մաքրեցինք Նոր Հաճնի թռչնաբուծականից  դեպի Գետամեջ ձգվող ճանապարհի մի հատվածում անխնա թափթփած աղբը։

ժայռերի հայացքի ներքո ապրող այգիներից, Հրազդանի երկայնքով ձգվող ձորակներից աչքդ ու միտքդ չի կտրվում։ Աշունն իր կախարդանքն էր փոխանցում գույների, ձայների, պատկերների միջոցով։ Քայլի՜ր ու քայլի՜ր․՝ ամեն քայլափոխի մի նոր հայտնագործություն, ճանաչում ապրոլով․․․

Ահա, իմ տեսած առաջին կարմրաթուփ մասրենին, աշնանային հասունությունից ճաքած արու և էգ մասուրները, ճյուղի վրա հասունացած հոնի չրերը․․․

20171028_12372420171028_11401520171028_113232

Մեր քայլքի ճամփին պատահած հերթական հայտնագործությունը։ Ընկեր Սոնայի օգնությամբ, ուսումնասիրում ենք մրջնանոցը։

ժայռերի հայացքի ներքո ապրող այգիներից, Հրազդանի երկայնքով ձգվող ձորակներից աչքդ ու միտքդ չի կտրվում։ Որտե՜ղ ես, Գետամեջ, գալիս ենք․․․ Փույթ չէ, որ Դավիթը հոգնել է երկար քայլքից կամ կոշիկների քուղերն են արձակվել․․․ Իր ավագ ընկերները առանց որևէ միջամտության հոգում են կրտսեր ընկերոջ կարիքները, հարկ եղած դեպքում՝ շալակում։

Անկեղծ ասած, ուսումնական ճամփորդությունների ընթացքում ձևավորվող հմտություններն ու հարաբերությունները ամենից շատն են հուզում ու տպավորում ինձ։ Ըստ իս, չկա առավել կենդանի ու ազդեցիկ դաստիարակության, փորձի փոխանցման միջոց, քան մեծ ու փոքրով միասին ճամփորդելը։

Մոտ քառասուն րոպե տևող արագ քայլքից հետո, մտանք գյուղ, որտեղ մեզ է սպասում տիկին Ռուզանի ջերմ հյուրասիրությունը։ Տոկուն, շնորհքով հարս, ով շեն է պահում Տիգան պապի ջանքով շինած ու փայափայած օջախը․ հոգնած ու քաղցած ճամփորդի իրական հանգրվան։

Աշնանային հյուրասիրություն

Չեմ կարող չպատմել Սոնայի Տիգրան պապու մասին, ով իր ժամանակի իրական հերոսն է եղել։  Համառ ու ուժեղ գետամեջցի մարդ, ով մեկ ձեռքով քար ու քռից մաքրել, կառուցել է իր ու որդիների տները, դրանց համար ընտրելով գյուղի ամենադիտարժան, դեպի Հրազդանի կիրճ նայող հարթակները․․․ Դեռևս առաջին այցի ժամանակ՝ գարանանը, Ռուզան հարսի ու Սոնայի պատմությունները՝ Տիգրան պապու մասին, հուզեցին բոլորիս։ Նա իր հայրենի հողի իրական տերն ու բնակիչն է եղել, կենդանի, ապրող օրինակ․․․

Ահա այս խնամված ու կիրճի երկայնքով ձգվող բազմահարթակ այգում էլ հանգիստ ենք առնում ամեն անգամ, հետո քայլում դեպի ձորը․․․ Այս անգամ հորդառատ անձրևը փոխեց մեր ճանապարհի ընթացքը ու դադար առնելուց հետո, շրջեցինք Գետամեջ գյուղում, մասուր հավաքեցինք, մասրենու թփերը դիտարկեցինք, այցելեցինք ճամփի վրա գտնվող գյուղի փոքրիկ մատուռը և տանտերերին հրաժեշտ տալով, անձրևի ուղեկցությամբ վերադարձանք։

 

 

Реклама

Նախապատրաստվում ենք աշնանային ուսումնական ճամփորդությանը

<<Ժայռից մասուր է կաթում>> Էկո-հայրենագիտական համագործակցային նախագծի աշխատանքները ներկայացնում են հինգերորորդ դասարանի սովորողները։ Նախագծի համակարգող՝ Սոնա Փափազյան։  

Լուիզա Եղիազարյան․ Ռադիոնյութ մասուրի օգտակար հատկությունների մասին։

Աստղիկ Հակոբյան Մասրենի

Արև Սուքիասյան

Կենսամշակութային արշավ Շուշի 2017

Հունոտի կիրճում

Զարմանալի, շշմելու վայր է Հունոտի կիրճը։ Անառիկ Արցախ աշխարհի ևս մեկ դրախտային հատված․․․ Աջից, Կարկառ գետն է՝ իր փրփրուն ջրերի խշխշոցով, շուրջբոլորը Ջդրդուզի անառիկ ժայռերն են, որ մի-մի կենդանի ու խոսուն պատկերներ են․․․   Կիրճում քայլելու ողջ ընթացքը մի անպատմելի զգացողություն է ներշնչում։ Կարծես այլ՝ մի ուրիշ աշխարհում ես հայտնվում՝ ներդաշնակվելով կատարյալ բնությանը։

Կուզեի կրկին վերադառնալ ․․․

Ջդրդուզի բարձունքից

Ջդրդուզի բարձունքը մեր առավոտյան քայլքի ու անառիկ Շուշիի գեղեցկությամբ հիանալու ամենացանկալի վայրն էր դարձել։ Այն մեր կացարանից ընդամենը 5 րոպե քայլքի ճանապարհ էր, որը մեծ սիրով ու սպասումով էինք անցնում։ Ջդրդուզի հիասքանչ բարձունքից ճախրանքի վայելքով ես նայում աշխարհին, խաղաղ ծագող օրվան․․․ Իսկ անդունդի անհունում, Հունոտի ձգող կիրճն է՝ իր խորհրդավոր շառաչով։

 

Շրջապտույտ կապույտի եզերքով․․․

Հուլիսյան հերթական ճամփորդության երթուղին յուրօրինակ ու անչափ գրավիչ էր․ շրջապտույտ Գեղամա չքնաղ ծովի շուրջ։ Ինչպես Դավիթը կասեր՝ շուրջերկրյա ճամփորդություն Հայաստանում․․․

Չեմ կարող չնշել, որ ճամփորդական երթուղու վարորդական ղեկը ձեռքս առնելու որոշումը խիզախում էր ինձ համար։ Ուրախ եմ, որ այս անգամ չնահանջեցի․․․

Ճամփորդական նախապատրաստությունները երկար չտևեցին։ Մեկ ժամվա ընթացքում խուրջինները պատրաստ էին, իսկ մենք՝ ճանապարհին։ Читать далее

Ճամփորդի օրագիր

20170716_171700Գրական ակումբի հերթական, սպասված պարապմունքն այսօր ճամփորդական է լինելու․․․ Ճամփորդությանը նախապատարստվելու նպատակով թերթում, փորփրում եմ հին ու նոր, ծանոթ ու դեռևս անծանոթ ստեղծագործությունների էջեր, հղումեր։ Ընտրությունս կանգ է առնում իմ սիրելի արտիստի՝ Լեոնիդ Ենգիբարյանի այս տողերի վրա։

«Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ: Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր… Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես․․․»

Լեոնիդ Ենգիբարյան

Ես այսօր կրկին ճանապարհին եմ։ Արդեն հասել եմ կայարան։ Շուտով կգա իմ գնացքը։ Ես կբարձրանամ ամենամոտ վագոնը ու գնացքը իր խաղաղ սլացքով կտանի ինձ հեռունե՜ր․․․ Անսահման երկինքը կլինի իմ ուղեկիցը, ճանապարհիս ընթացքը կօրորի ինձ ու հայացքս գնացքի պատուհանից սահելով կհասնի կապո՜ւյտ-կապո՜յւտ անհատակ անհունին․․․

Ճամփորդություններն ինձ համար միշտ էլ ինքնափնտրտուքի, ճանաչողության ու նորը բացահայտելու ճանապարհներ են։ Յուրաքանչյուր ճամփորդություն՝ առաջին հերթին ճամփորդություն է դեպի ներաշխարհ, դեպի հարազատ եզերք․․․  Գուցե հենց այս բնական մղումով հետս վերցրի Նարեկացու «Մատյան» —ը․․․

Գրական ակումբի պարապմուքներն ինձ համար մի-մի առանձնահատուկ բացահայտումներ են, հասունության նոր աստիճաններ, հոգևոր աշխարհների փնտրտուքներ, իմ՝ միշտ ջերմ ու հարազատ ուսուցչի՝ տիկին Մարիետի իմաստուն ուղղորդությամբ։ Այս ընթերցողական ճամփորդությունն էլ կարծես մեր հարազատ ու ոգեղեն թափառումների ամփոփումը դարձավ։ Սիրելի մարդկանց հետ ճամփա գնալն էլ ուրի՜շ վայելք է։

Շարունակելի․․․․

 

 

 

Կրթամշակութային արշավի օրագիր

22 հունիսի․ օր առաջին

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթը Ախալքալակի Սուրբ Խաչ եկեղեցում։

Հատվածներ համերգից․

24 հունիսի օր երրորդ

<<Հայ-վրացական կամուրջներ>>

Ազգային պարերի ներկայացում Ախալքալակի հրապարակում, թիվ 3 դպրոցի մարզադահլիճում։

 

 

 

Քաղաքային թափառումներ․ նախագիծ

20170602_123226Նպատակը՝ ճանաչողական քայլք Երևանի փողոցներով, զբոսայգիներով։

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների ճամբարականներ։

Խնդիրները՝ 

  • Կրթահամալիրի մասին պատմող տեղեկատվական թերթոնների տարածում։
  • Ամառային ճամբար 2017-ի ներկայացում։
  • Նկարչական պլեների կազմակերպում։
  • Էկոլոգիական ակցիաների կազմակերպում․ շրջական տարածքի մաքրում։
  • <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագծի երգերի ներկայացում Անգլիական այգում։
  • Ճանաչողական քայլք, երթ Անգլիական այգուց,  հարակից փողոցով մինչև Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնի շենք։
  • Շենքի ուսումնասիրություն, ծանոթություն։ Թատրոնի շենքի մասին կատարած անհատական ուսումնական նախագծերի ամփոփում։

Արդյունքում՝

  • Ճանաչողական ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում։
  • Մասնակցություն ամառային նկարչական պլեներին

Ճամփորդության ծրագիր

09։30 Մեկնում քաղաքային տրանսպորտով

10։00- 11։ 00 Զբոսանք, տեղեկատվական թերթոնների բաժանումհարակից փողոցներում, այգում։

11։00-12։00 Երաժշտական և նկարչական ներկայացում-պլեներներ։

12։00-12։30 Բացօթյա ընդմիջում

12։30- 13։30 Ճանաչողական զբոսանք թատրոնի հարակից այգում, շենքի շուրջ, այցելություն թատրոնի շենք։

13։30-14։30 Խաղեր, բացօթյա ընթերցանություն, հանգիստ։

14։30- Վերադարձ

Անհրաժեշտ է ունենալ

  • Ճամփորդական թեթև խուրջիններ / գլխարկ, ակնոց, թեթև մարզակոշիկներ/
  • Բրդուճներ, ջուր, թաց և չոր անձեռոցիկներ
  • Նկարչական թղթեր, վրձիններ, գուաշ կամ ջրաներկ
  • Թվային անհատական միջոցներ՝ ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Ձեռնոցներ, աղբի համար նախատեսված պոլիէթիլենի տոպրակ

Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ուրբաթ օրը՝ ապրիլի 28-ին, չորրորդ դասարանցիները այցելեցին Կոմիտասի-թանգարան-ինստիտուտ՝ <<Հնչյուն և լռություն․ երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում>> ազգային հնագույն նվագարանների ցուցադրությունը դիտելու։ Տպավորիչ ցուցադրություն էր, որն ուղեկցվեց նվագարանների ստեղծման պատմությունը ներկայացնող գրավիչ վարպետության դասով։ Դասը վարում էր ցուցադրության համադրող՝ երաժշտագետ Թալին Խաչատուրյանը։ Կարծում եմ, բոլորս վերադարձանք նոր տպավորություններով ու հաճելի զգացողություններով հարստացած։ Այցելության տպավորությունները կարդացեք սովորողների բլոգներում։

Իռեն Կարապետյան

Աստղիկ Հակոբյան

Ռուզաննա Բաբաջանյան

Տիգրան Մարջանյան

Եվա Սահրադյան

Էդուարդ Սարգսյան

Լուիզա Եղիազարյան

 

Չարենցով` Չարենցի քաղաքում

Ճամփորդական նախագիծ

Մասնակիցներ` 5-րդ դասարանի սովորողներ

06- 07 ապրիլի

<<Կարդում և նվիրում ենք Չարենց>>- նախագծի ամփոփումը Չարենցի տուն թանգարանում: 

  • Նախապատրաստություն-չարենցյան ընթերցումքննարկումների կազմակերպում հարակից այգում
  • Այցելություն տուն-թանգարան
  • Թանգարանային շրջայց, ծանոթություն
  • Չարենցյան ընթերցումներ թանգարանի սրահում
  • Քաղաքային թափառում`Չարենցով Չարենցի քաղաքում

Արդյունքում`

Ռադիոնյութերի, տեսանյութերի միջոցով օրվա ներկայացում:

Ագարակում

Կարդա’ Եվա Մխիթարյանի լբոգում

Մեր դպրոցի ագարակը նոր է կառուցվել, և բոլորիս հետաքրքիր է, թե ինչպիսին է այն: Այդ պատճառով մենք որոշեցինք այցելել ագարակ և տեսնել մեր նոր ձիերին:  Երբ ներս մտանք, բոլորս շատ զարմացած էինք, քանի որ այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Ագարակում հինգ ձի կար՝ սև և շականակագույն: Մենք ձիերին կերակրեցինք: Նրանք բոլորը անուններ ունեին: Ինձ բոլորից շատ դուր է եկել Բոմը:  Նա բոլորից տարբերվում էր, քանի որ ուներ խելացի աչքեր և գեղեցիկ, հարթ մազեր: Բացի ձիերից ագարակում նաև շներ կային: Երբ մենք մոտենում էինք, նրանք սկսում էին հաչել: Մենք նոր բաներ իմացանք ձիերի մասին: Ընկեր Արմինեն մեզ ասաց, որ չի կարելի կանգնել ձիերի ետևում և բարկացնել նրանց, որովհետև ձիերը կարող են սմբակներով հարվածել մեզ: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Ես շատ ուրախ եմ, որ մեր դպրոցում այսպիսի Ագարակ կա։