Սարոյանը հայրենիքում չէր ծնվել։ Նրա հայրը՝ Արմենակը, հարկադրական թողել էր Արևմտյան Հայաստանում գտնվող իր հայրենի Բիթլիս քաղաքը և հասել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքը։ Այդտեղ էլ ծնվել էր նրա կրտսեր որդին՝ Վիլյամը։ Չորս տարի անց մահացավ հայրը՝ որբ ու անխնամ թողնելով իր բազմանդամ ընտանիքը։
Վիլյամը երկար չսովորեց դպրոցում․ ընտանիքի հոգսը ստիպեց նրան թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, իսկ հետո դարձավ հեռագրատան ցրիչ։
Վիլյամն անհագ հետաքրքրություն ուներ գրքերի նկատմամբ․ կարդում էր, անվերջ կարդում։ Իսկ երբ պատանի դարձավ, սկսեց փոքրիկ պատմվածքներ գրել։ Սկզբում չէին տպագրվում, բայց նա չէր հուսահատվում, նորերն էր գրում։ Եվ ահա 1934 թվականի մի օր նա արթնանում է նշանավոր դարձած։ Լույս էր տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն, անմիջապես սպառվել, և թերթերն ազդարարել էին, որ ծնվել է մի նոր մեծ գրող՝ Վիլյամ Սարոյան։ Նրան դասել էին ամերիկյան ամենանշանավոր գրողների շարքը։
Զուր չէ, որ Սարոյանին համարում են աշխարհի ամենաբարի գրողներից մեկը՝ բարի հսկան։ Զարմանալիորեն շռայլ է Սարոյանը, ու միշտ թվում է, թե հայկական հեքիաթներից ելած բարի հսկայի նման աշխարհի ճանապարհներին կանգնել, սեր, կարեկցանք, գութ ու խիղճ է բաժանում մարդկանց։
Սարոյանի ստեղծագործությունները լի են սիրով ու բարությամբ, անհուն խղճով ու կարեկցանքով։ Նրա ստեղծագործություններում շատ են մանուկ հերոսները։ Նա երեխաների մեջ տեսնում էր մարդկային լավագույն գծերը՝ անմեղություն, ազնվություն, բարություն, կարեկցանք։ Ինքն էլ իր բնավորությամբ, իր էությամբ, ամեն ինչով զարմանալու և հիանալու հատկությամբ մի մեծ մանուկ էր և միևնույն ժամանակ շատ զարգացած մարդ․․․
Ըստ Վահագն Դավթյանի <<Բարի հսկան>> գրքի