Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում.

— Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է. Շարունակել կարդալ

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։ Շարունակել կարդալ

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Գլուխ տասնմեկերորդ.

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։ Շարունակել կարդալ

ՀՈՄԵՐ

Գլուխ երկրորդ.

Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։

Շարունակել կարդալ

ՅՈՒԼԻՍԻՍ

Գլուխ առաջին․ 

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։ Շարունակել կարդալ

«Սրամիտ երիտասարդը»

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է. Շարունակել կարդալ

,,Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը,,

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։ Շարունակել կարդալ

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր: