Աշխարհի հին և ժամանակակից շրջիկ գրադարանները

Առաջին շրջիկ գրադարանը ստեղծվել է Անգլիայում 1859 թվին: Դա գրքեր տեղափոխող ձիասայլ էր: Քաղաքներերում մարդիկ օգտվում էին գրադարաններից, իսկ 20-րդ դարի սկզբին ավտոմոբիլային շինության բումը հիմք դրեց «շարժիչով գրադարանների» ստեղծմանը: Հեռավոր շրջաններում գրադարանն անհասանելի էր: Մարդիկ մեքենաներով ճանապարհ հարթեցին դեպի երկրի խուլ ծայրամասերը, որտեղ հետագայում նրանց հետքերով առաջացան գրադարանների մասնաճյուղեր: ԱՄՆ-ում առաջին շրջիկ գրադարանները  ստեղծվել են 1905 թվին Մերիլենդ նահանգում: Շարունակել կարդալ

Կոբո Աբե ․ Կարմիր բոժոժ

Այն օրերին ես ծայրահեղ կարիքի մեջ էի ապրում: Չնայած դրան` համարյա չէի զգում ողբալի վիճակս: Աղքատությունը նույնքան բնականորեն էր սերտաճել ինձ, որքան սեփական կաշիս:
Թերևս աղքատությունն ինձ ծառայում էր որպես մանվածք, որից ես գործում էի իմ վիպակներն ու պատմվածքները: Առանձնապես` այս «Կարմիր բոժոժը», որն ասես իմ մի մասնիկը լիներ: Ըստ երևույթին, գործ ստեղծելու համար գրողը միշտ ստիպված է լինում իրենից ինչ-որ մաս պոկել, որպեսզի արարի:
Օրը թեքվում է: Գալիս է ժամը, երբ յուրաքանչյուր ոք շտապում է դեպի իր բույնը, սակայն ես շտապելու տեղ չունեմ, ես տու՛ն չունեմ: Անշտապ քայլում եմ շարք կազմած տների գոյացած նեղլիկ միջանցքով` հարյուրերորդ, հազարերորդ անգամ տարակուսելով, թե ինչո՞ւ փողոցի երկու կողմերից սերտ պատնեշ կազմած տների այս բյուրավոր բազմության մեջ չկա մեկը, որը ես կարողանայի իմը համարել:
Կանգ առա հեռագրասյան մոտ, բավարարեցի պետքս. Գետնին պարանի կտոր էր գցած, և ես հանկարծ կախվել ուզեցի, «Հանգստանանք, եղբայրս, քնենք»,- կարծես ասում էր պարանը և այդ ընթացքում` խեթ նայում վզիս: Իրոք որ, ինքս էլ դեմ չեմ քնելուն, սակայն որտե՞ ղ: Եվ հետո բոլորովին էլ եղբայր չեմ այս պարանին, իսկ ամենակարևորը` սկզբում հարկավոր է, այնուամենայնիվ, գտնել քիչ թե շատ տրամաբանված պատասխան այն հարցին, թե ինչու՞ ես տուն չունեմ:
Յուրաքանչյուր օր ավարտվում է գիշերով: Գիշերով մարդիկ պառկում են քնելու: Քնելու համար օթևան է հարկավոր: Ուստի ինչ-որ տեղ էլ ինձ համար պետք է ծածկ լինի, այնպես չէ՞ :
Անսպասելիորեն կռանում եմ` իսկ ի՞ նչ, եթե մտքերիս շարանի մեջ մի ինչ-որ էական սխալ է աննկատ խցկվել: Բանը այն չէ, որ ես տուն չունեմ: Գուցե պարզապես մոռացել եմ, թե որտեղ է այն… Դե ինչ, շատ հավանական է: Այ, ասենք, հենց այստեղ… Դանդաղեցնում եմ քայլերս հերթական տան մոտ: Հասկանալի է` չկան որևիցե հատուկ նշաններ, որոնք կարողանան հուշել, թե հենց սա է, որ կա իմ տունը, սակայն, առաջինը, նման նշաններ հավասարապես չունի նաև որևէ ուրիշ տուն և, երկրորդ, այդպիսի նշանների բացակայությունն ինքնին հակառակը չի ավելացնում…
Բախտս բերեց, կիսաբաց պատուհանից փողոցին է նայում կանացի մի բարեհամբույր դեմք: Կինը ժպտում է: Հույսի զեփյուռը դիպչում է ինձ, թափանցում մինչև սիրտս, նրա քնքուշ գգվանքից սիրտս հալվում է. Թրթռում է, ինչպես քամու դեմ պարզած դրոշ… Ես էլ ժպտացի և խոնարհվեցի, որպես իսկական ջենտլմեն:
-Ներող եղեք, սա իմ տունն է, այո՞ :
Կնոջ դեմքը հանկարծակի սառչում է:
՞ նչ… Դուք ո՞ վ եք:
Ուզում եմ պատասխանել, սակայն անսպասելիորեն շփոթվում եմ: Դե ինչպե՞ս բացատրեմ նրան, որ իմ լինելու խնդիրը տվյալ պարագայում ոչ մի նշանակություն չունի:
-Ինչևէ,-փոքր-ինչ գրգռված ասում եմ ես,- եթե ըստ ձեզ սա իմ տունը չէ` բարի եղեք ինչ-որ կերպ ապացուցել այդ բանը…
-Ինչ-ի՞ նչ…-Կնոջ դեմքը վախ է արտահայտում: Դա ինձ վերջնականորեն է հանում հավասարակշռությունից:
-Ուրեմն, եթե ապացույցներ չունեք, ստացվում է, որ այս տունն ինձ է պատկանում:
-Սակայն այստեղ ես եմ ապրում:
-Հետո ի՞ նչ… Այն փաստը, որ այստեղ դուք եք ապրում, դեռ չի նշանակում, թե տունն իմը չէ, ճի՞ շտ է:
Պատասխանի փոխարեն կնոջ դեմքը քարանում է, և նա շրխկոցով փակում է պատուհանը: Միշտ այսպես է . ահա ինչ է թաքնված կանացի ժպիտի տակ… Սովորական հնարանք է, որը նրանք անպայման գործածում են` իրենց անհեթեթ տրամաբանությանը նեցուկ լինելու համար, ըստ որի` եթե իրը պատկանում է ինչ-որ մեկին, այն արդեն քոնը չէ:
Սակայն ինչու՞ … Ինչու՞ ամեն բան արդեն ինչ-որ մեկինն է և միայն այդ պատճառով իմը չէ: Մի՞ թե աշխարհում չկա ոչինչ, ինչը, լավ թող ոչ իմը, սակայն գոնե ոչ մեկինը չլինի: Երբեմն տրվում էի այն պատրանքին, թե շինհրապարակների մեծ-մեծ խողովակները իմ տունն են: Սակայն այդ խողովակները կամ որևիցէ մեկի ունեցվածքը դառնալու փուլում էին կամ, բոլորովին հաշվի չնստելով ո’չ իմ կամքի և ո’չ էլ իմ հետաքրքրությունների հետ, չքանում էին, որպեսզի դառնան ինչ-որ մեկի սեփականությունը կամ էլ վերափոխվում էին այնպիսի մի բանի, ինչը բացահայտորեն նման չէր օթևանի:
Դե, իսկ զբոսայգու նստարա՞ նը: Իհարկե, նստարանը հոյակապ է: Եթե միայն այն իսկապես իմ տունը դառնար, եթե միայն չհայտնվեր ՆԱ, իր ռետինե մահակով, որպեսզի քշի ինձ… Թվում է ինչ-ինչ, բայց զբոսայգու նստարանը բոլորիս է պատկանում և չի կարող լինել ինչ-որ մեկի սեփականությունը: Սակայն ՆԱ ասում է.
-Էյ, դու, վեր կաց: Այս նստարանը բոլորինն է, այլ ոչ մեկինը, առավել ևս` քոնը: Չքվիր այստեղից և հնարավորին չափ արագ: Իսկ եթե չես ցանկանում` ստիպված կլինեմ անցկացնել քեզ օրենքի դարպասով` ուղիղ նկուղային հարկ: Եվ հիշիր, եթե մտքովդ կանցկացնես տեղավորվել ուրիշ որևէ տեղում, բացի այդ նկուղից, հենց միայն դրանով հանցանք կատարած կլինես, կխախտես օրենքը…
Աղասֆերի առասպելը… Իմ մասին չէ՞ արդյոք այն:
Իրիկնանում է: Ես քայլում եմ ու քայլում… Տներ` անփոփոխ, ամուր, արմատներով անսասանորեն հողի մեջ մխրճված: Նրանց միջև` միջանցք-փողոցներ, բոլորը մեկի պես անդեմ, անընդհատ փոփոխվող: Փողոցներ` անձրևից փշաքաղված, ասես խոզանակներ, ձնաթափին` մեկ ավտոարահետի չափով նեղացած, քամոտ օրերին` թրթռացող, ինչպես ժապավեն: Ես քայլում եմ ու քայլում… Կախվելու իրավունքից էլ եմ զրկված, մինչև չհասկանամ, վերջապես, թե ինչու տուն չունեմ:
Ստոպ, այս ի՞ նչ է: Ո՞ վ է կառչել ոտքիցս: Եթե դա պարանն է, որպեսզի կախվեմ` մի’ շտապիր, առաջ մի’ ընկիր… Ոչ, պարանը չի, մետաքսյա կպչուն թել է: Բռնեցի երկու մատներով և քաշեցի. թելը դուրս է սողոսկում կոշիկիս պատռվածքից, անվերջ ձգվում է ու ձգվում: Տարօրինակ է… Հետաքրքրասիրությամբ համակված` ես ձգում էի թելը, և այստեղ պատահեց առավել տարօրինակ բան: Մարմինս սկսեց թեքվել մի կողմի վրա, այնպես, որ շուտով անկարող էի հավասարակշռությունս պահպանել: Ի՞նչ բան է, չլինի՞ ծռվել է երկրի առանցքը, կամ էլ, գուցե, ձգողության կենտրո՞ նն է խախտվել: Հանկարծ կոշիկս թրխկոցով ընկնում է ոտքիցս, և ես անմիջապես ամեն ինչ հասկանում եմ: Ոչ, երկրի առանցքը մնացել է իր տեղում, պարզապես ոտքս է կարճացել: Ոտքս ավելի ու ավելի է կարճանում` թելը ձգելուն համապատասխան: Ինչպես քանդվում է գործած հին բլուզի թելը մաշված արմունկից, այնպես էլ աստիճանաբար քանդվում-չքանում էր ոտքս: Այս թելն իմ ձեռքում ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ոտքս, որը կազմված է բարալիկ մանվածքաթելերից, ինչպես իտռուրի դդմի մաշկը:
Հիմա ես անկարող էի նույնիսկ մեկ քայլ անել: Շփոթված քարացա և իմ ձեռքում, նույնպես զարմանքից անշարժացած, մետաքսե պստիկ կծիկը` նախկին ոտքս, հանկարծ սկսեց ինքնիրեն շարժվել: Թելը ճարպկորեն մագլցում էր վեր ու վար, և ահա, ինքնուրույն, առանց իմ օգնության քանդվելով, պարուրեց ինձ, ինչպես օձ: Երբ ձախ ոտքս իսպառ քանդվեց-չքվեց, թելը թռավ աջ ոտքիս: Շուտով այն պարուրեց իրանս, սակայն, չդադարելով պտտվել, փորիս վրայից անցավ կրծքիս, կրծքիցս` ուսերիս և այդպես շարունակ, անդադար ու միաժամանակ պարուրելով, իսկ երբ արդեն ոչինչ չմնաց, թելն ինքը քարկապվեց ներսից: Եվ ես չքացա:
Մնաց միայն դատարկ տաք բոժոժը:
Հիմա վերջապես կարելի է քնել: Մայր մտնող արեգակը վառ կարմիր ցոլքերով ներկում էր բոժոժին: Համենայն դեպս, սա իմ տունն է, այստեղից ինձ ոչ ոք չի վտարի- սա հաստատ է: Վատ է միայն, որ երբ վերջապես կա տունը` չկամ ես, որպեսզի ապրեմ այդ տանը:
Բոժոժի ներսում ժամանակը կանգ է առել: Դրսում արդեն գիշեր է, իսկ բոժոժի մեջ դեռ ձգվում-երկարում է աղջամուղջը և թրթռում են երեկոյան կարմրավուն ցոլքերը: Դա շատ աչքի զարնող բան էր, և բոժոժը չէր կարող չհրավիրել ՆՐԱ ուշադրությունը: ՆԱ նկատեց ինձ, ինձ, որ վեր էի ածվել բոժոժի, ռելսերի և արգելափակոցի միջև: Սկզբում զայրացավ, սակայն հաջորդ, որ հազվադեպ, սրտառոց բան է գտել, և բոժոժը շատ աչքի զարնող բան էր, և բոժոժը մնաց գրպանում, հետո անցավ ՆՐԱ մանչուկին` խաղալիքների տուփի մեջ:

Պաուլո Կոելիո. Սրին տիրապետելու արվեստի մասին

«Գետի նման» գրքից

Թարգմանությունը՝ Նունե Մավսիսյանի

ատ դարեր առաջ, սամուրայների (1) ժամանակներում, Ճապոնիայում գրվել է սրին տիրապետելու արվեստի փիլիսոփայության մասին գիրք`«Գիտելիք առանց չարչարանքի» վերնագրով, որը հայտնի է նաև հեղինակի անունով`«Տախլանի տրակտատ»(2) (Տախլանը եղել է սուսերամարտի ուսուցիչ և բուդդայական տաճարի վանական): Ես այդ գրքից ինձ համար ընդգծումներ եմ արել:

Միշտ հանգստություն պահպանի
´ր

Նա, ով հասկանում է կյանքի իմաստը, գիտե` ոչ մի բան չունի ո´չ սկիզբ, ո´չ ավարտ, և այդ պատճառով երբեք չի վշտանում: Նա պայքարում է այն ամենի համար, ինչին հավատում է, ջանք չի թափում որևէ մեկին որևէ բան ապացուցելու համար, լռելյայն պահպանում է հանգստությունը բավականաչափ խիզախորեն, որպեսզի կարողանա ընտրել իր ճակատագիրը:
Սա վերաբերում է թե´ սիրուն, թե´ կռվին: Շարունակել կարդալ

«Ձևն ու հոգին» Հ.Թումանյան

hovhannes-tumanyani--n5864-1Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին և այն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիսի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն ռեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» N 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք. հայոց թատրոնը մեռնում է․․․ այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» N 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությանները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչ այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհին տվել է հանճարներ․․․»։ («Սուրհանդակ» N 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական Ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորության, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ էլ չեն մտածում թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիքական Ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիքական Ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ թատերական գրվածքին։ Նրանք հավանություն գտած պիեսին, անուն ունեցող գրողներին զլանում են ամբողջ մրցանակը տալ, կեսն են տալի, որ կարծեմ 150 ռուբլի է։ Կավելացնեմ, որ Շիրվանզադեի, Ահարոնյանի և մյուսների պիեսները խաղում եք շարունակ ու իրենց, դրամատուրգներին թողնում զուրկ, բողոքավոր։ Կավելացնեմ վերջապես, որ հայոց թատրոնը, այսինքն թատերական գրականությանը խրախուսելու համար տրված գումարը ծախսել եք, կարծելով թե դուք եք թատրոնը և էդ թատրոնն է, որ հյութ է տալի գրականությանը, ոչ թե գրականությունը, որ հյութ է տալի թատրոնին։

Էդպես էլ դերասանների վերաբերությամբ։ Տաղանդավոր, ջահել մարդիկ են երևում, տարիներով քաշ են գալի էդ կիսամեռ բեմի կուլիսներում, մաշվում, փչանամ, և դեռ մինչև էսօր հոգ չի տարված նրանցից մեկն ու մեկի վրա։ Բայց ի՞նչ եմ ասում, չեք էլ մտածել, որ նրանցից շատ շատերը մինչև անգամ կարգին հայերեն չգիտեն ու մինչև օրս էլ սրվակին սրիկա են ասում։

Թատրոնն էս է, պարոննե՛ր, իսկ դուք պատերին եք նայում։ Եվ ձեր էս սխալը ծանրանում է ավելի ևս, որ դուք ձեր խնամած էդ հիմնարկությունն անվանում եք հայոց թատրոն, մինչդեռ դա միայն Թիֆլիսի, էն էլ Թիֆլիսի մի փոքրիկ մասի թատրոնն է, իսկ հայոց թատրոնն էն կենդան թատրոնն է, որին դուք լավ չեք վերաբերվում։

Աղբյուրը՝  Վիքիդարան