Արծիվը

Առակի հեղինակ՝ Լեոնարդո Դա Վինչի

Գլուխը բնից հանելով, արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչունների, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.

– Մայրի՛կ, այս ի՞նչ թռչուններ են, – հարցրեց նա…

– Մեր ընկերներն են, – պատասխանեց մայր արծիվը որդուն: – Արծիվը միայնակ է ապրում: Այդպիսին է նրա ճակատագիրը, բայց նա նույնպես շրջապատի կարիք ունի: Այլապես նա ինչպե՞ս թռչունների թագավոր կհամարվի: Բոլորը, ում տեսնում ես ներքևում՝ մեր հավատարիմ ընկերներն են:

Բավարարված մոր բացատրություններով, արծվիկը շարունակում էր հետաքրքրությամբ հետևել թռչունների ճախրանքին՝ համարելով նրանց իր հավատարիմ ընկերները: Հանկարծ արծվիկը կանչեց․

– Վա՜յ , վա՜յ , նրանք գողացան մեր կերակուրը:

– Հանգստացի՛ր, որդի՛ս, նրանք մեզնից ոչինչ էլ չեն գողացել: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Մեկընդմիշտ հիշի՛ր այն, ինչ կասեմ քեզ:

Որքան էլ արծիվը սոված լինի, նա անպայման իր որսով պետք է կիսվի իրեն շրջապատող թռչունների հետ: Այս բարձրության վրա նրանք ուժ չունեն ինքնուրույն սնունդ հայթայթելու համար և նրանց պետք է օգնել:

Բոլոր նրանք, ովքեր ուզում են հավատարիմ ընկերներ ունենալ, պիտի լինեն բարի և համբերատար՝ ուշադրություն դարձնելով այլոց կարիքներին: Պատիվ և հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ՝ մեծահոգությամբ, կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:

By Արմինե Աբրահամյան Posted in Առակ

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը՝ լեզուն

Մի օր Քսանթոսը, ցանկանալով ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների, Եզոպոսին կարգադրեց, որ գնա, աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:
-­ Շատ լավ, տե՛ր,- ասաց Եզոպոսը և գնաց:
Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առջև մի աման լեզու էր
դրած:

-Ի՞նչ է սա,- հարցրեց Քսանթոսը զարմացած:
-­ Լեզու, տե՛ր իմ:
-­ Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմա՛ր,- գոռաց Քսանթոսը:

-Ասացե՛ք, տե՛ր իմ,- պատասխանեց Եզոպոսը,- ի՞նչ կա աշխարհում
ավելի լավ, քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը,
ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին:
Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց
լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը
կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:
Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը հավանություն
տվեցին Եզոպոսի բացատրությանը:
Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա՛ շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բա՛նը
բեր մեզ համար:
Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:
-­ Հանդարտվե՛ք, տե՛ր իմ,- ասաց Եզոպոսը,- ի՞նչ կա աշխարհում
ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում բոլոր պետությունները, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց
և դրանով են վերջապես թագավորներն արձակում իրենց անարդար
հրամանները: Լեզուն, տե՛ր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ
բանն է, նայած թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած թե ով է
լեզվի տերը:
-­ Դու հաղթեցիր, Եզոպո՛ս,- ասաց Քսանթոսը՝ զայրույթը զսպելով։

By Արմինե Աբրահամյան Posted in Առակ

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ

Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։

Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Առաջադրանքներ

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծաված բառերի արևելահայերեն տարբերակները և դիտարկի՛ր դրանց գրությունը։

Առակից դո՛ւրս գրիր բառեր, որնք վերջում յ հնչյունը գրում ենք, բայց չենք կարդում։

Տրված նախադասությունը փոխադրի՛ր արևմտահայերեն։

Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։

—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։

—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։

—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։

Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։

Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։

—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.

—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։

Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։

Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։

Առիւծը կը գոչէ.

—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն այսպիսի ծեծ կը վայելէ։

Առաջադրանքներ

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծաված բառերի արևելահայերեն տարբերակները և դիտարկի՛ր դրանց գրությունը։

Առակից դո՛ւրս գրիր բառեր, որնք վերջում յ հնչյունը գրում ենք, բայց չենք կարդում։

Տրված նախադասությունը փոխադրի՛ր արևմտահայերեն։

Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։

Հայ ժողովրդական առակներ

Կաղնու ծառն ու դդումը

Կաղնու ծառի տակ դդումի կորիզ է ընկնում ու ծիլ տալիս։ Որոշ ժամանակ անց դդումի թուփն էնքան արագ է աճում, որ փաթաթվելով ծառին, հասնում է կատարին ու դիմում նրան․

-Քանի՞ տարում ես էսքան բոյ քաշել։

-Երեք հարյուր տարում,-պատասխանում է կաղնին։

-Իսկ ես երեք ամսում հասա քեզ, շուտով մի բան էլ կանցնեմ։

-Դո՛ւ, որ հույսդ փոխանակ քեզ վրա դնեիր, ինձ փաթաթվելով՝ հասար իմ բոյին, ասա՝ էդ ո՞նց ես հաղթահարելու ձմռան դժվարությունները․․․։

-Կապրենք, կտեսնենք,- արհամարհելով վրա է բերում դդումը։

Աշնան վերջին, երբ սկսվում են ցրտերը, արևի և ջերմության սովոր դդումը սրթսրթալով ցրտից կուչ է գալիս ու ծառի ծերից թրմփալով ցած ընկնում։ Կաղնու ծառն իր բարձունիքց նայում է կիսված դդումին և ․․․ի՜նչ տեսնի․ հսկա դդումը երկու կես է եղել, իսկ մեջը՝ փուչ-դատարկություն է։

Հալածված թագավորը

Մեկը հարցնում է հալածված թագավորին․

-Ինչպե՞ս եղավ, որ քեզ քո թագավորությունից արտաքսեցին։

-Որովհետև բարձր պաշտոններն ու պատասխանատու գործերը փոքր ու անարժան մարդկանց էի վստահում, իսկ մանր-մունր գործերը՝ երևելի ու խելոք մարդկանց։

Ռանչպարի աչքով նայիր

Թագավորը մի վարպետ է կանչում ու պատվիրում․

-Պալատիս լուսամուտները փոխի՛ր ու էնպես արա՝ որ կողմը նայեմ, կանաչ-կարմիր երևա, աշխարհքս ամեն կողմից ու ամեն պահի փայլատկին տա։

Սարկավագ իմաստունը միջամտում է ու ասում․

-Թագավո՛րն ապրած կենա, դու աշխարհքին էդ լուսամուտով մի՛ նայիր, դու աշխարհքին հրե՜ն․․․ էն մաճը ձեռքին մարդու աչքերով նայիր։

Նմաններն իրենց գերեզմանի փոսն են փորում

Մարդկանց մի խումբ գնում է Իշխանի մոտ, խնդրում, հորդորում, որ կանչի իրենց կառավարչին, հասկացնի, խրատ տա, որ ժողովրդի հետ լավ վարվի։

Իշխանը լսում է նրանց ու հարցնում․

-Իսկ ի՞նչն է նման պահվածքի պատճառը։

-Առաջ նա շատ աղքատ էր, բայց պաշտոն ստանալուց հետո հիմա էնքան է հարստացել ու հոռացել, որ ունեցվածքից հարբել է ու ոչ մեկին մարդու տեղ չի դնում, բոլորին կոպտում և արհամարհում է,- պատասխանում են պատգամավորները։

Իշխանը գլուխը տարուբերում է ու ասում․

-Ունեցվածքից հարբածին ձեռք մի՛ տվեք․ էդպես երկար չի կարող գնալ․ նա ինքն իր ձեռքվ է իր գերեզմանի փոսը փորում․․․։

Երբ կաթին ջուր են խառնում

Պառավ մի կին իր այծերից կթած կաթի մեջ ամեն անգամ ջուր էր խառնում և ծախում։ Մի անձրևառատ օր էլ այծերն արածեցնող նրա թոռը տուն է գալիս առանց այծերի։

-Այծերն ո՞ւր են, բալե՛ս,-հարցնում է տատը։

-Նանի, այծերն արածեցնում էի, մեկ էլ ի՜նչ տեսնեմ․ էն ջրերը, որ ամեն անգամ կաթին էիր խառնում, բոլորն էկան, էկան, հավաքվեցին ու երկնքից, սարերից էնպես թափվեցին, որ ինչքան այծեր ունեինք, բոլորին իրենց մեջն առան ու քշեցին տարան․․․։

Չկա գիշեր, որ չլուսանա

Կեսգիշերին թոռը ձայն է տալիս․

-Պապի՛, գիշերն էս ինչի՞ երկարեց;

-Չի՛ երկարել, քնի՛ր, բալես։

-Լուսնյակ չկա, աստղ չկա, չորս կողմը մութ է, պապի՛։

-Քնի՛ր, տղա՛ ջան, հանգի՛ստ քնիր։ Չկա գիշեր, որ չլուսանա։

Վ․ Սարոյան․ Առակներ

Կարդում է՝ Հասմիկ Վարդանյանը․ <<Երկու արաբների պատմությունը>>

<<Սրամիտ երիտասրադը>>

Կարդում են՝ Իռեն Կարապետյանը և Աստղիկ Հակոբյանը

Կարդում է՝ Արև Սուքիասյանը

<<Վիրավոր առյուծն ու կրիան>>

Կարդում է՝ Հրանտ Հոկոբյանը

<<Այն մասին, թե ինչպես մի Օդեսացի փորձեց խաբել մի Բիթլիսցի տղայի, բայց ընկավ դժվար դրության մեջ>>

https://soundcloud.com/user-852819996/ul0mhbsstqsp

Առակի ռադիովերլուծություն

Ներկայացնում է՝ Ռուբեն Ստեփանյանը

Կարդում է՝ Անժելինա Սիմոնյանը․ <<Թագավորի ու կույրի պատմությունը>>

Կարդում է՝ Արտյոմ Գրիգորյանը

<<Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց>>

Մի կաթ մեղրը պատերազմի պատճառ

Վարդան Այգեկցի

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց:

Այդ գյուղին դրանից մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ մի կաթիլ մեղրի համար:

By Արմինե Աբրահամյան Posted in Առակ

Առականի․ անհատական ընթերցումներ

Առյուծը, արջն ու աղվեսը

Կարդում է Միլենա Հարությունյանը․ 5․1 դասարան

Արջի ընթերցասիրությունը

Կարդում է՝ Արև Սուքիասյանը․ 4․1 դասարան

Իմաստուն զինվորը

Կարդում է Էրիկա Սարգսյանը․ 5․1 դասարան

 

Տիգրան Մարջանյան․ 4․2 դասարան

Պատերազմ մի կաթիլ մեղրի պատճառով

By Արմինե Աբրահամյան Posted in Առակ